10:19  ,  28 ապրիլի, 2014

Սուրեն Բարսեղյան. Ֆուտբոլից հասկացող մարդիկ Խաշմանյանին հիմա չէին հեռացնի

Միայն հայկական ֆուտբոլում է հնարավոր առաջին տեղում ընթացող, չեմպիոն դառնալու պոտենցիալ հնարավորություն ունեցող թիմի մարզիչին հանեն: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Արարատի» եւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24 տուրից հետո «Արարատը» 43 միավորով զբաղեցնում է առաջին տեղը: Երկրորդ տեղում ընթացող «Բանանցն» ունի 41 միավոր: «Միկան» 40 միավորով երրորդն է:  Ապրիլի 26-ին «Արարատը» 0:2 հաշվով պարտվեց «Միկային», ինչից հետո ակումբի ղեկավարությունը որոշեց հեռացնել պաշտոնից Աբրահամ Խաշմանյանին:

«Ինչ էլ եղած լինի, ողջամիտ, ֆուտբոլից հասկացող մարդիկ այսպիսի քայլի չեն դիմի: Մի քանի տուր է մնացել: Գոնե պետք էր համբերել:

Նույն իրավիճակը մի քանի տարի առաջ Մադրիդի «Ռեալում» էր, երբ այնտեղ աշխատում էր Ֆաբիո Կապելոն: Երկրի թագավորը համակրում է այդ թիմին: Նույնիսկ նա էր ասել, թե երբ են հանելու խորամանկ Կապելոյին: Բայց նրան պահեցին: Սպասեցին, որ ավարտվի մրցաշրջանը: Թիմը դարձավ չեմպիոն, եւ նոր միայն նրան հեռացրին: Իսկ այս պարագայում մարդկանց չի հետաքրքրել ֆուտբոլային գործունեւոթյունը, զուտ անձնական նկատառումներով են ղեկավարվում:

Ես ինքս թիմի հովանավորների հետ չեմ շփվել եւ չգիտեմ նրանց ֆուտբոլային փիլիսոփայությունը, բայց ինչ էլ որ եղած լինի, նրանք պետք է համբերեին: Սա պարադոքս է: Թիմը հնարավորություն ունի դառնալ չեմպիոն, բայց մնում է առանց մարզիչի:

Ես «Արարատից» հեռացվեցի նույն պատմության պատճառով: «Փյունիկին» պարտվեցինք եւ իմ ծառայություններից հրաժարվեցին: Ղեկավարները այստեղ չէին, շփվում էի միջնորդների օգնությամբ, ովքեր դիլետանտներ էին: Բարդ է, երբ ղեկավարը դրսից է ղեկավարում ակումբը»,- ասաց Սուրեն Բարսեղյանը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով