17:34  ,  21 մարտի, 2014

Չեմպիոնների լիգա. Երբ գայլերին բաժին հասան գառները

Մարտի 21-ին կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը: Մրցաշարի ֆավորիտ է համարվում Մյունխենի «Բավարիան»՝ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը:  Երկորդ տեղում է Մադրիդի «Ռեալը»: «Բարսելոնայի», ՊՍԺ-ի,  Մադրիդի «Ատլետիկոյի» եւ «Չելսիի» հնարավորությունները գրեթե հավասար են գնահատվում: Իսկ նախորդ տարվա եզրափակիչի մասնակից «Բորուսիային» եւ Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող «Մանչեսթեր Յունայթեդին» մասնագետները չեն հավատում:

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)

Բախտի քմահաճույքով ուժեղագույններին բաժին հասան ավելի թույլերը:

«Բավարիան» առաջին խաղը կանցկացնի Մանչեսթերում: Այս երկու թիմերի դիմակայության պատմությունը դրամատիկ է: Ամենից հիշարժանը 1999-ի եզրափակիչն է: Երբ խաղի վերջին րոպեներին գերմանացիները, հաղթելով նվազագույն հաշվով, արդեն վստահ էին, որ հաղթանակն իրենց ձեռքերում է, սակայն սխալվեցին: 2010-ին այս թիմերը խաղացին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում: Առաջին խաղում գերմանացիները տանը հաղթեցին 2:1 հաշվով: Անգլիայում Ֆերգյուսոնի թիմին հաջողվեց հաղթել 3:2 հաշվով, բայց դրսում խփած գնդակների առավելությամբ առաջ անցավ «Բավարիան», որը եզրափակիչում պարտվեց «Ինտերին»: Ընդհանուր առմամբ, այս թիմերը Չեմպիոնների լիգայում խաղացել են 10 անգամ:  2 հաղթանակ տարել են անգլիացիները, 3՝ գերմանացիները, 5 խաղ ավարտվել է ոչ ոքի:

«Բավարիան» այս պահին գտնվում է հիանալի մարզավիճակում: Բունդեսլիգայում նա խնդիրները լուծել է, եւ ամբողջ ուժերը կարող է կենտրոնացնել առաջիկա խաղերի վրա:

Դեւիդ Մոյեսի թիմը մեծ դժվարությամբ դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ դժվարությամբ անցնելով «Օլիմպիակոսին»: Անգլիայի առաջնությունում նրանք գտնվում են 7-րդ տեղում եւ մյուս տարի ամենայն հավանականությամբ չեն մասնակցի Չեմպիոնների լիգայի մրցաշարին:

«Ռեալ» Մադրիդ (Իսպանիա) - «Բորուսիա» Դորտմունդ (Գերմանիա)

Մադրիդի «Ռեալը» առաջին խաղում կընդունի Դորտմունդի «Բորուսիային»: Երկու թիմերի նախորդ դիմակայությունը նախորդ մրցաշրջանում էր: Այն ժամանակ «Բորուսիան» խմբից դուրս եկավ առաջին տեղով, իսկ «Ռեալը»՝ երկրորդ: Իսկ կիսաեզրափակիչում Կլոպի թիմը, Լեւանդովսկու պոկերի շնորհիվ, 4:1 հաշվով հաղթեց Մոուրինյոյի թիմին:

Իհարկե, նախորդ տարվա «Ռեալն» ու այսօրվա «Բորուսիան» նույն թիմերը չեն: «Ռեալը», ի տարբերություն «Բավարիայի», չի լուծել իր հարցերը երկրի առաջնությունում: Այս կիրակի էլ նրանց սպասվում է ծանրագույն հանդիպում «Բարսելոնայի» հետ: Արքայական ակումբն այս տարի հիանալի խաղ է ցուցադրում: 2013-ի լավագույն ֆուտբոլիստը՝ Ռոնալդուն հիանալի մարզավիճակում է:

«Բորուսիան» այս տարի շատ անկայուն խաղ է ցուցադրում: Օրեր առաջ թիմի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն ասաց, որ «Բորուսիայի» գերխնդիրը Գերմանիայի առաջնությունում երկրորդ տեղ գրավելն ու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ հասնել է: Այս տրամաբանությունից ելնելով, «Բորուսիան» իր առջեւ դրված ծրագիրն իրականացրեց: Այս հայտարարությունը շատ հոռետեսորեն հնչեց եւ ավելի թուլացրեց «Բորուսիայի» հնարավորությունները:  Անգամ այս վիճակահանությունից հետո Վատցկեն ասաց, որ նախորդ տարվա համեմատ «Բորուսիայի» թիմի կեսն արդեն այդ ակումբում չեն խաղում:

«Բորուսիան» Գերմանիայի չեմպիոնությունը արդեն զիջել է «Բավարիային», սակայն շարունակում է պայքարը գավաթի խաղարկությունում:

«Բորուսիան» եւ «Ռեալը» միմյանց դեմ խաղացել են 8 անգամ: Երեք անգամ հաղթել են իսպանացիները, երկու անգամ՝ գերմանացիները: Երեք խաղ էլ ավարտվել է ոչ ոքի: Այս թիմերի դիմակայությամբ ամենախոշոր հաշիվը գրանցվեց անցյալ տարի՝ 4-1: Սակայն այս թիմերի առաջին խաղում նախորդ տարվա հերոս Ռոբերտ Լեւանդովսկին չի խաղա, նախորդ խաղում Ռոբերտը զգուշացվել է:

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Աթլետիկո» Մադրիդ (Իսպանիա)

Այս զույգում իրոք կարելի է ասել, որ ուժերը հավասար են: Թիմերը Չեմպիոնների լիգայում երբեք միմյանց դեմ չեն խաղացել, սակայն ամեն տարի երկու անգամ հանդիպում են Իսպանիայի առաջնությունում: Ընդհանուր առմամբ թիմերը հանդիպել են 164 անգամ: 72 անգամ հաղթել են կատալոնացիները:

Չեմպիոնների լիգայի1/8 եզրափակիչում «Բարսելոնան» երկու խաղում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», որը համարվում է մրցաշարի ֆավորիտներից մեկը: Իսկ «Աթլետիկոն» խնդիրներ  չունեցավ «Միլանի» հետ, ով այս պայքարի ամենաթույլ թիմերից էր: Այս զույգում ֆավորիտ չկա, բայց հաշվի առնելով «Բարսելոնայի» փորձը Չեմպիոնների լիգայում, կարելի է ասել, որ կշեռքի նժարը մի փոքր նրանց կողմն է:

ՊՍԺ, Փարիզ (Ֆրանսիա) - «Չելսի» Լոնդոն (Անգլիա)

Այս զույգում էլ բացարձակ ֆավորիտ չկա: Այսօր ֆրանսիական թիմը լավ մարզավիճակում է, իսկ Իբրահիմովիչի կարգի ֆուտբոլիստը կարող է թիմին իր հետեւից տանել: ՊՍԺ-ն անցյալ տարի քառորդ եզրափակիչում պարտվեց «Բարսելոնային», այս տարի թիմը բավական ուժեղացել է: Ֆրանսիայի առաջնությունում նրանք տեսականորեն ապահովել են չեմպիոնությունը: ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում գերմանական «Բայերի» դեմ հիանալի խաղ ցուցադրեց: Իսկ «Չելսին» առաջին խաղում ոչ ոքի խաղաց «Գալաթասարայի» հետ: Բացի այդ, Անգլիայում կրքերը բորբոքվում են: Միանգամից մի քանի թիմ պայքարում է առաջին տեղի համար եւ Մոուրինյոն պետք է միանգամից երկու ճակատներում պայքարի:

Շատերի համար այս դիմակայությունը Իբրահիմովիչի եւ Մոուրինյոյի դիմակայությունն է: Իրականում, երկու թիմերում էլ կան բարձրակարգ աստղեր, եւ ակումբները հավասար հնարավորություններ ունեն:

Չեմպիոնների լիգայում թիմերը խաղացել են 2004-ին, երբ ընդգրկված էին նույն՝ H խմբում: Փարիզում անգլիացիները հաղթեցին 3:0 հաշվով, իսկ Լոնդոնում խաղն ավարտվեց  0:0:

Կանխատեսում անելը բարդ եւ անշնորհակալ գործ է, բայց իմ ֆուտբոլային ինտուիցիան հուշում է, որ կիսաեզրափակիչ դուրս կգան «Բավարիան», «Ռեալը», «Բարսելոնան» եւ «Չելսին» (ինչպես 2012-ին):

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում