12:38  ,  17 մարտի, 2014

Դավիթ Մանոյան. Ինչ եղել է, արդեն անցյալում է, եւ ժամանակը հետ տալ չես կարող

Կային առաջարկներ Ռուսաստանից եւ Դանիայից: Ես ավելի շատ հակված էի Դանիայի տարբերակին, քանի որ ինձ եվրոպական առաջնություններն ավելի են դուրս գալիս եւ վստահ էի՝ այնտեղ կկարողանամ ինձ դրսեւորել, սակայն, ցավոք սրտի, այս անգամ էլ չստացվեց:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը։ 

23-ամյա կիսապաշտպանը 2013-ի դեկտեմբերին ծնկի վիրահատության է ենթարկվել։

Դավիթ, ինչպե՞ս է ընթանում ապաքինումդ: 

Արդեն երկու օր է, ինչ սկսել եմ առանց հենակների քայլել: Շատ երկար ժամանակ չի կարելի քայլել առանց հենակների: Տանը նորմալ քայլում եմ, սակայն տանից դուրս գալիս աշխատում եմ հնարավորինս չափ հենակների օգնությամբ քայլել, որպեսզի ծունկս շատ չծանրաբեռնեմ: Ֆեյսբուքյան իմ էջում պարբերաբար տեղադրում եմ ինձ հետ կապված նորությունները։

Ի՞նչ են ասում բժիշկները: Լավագույն  դեպքում, ե՞րբ կվերադառնաս խաղադաշտ:

Բժիշկների հետ դեռ չեմ հանդիպել: Ապրիլի սկզբին կմեկնեմ Մյունխեն իմ բժիշկի մոտ, որպեսզի տեսնենք, թե ինչ վիճակում է գտնվում ծունկս: Հավանականությունը փոքր է, որ սպասվածից շուտ կապաքինվեմ: Ինչքան էլ լավ լինի վիճակս, միեւնույն է պետք է զգուշություն պահպանեմ, մինչեւ ծունկս լրիվ լավանա եւ այլեւս խնդիրներ չունենամ: Սակայն ամեն ինչ հնարավոր է, ժամանակը ցույց կտա:

Դեկտեմբերին ասացիր, որ դա քո վերջին խաղն էր «Փյունիկի» կազմում: Ո՞ր թիմ ես պատրաստվում տեղափոխվել:

Կային առաջարկներ Ռուսաստանից եւ Դանիայից: Ես ավելի շատ հակված էի Դանիայի տարբերակին, քանի որ ինձ եվրոպական առաջնություններն ավելի են դուրս գալիս եւ վստահ էի՝ այնտեղ կկարողանամ ինձ դրսեւորել, սակայն, ցավոք սրտի, այս անգամ էլ չստացվեց:

Մի քանի տարի առաջ դու համարվում էիր ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը: Վնասվածքները մինչեւ այսօր հետապնդում են քեզ: Երբեւիցե չես պատկերացրե՞լ, թե ինչպես կդասավորվեր կյանքդ, եթե այդքան շատ վնասվածք չստանայիր:

Եթե հիմա սկսեմ մտածել, թե ինչ կլիներ՝ այս վնասվածքներս չլինեին, եթե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր, թե որտեղ կխաղայի, եթե վիրահատությունները չլինեին, ես միայն ինձ կվնասեմ: Ինչ եղել է, արդեն անցյալում է, ու ժամանակը հետ տալ չես կարող: Այժմ կա ներկա, կա նպատակ վերականգնվել, լավ մարզավիճակ ձեռք բերել, տեղափոխվել լավ թիմ, լավ առաջնություն եւ ամեն ինչ անել երազանքներն ու նպատակները իրականացելու համար՝ անկախ ամեն ինչից:

Հավաքականում քո մտերիմ ընկեր Լեւոն Հայրապետյանը նույնպես վերջին մեկ ու կես տարին վնասվածքների պատճառով շատ բացակայեց: Ո՞վ է ձեզնից ավելի շատ ոգեւորում մյուսին:

Այո, Լեւոնն էլ ինձ նման դժվարությունների միջով անցավ եւ դեռ անցնում է: Նա իմ ճանաչած ամենաուժեղ կամքի ուժ ունեցող մարդկանցից մեկն է եւ վստահ եմ, որ իր մոտ ամեն ինչ լավ կլինի: Երկուսս էլ միմյանց ոգեւորում ենք եւ ամեն ինչով աջակցում: Մենք անգամ կատակում ենք, որ երբ մեզնից մեկին որեւէ բան է պատահում, մյուսը այդ պահին չգիտես ինչպես անպայման կողքին է լինում: 2009-ին, երբ առաջին անգամ Համբուրգում վիրահատվեցի, նա ինձ հետ էր: Հետո, երբ 2010-ին ես «Միկայի» դեմ խաղում վնասվածք ստացա եւ շտապօգնության մեքենայով ինձ տեղափոխեցին հիվանդանոց, նա իմ կողքին էր ու մեքենայի մեջ ինձ հետ եկավ հիվանդանոց: 2012-ին Բուլղարիայի դեմ արտագնա խաղում նա վնասվածք ստացավ եւ այս անգամ ես էի իր հետ շտապօգնության մեքենայում: 2013-ին, երբ Գերմանիայում ինձ կրկին վիրահատաեցին, այս անգամ էլ էր նա ինձ հետ։ Այսպիսով, մենք աշխարհում բոլոր հիվանդանոցները հերթով փորձարկում ենք:

Ի՞նչ կասես Ռուսաստանի հետ ընկերական խաղի մասին:

Ռուսաստանի խաղին բոլորը շատ էին սպասում, քանի որ մեր թիմի խաղը վաղուց չէինք տեսել ու գիտենք, որ մեր ժողովուրդը ապրում է հավաքականի հանդիպումից մինչեւ հաջորդ խաղը: Ցավում եմ, որ խաղն այդպես ստացվեց ու մենք պարտվեցինք: Սակայն հիմա մեր թիմի համար նոր փուլ է սկսվում՝ նոր մարզիչ, նոր խումբ, արդեն փորձառու ֆուտբոլիստներ: Ու մենք պետք է ամեն բան անենք՝ Եվրո-2016-ում հայտնվելու համար:

Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում Հայաստանը հայտնվել է բարդ խմբում: Ո՞ր թիմի հետ են սպասվում ամենադժվար խաղերը:

Մենք իրականում շատ բարդ խմբում ենք հայտնվել, բայց այս խումբն ունի իր լավ կողմերը: Բոլոր թիմերը կարող են միավորներ վաստակել եւ նաեւ հակառակը՝ բոլոր թիմերը կարող են միավորներ կորցնել: Ամեն ինչ մեր ձեռքերում է: Կոնկրետ թիմերի չեմ կարող նշել, որովհետեւ դեռ կես տարի կա եւ չես կարող կանխագուշակել, թե որ թիմի դեմ ավելի բարդ կլինի խաղալ:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով