09:15  ,  4 ապրիլի, 2014

Կոնստանտին Գենիչ. Հենրիխ Մխիթարյանին շատ են քննադատում, սակայն նա արժանի չէ դրան

Չի կարելի ասել, որ Մխիթարյանի մոտ բոլոր խաղերը չեն ստացվում: «Ռեալի» դեմ նրա խաղը չստացվեց, ինչպես շատերի մոտ, այդ թվում՝ Մարկո Ռոյսի: 

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «НТВ Плюс» հեռուստաընկերության մեկնաբան Կոնստանտին Գենիչը, ով մեկնաբանել էր Մադրիդի «Ռեալի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղը:

«Հենրիխ Մխիթարյանը վերջին շրջանում հաճախ է հայտնվում քննադատության թիրախում: Կարծում եմ, որ նա արժանի չէ դրան: Երեւի, դա կապված է այն մեծ գումարների հետ, որը Հենրիխին ձեռք բերելու համար վճարել է «Բորուսիան»: Այդ պատճառով սպասելիքները շատ են: Բացի այդ, պետք է հաշվի առնել թիմում փոփոխությունների պատճառով ստեղծված այն հանգամանքները, որոնցում նա հայտնվել է:

Չի կարելի ասել, որ Մխիթարյանի մոտ բոլոր խաղերը չեն ստացվում: «Ռեալի» դեմ նրա խաղը չստացվեց, ինչպես շատերի մոտ, այդ թվում՝ Մարկո Ռոյսի: Բացի այդ, մրցակիցը հասարակ թիմ չէր. դա Մադրիդի «Ռեալն» էր: Այսպիսի հանդիպումներ էլ են պետք ֆուտբոլիստի կարիերայում: 

Կարծում եմ՝ հաջորդ տարի նա ավելի լավ հանդես կգա: Շատերի նման գիտեմ Հենրիխի արժանիքերը: Մխիթարյանը շատ աշխատասեր տղա է: Նա ֆուտբոլային կարիերան գերադասեց շատ ավելի փոքր բաներից: Հենրիխը պրոֆեսիոնալ է: Վստահ եմ, որ Մխիթարյանն, իմանալով, թե ինչ թիմում է հայտնվել եւ ինչպիսի ուշադրության կենտրոնում է երկրպագուների եւ մամուլի կողմից, կանի համապատասխան հետեւություններ եւ հաջորդ տարին ավելի հաջող կլինի նրա համար: Հարմարվելու շրջանը կանցի, ավելի լավ կհասկանա թիմակիցներին, ավելի վստահ կզգա իրեն: Մխիթարյանը դեռ այնքան էլ անկաշկանդ չի գործում»,- զրույցում հայտնեց Գենիչը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով