09:18  ,  28 ապրիլի, 2014

Աբրահամ Խաշմանյան. «Արարատի» ղեկավարությունը հազարավոր կիլոմետրերով հեռու է ֆուտբոլից

Հայկական ակումբային ֆուտբոլում ինձ ոչինչ չի զարմացնում: Եթե այս ամենի մեջ տրամաբանություն լիներ, ես այժմ չէի ծիծաղի: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24 տուրից հետո «Արարատը» 43 միավորով զբաղեցնում է առաջին տեղը: Երկրորդ տեղում ընթացող «Բանանցն» ունի 41 միավոր: «Միկան» 40 միավորով երրորդն է:  Ապրիլի 26-ին «Արարատը» 0:2 հաշվով պարտվեց «Միկային», ինչից հետո ակումբի ղեկավարությունը որոշեց հեռացնել պաշտոնից Աբրահամ Խաշմանյանին:

«Իմ պաշտոնանկությունը պետք է մեկնաբանեմ ոչ թե ես, այլ թիմի ղեկավարությունը: Զուգադիպություն է երեւի, բայց երբ ես հեռացել եմ գլխավոր մարչի պաշտոնից իմ գլխավորած թիմերը միշտ գտնվել են առաջին եռյակում: Հայկական ակումբային ֆուտբոլում ինձ ոչինչ չի զարմացնում: Եթե այս ամենի մեջ տրամաբանություն լիներ, ես այժմ չէի ծիծաղի: Նրանց պետք չէ ինձ նման մարզիչ: Պետք է այնպիսի մարդ, ով կանի իրենց բոլոր ասածները, թիմը կլինի միշտ վերջին տեղում: Կամ գուցե նրանք արդեն վստահ են, որ եվրագավաթներում են: Բոլորը գիտեն, թե ինչ վիճակով ես ընդունեցի «Արարատը»: Այնտեղ թիմ չկար, քաոս էր: Ես ձգտում էի պրոֆեսիոնալ մարդկանց բերել այնտեղ:  Ինձ համար «Արարատը» հոգեհարազատ թիմ է: Երբ ես խաղում էի «Արարատում», նրանք դեռ չգիտեին՝  ինչ է «Արարատը», կամ որ այն իրենցն է լինելու: Այստեղ նաեւ իմ հեղինակության հարցն էր: Կարեւորը՝ հաջողվեց ապացուցել, որ ոչինչից կարելի է ամեն ինչ ստեղծել: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց «Արարատի» հեղինակությունը բարելավել: Շնորհակալ եմ իմ ֆուտբոլիստներին, մարզիչներին եւ թիմի երկրպագուներին: Ես նրանց համար եմ աշխատել:

Թիմի ղեկավարների հետ հանդիպել եմ երկու անգամ: Մեկ անգամ Շվեյցարիայում հանդիպեցի  Վարդան Սրմաքեշի հետ: Զրույցը լավ ստացվեց, բայց այնտեղ նա այլ բան ասաց, այստեղ՝ այլ: Երկու անգամ հանդիպել եմ Հրաչ Կապրիելյանի հետ, բայց հանդիպումը արդյունք չտվեց: Ես խոսում էի ֆուտբոլից, իսկ նա՝ այլ բաներից: Հասկացա, որ նրանց հետ հանդիպելն անիմաստ է: Նրանք հազարավոր կիլոմետրերով հեռու են ֆուտբոլից:

«Արարատի» ձմեռային վերջին մարզական հավաքը թյուրիմացություն էր: Ես այլ տեղ էի պլանավորել, լրիվ այլ տեղ մեկնեցինք՝ Բուլղարիա, ցուրտ եղանակ: Ինչ վերաբերում է տրանսֆերներին: Մեր լեգեոներները մեզ միացել են վերջին հավաքից հետո: Այսինքն, մրցաշրջանից մի քանի օր առաջ: Նրանց հետ պետք է ծանոթանային մարզումների ժամանակ: Հինգ լեգիոներին իրար միացնեինք՝ հազիվ մեկ ֆուտբոլիստ լիներ: Եթե լեգիոները ստանում է 700 դոլար, ինչ լեգիոներ է դա: Այդ ամենը ձեւականություն էր:

Այստեղ կային նաեւ ֆինանսական հարցեր: Նրանք ինձ եւ ֆուտբոլիստներին խոստացել էին պարգեւատրել առաջին տեղ գրավելու դեպքում: Իսկ պարգեւատրումները ընդհանրապես հանվել էին: Միայն չեմպիոն դառնալու դեպքում մենք պարգեւատրում կստանայինք:

Դա ազդեց նաեւ ֆուտբոլիստների խաղի վրա: Կան արտաքին գործոններ, որոնք ազդում են նրանց վրա: Այս թիմը արեց իր ուժերի առավելագույնը: Մեր տղաների մեծ մասի տարիքը 30-ից բարձր է: Մյուս թիմերը ավելի երիտասարդ են ու արագաշարժ: Բայց մենք հաղթում էինք մարտավարության շնորհիվ»:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով