00:11  ,  26 ապրիլի, 2014

Դավիթ Մանոյան. Հուսամ՝ սեպտեմբերին լիովին պատրաստ կլինեմ

Տեւական բուժումից հետո Երեւան է վերադարձել է Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, որի հետ զրուցել է NEWS.am Sport-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ Դավիթ Մանոյանը վիրահատվել է 2013թ. դեկտեմբերին ԱՄՆ-ում:

«Երեք շաբաթ առաջ, երբ լրացավ վիրահատությանս չորս ամիսը, Մյունխենում բուժզննում անցա: Բժիշկներն ասացին, որ ծունկս լավ վիճակում է, եւ կռճիկս աճել է: Պետք է այն ավելի ամրանա: Վերջին երեք շաբաթները Գերմանիայում հատուկ մարզումներ էի անում: Երեք օրը մեկ ներարկումներ էի ծնկիս մեջ ստանում, որանք նպաստում էին կռճիկի ամրացմանը:

Այժմ եկել եմ Երեւան: Պետք է շարունակեմ մարզումներս: Մարզվելու եմ Ֆուտբոլի ակադեմիայում: Աստիճանաբար պետք է ավելացնեմ ծանրաբեռնվածությունը: Մինչեւ վազել սկսելը պետք է բոլոր մկաններս վերականգնված լինեն, որպեսզի ծնկիս վրա ավելորդ  ծանրաբեռնվածություն չլինի:

Հունիսի 2-ին կմեկնեմ Գերմանիա՝ վերջնական բուժզննում անցնելու: Այդ ժամանակ պարզ կդառնա, թե երբ կկարողանամ վազել եւ մարզվել թիմի հետ: Մյունխենից հետո պետք է մեկնեմ ԱՄՆ, որտեղ ինձ վիրահատած բժիշկի հսկողության տակ պետք է հատուկ ներարկումներ ստանամ, որոնք կարեւոր են մինչեւ վազել սկսելը:

Մյունխենի բժիշկս ասաց, որ ապաքինումս արագ է ընթանում եւ  հնարավոր է՝ սպասվածից մի քանի շաբաթ շուտ կարողանամ մարզվել: Դա պարզ կդառնա, երբ վերադառնամ Գերմանիա: Մեծ հույսեր ունեմ, որ մինչեւ սեպտեմբեր՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլը լիովին պատրաստ կլինեմ»,- ասաց Դավիթ Մանոյանը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով