Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը չորրորդ տեղը գրավեց Թել Ավիվում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում:
3 տարվա ընդմիջումից հետո 25-ամյա Մարտիրոսյանը վերադարձավ ասպարեզ եւ 2 վարժություններում կատարեց մեկական ճիշտ մոտեցում: Պոկում վարժությունում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը 157 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ, սակայն հրում վարժությունում 185 կգ-ով ցուցադրեց չորրորդ արդյունքը եւ, երկամարտում հավաքելով 342 կգ, հայտնվեց չորրորդ տեղում:
Երկամարտի 349 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ ալբանացի Էրկան Քերիմայը, ով իր հայրենակից Դանիել Գոնդելիին գերազանցեց միայն անձնական քաշի շնորհիվ: Ռուսաստանը ներկայացնող Ռազմիկ Հունանյանը դարձավ բրոնզե մեդալակիր՝ 344 կգ (152+192):
Այս քաշային կարգի B խմբում հանդես եկավ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը, ով երկամարտի 322 կգ (147+175) արդյունքով գրավեց 10-րդ տեղը:
Ավելի վաղ Հայաստանը Թել Ավիվում նվաճել էր 2 մեդալ: Մրցումների առաջին օրը 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն արժանացել էր բրոնզե մեդալի, իսկ 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանն ապրիլի 7-ին դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն:
Եվրոպայի առաջնություն, Թել Ավիվ
Տղամարդիկ, 77 կգ
1. Էրկան Քերիմայ (Ալբանիա) - 349 կգ (155+194)
2. Դանիել Գոնդելի (Ալբանիա) - 349 կգ (157+192)
3. Ռազմիկ Հունանյան (Ռուսաստան) - 344 կգ (152+192)
4. Տիգրան Մարտիրոսյան (Հայաստան) - 342 կգ (157 +185)
10. Առաքել Միրզոյան (Հայաստան) - 322 կգ (147+175)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում