09:37  ,  21 մարտի, 2014

Նիկոլայ Ղազարյանը՝ ՀՖՖ կազմավորման, այսօրվա վիճակի, «Լեռնային Արցախի», ֆուտբոլային երազանքի մասին

Երեւանի «Արարատի» կազմում ֆուտբոլի ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր, ՀՖՖ առաջին նախագահ Նիկոլայ Ղազարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց անկախության առաջին տարիներին ֆեդերացիան կազմավորելու եւ ղեկավարելու, հեռանալու պատճառների, «Լեռնային Արցախ» ֆուտբոլային թիմը մարզելու, իր երազանքների մասին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմավորման մասին

1992-ին տեղի ունեցավ Կոնգրես, եւ ես ընտրվեցի ՀՀՖ առաջին նախագահ: Այն ժամանակ շատ դժվար էր: ԽՍՀՄ ժամանակաշրջանում կար ընդհանուր ֆեդերացիա, որը գտնվում էր Մոսկվայում: Ես պետք է ընտրեի աշխատակազմ: Գիշերները քիչ էինք քնում: Առավոտյան արթնանում էինք եւ վազում աշխատանքի: Կարճ ժամկետում կարողացանք այդ գործն առաջ տանել: Մենք շատ կարճ ժամանակում դարձանք ՈւԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի անդամ, մինչդեռ Ադրբեջանը չդարձավ հիմնական անդամ, այլ՝ ժամանակավոր: Պատկերացրեք՝ այդ դժվար տարիներին մենք պետք  է ունենայինք հինգ հավաքական, բացի այդ էլ՝ ակումբներ: Դա մեծ ծախսերի հետ էր կապված: Մեր երկիրը չուներ ոչ մի տնտեսություն: Դիմեցինք ՈւԵՖԱ-ին եւ ՖԻՖԱ-ին, որպեսզի մեզ օգնեն: Սկսեցինք մասնակցել եվրոպական առաջնություններին: Չնայած այն ժամանակ արդյունքներ չէինք գրանցում: Հաճախ պարտվում էինք, բայց հիմնականում կողքից դիտողները նշում էին, որ մենք հեռանկարային թիմ ենք: Ցանկություն, շարժ կար եւ դրա բոլոր նախադրյալները: Աշխատանքս ֆեդերացիայում բավարար եմ գնահատում: Պարզապես այն ժամանակ պետք է իրենց կուսակցությունից լինեիր, որպեսզի շարունակեիր աշխատել: Ինձ էլ այդպես ասացին, որ քանի որ իրենցից չեմ, շնորհակալություն հայտնեցին եւ ցտեսություն ասացին: Ես էլ կարող էի իրենց կուսակցությունից լինել, բայց մարդը ներքուստ ցանկանում է ազատ լինել:

Այդ տարիներին լույս չկար, ֆաքս պետք է ուղարկեինք ՖԻՖԱ: Ես Մոսկվա կինոթատրոնից հոսանքի մեկ լար խնդրեցի, որպեսզի կարողանանք աշխատել: Մեկս մյուսով, իրար օգնելով գործը առաջ տարանք:

Այն ժամանակ հավաքականը պետք է «Հրազդան» ստադիոնում խաղեր անցկացներ: Մեզնից թե մարզադաշտի ղեկավարությունը, թե հեռուստաընկերությունը փող էին պահանջում: Ամբողջ աշխարհում թիմերին գումար են տալիս, որ խաղերը  հեռարձակեն, իսկ Հայաստանում ամեն բան հակառակն էր: Մեզ ծախսելու, հավաքականի մարզաշապիկներ գնելու, ճամփորդությունների մեկնելու գումար չէր մնում:

Այսօրվա ֆեդերացիայի մասին

Այսօրվա ֆեդերացիայի աշխատանքը բավարար եմ գնահատում: Այժմ չկան այդ ֆինանսական խնդիրները, որ մենք ունեինք: Բացի այդ, հավաքականի լավ ելույթները նպաստավոր պայմաններ են ստեղծում: Ֆեդերացիայի նախագահը պետք է գործունյա ու ֆուտբոլի համար սրտացավ լինի: Ես դա տեսնում եմ: Ուրախանում եմ, որ տարբեր տարիքի երեխաներ զբաղվում են ֆուտբոլով: Այդ հարցում մենք առաջընթաց ունեցանք:

Մի բան կա, որ կցանկանայի, որ ոչ թե ութ, այլ՝ քսան ֆուտբոլային թիմ ունենայինք: Պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել: Լավ կլիներ, որ ղեկավարությունն էլ օգներ: Այսօր լավ երեխաներ կան տարբեր տարիքային խմբերում:

«Լեռնային Արցախ» թիմը մարզելու մասին

Մենք Երեւանում մասնակցում էինք զոհված ազատամարտիկների հուշամրցաշարին: Մեր 16 տարեկան տղաները գալիս էին այստեղ խաղալու: Երկու տարի փոքր էին Ղարաբաղի տղաները, բայց հավասար խաղ էին ցուցադրում: Մոտավորապես 450 երեխա ունեինք, 12 մարզիչ: Շատ կարգապահ երեխաներ էին: Ես էլ կարողանում էի միջոցներ գտնել: Մեր գործը բավականին հաջող էր ընթանում: Շատ էի սիրում Ստեփանակերտը, այնտեղի բնակիչներին՝ կարգապահ, տաղանդավոր: Այնուհետեւ ես հիվանդացա: Ստիպված վերադարձա Երեւան: Բավական գումար եւ ժամանակ ծախսեցի, որպեզի վերականգնեմ առողջությունս: Այժմ էլ դեռ լիովին չեմ ապաքինվել:

Այսօրվա մասին

Այսօր ոչնչով չեմ զբաղվում: Թոշակառու եմ: Հիվանդության պատճառով չեմ կարողանում գնալ մարզադաշտ: Հեռուստատեսությամբ դիտում եմ խաղերը, թերթեր եմ կարդում:

«Արարատի» հաղթանակի 40-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների մասին

Շատ ազդված եւ շնորհակալ ենք անցյալ տարի «Արարատ-73»-ի 40-ամյակին նվիրված միջոցառումների համար: Տղաներն էլ բոլորը շատ գոհ էին: Անցել է այդքան տարի, բայց մեզ հիշում են:

Դա մեզ պարտավորեցնում է կյանքում ավելի նվիրված լինել ֆուտբոլին, ժողովրդին: Մեր ազգային  հարստությունները մենք պետք է պահենք, անկախ սպորտաձեւից կամ ցանկացած այլ ոլորտից:

40 տարի անց «Արարատի» ֆուտբոլիստներին հիշելու մասին

Երեւի աշխարհում չկա այդպիսի ժողովուրդ, որ այդպես մեծարի իր նախկին մարզիկներին: Մեր ազգը սիրում է իր կուռքերին: Մենք հաջողության ենք հասել կոլեկտիվ խաղով, իսկ հայերը կոլեկտիվ խաղերից այդքան էլ ուժեղ չեն եղել: Չնայած տարիներ առաջ բոլորս ուրախանում էինք մեր շախմատիստների հաջողությամբ:

Իմ հասակակիցները բոլորը փողոցում ինձ ճանաչում են: Լինում է՝ երեխաներն են մոտենում ու հարցնում՝ ես Նիկոլայ Ղազարյա՞նն եմ: Զարմանում եմ, որ երեխաները ճանաչում են: Հետո պատասխանում են, որ երբ ես քայլում եմ փողոցում, իրենց պապիկները ասում են, թե ես ով եմ: Աշխարհում այդպիսի բան չեմ տեսել, որ այսքան սիրեն ու մեծարեն իրենց մարզիկներին: Շատ շնորհակալ եմ ու պարտական եմ մեր ժողովրդին:

«Արարատին» նվիրված հուշահամալիրի մասին

«Արարատի» հաղթանակին նվիրված կառուցվելիք հուշահամալիրի համար, մենք ասել ենք՝ չենք ցանկանա, որ մեր կիսանդրիները տեղադրվեն, այլ այդ տարիները բնորոշող ինչ-որ բան լինի:

Հուսանք մեզ բախտ կվիճակվի տեսնել այդ հուշարձանը: Գիտեմ, որ բավական հետաքրքիր մտքեր կան:

Ֆուտբոլային երազանքի մասին

Ցանկանում եմ, որ Հայաստանի հավաքականը խաղա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով