02:08  ,  7 հունիսի, 2014

Յուրա Մովսիսյան. Այնպես չէ, որ այս մի խաղով բոլորս դարձանք ամենավատ ֆուտբոլիստները

Սխալներ եղան, բայց լուրջ թիմի դեմ էինք, սովորական ֆուտբոլիստներ չէին, աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլիստներից են, ընկերական խաղում Գերմանիային 1:6 հաշվով պարտվելուց հետո Մայնցում ասել է Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:

«60-65 րոպե դիմադրեցինք, հետո հոգնածություն կար, իսկ մրցակիցը փոփոխություններ կատարեց եւ թարմ ուժերով հաղթեց: Մեզ մոտ հոգնածություն էր: Այսպիսի խաղով դժվար կլինի Եվրոպայի ընտրական մրցաշարում: Բայց 60-65 րոպե նորմալ պայքարեցինք այսպիսի ուժեղ թիմի դեմ: Սխալներ թույլ տվեցինք, բայց դե: Սա շատ մեծ ու կարեւոր փորձ էր մեր թիմի համար: Լավ էր, որ սա ընկերական էր:

Շալանդի հետ թիմ նոր մենթալիտետ է մտել, ագրեսիվություն, խաղաոճը գրեթե նույնն է, ինչ Մինասյանի ժամանակ: Եկեք այս մի խաղով չնայենք: Այնպես չէ, որ այս մի խաղով բոլորս դարձանք ամենավատ ֆուտբոլիստները, կամ սկսեն բոլորը քննադատել: Ճիշտ է՝ սխալներ եղան, բայց լուրջ թիմի դեմ էինք, սովորական ֆուտբոլիստներ չէին, աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլիստներից են: Ֆուտբոլ է, դժվարություններ լինում են, պետք է շարունակենք:

Աշխարհի առաջնության ժամանակ կլինեմ Լոս Անջելեսում: Ալժիրի հավաքականը լավ թիմ է, բայց Ռուսաստանը եւս լավն է: Շատ հետաքրքիր խաղ կլինի նրանց միջեւ աշխարհի առաջնությունում: Հույս ունեմ, որ Ռուսաստանը կհաղթի: Իհարկե, Գերմանիայի հավաքականը շատ ավելի ուժեղ է Ալժիրից:

Անձամբ չգիտեմ Մուրատ Յակինին: Նա նա լավ մարզիչ է: Ես ուրախ կլինեմ, եթե «Սպարտակի» ղեկավարները որոշեն նրա հետ պայմանագիր կնքել:

Աշխարհի առաջնությունում այսօրվա խաղից հետո հույս ունեմ, որ չեմպիոն կդառնա Գերմանիայի հավաքականը: Նրանք աշխարհի լավագույն թիմերից մեկն ունեն»,- ասել է Յուրա Մովսիսյանը:

Վերա Մարտիրոսյան (Գերմանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով