14:22  ,  7 մարտի, 2014

Արտուշ Մկրտչյան. Ռոման Բերեզովսկին լավագույնն էր

Վատ խաղ չցուցադրեցին Ղազարյանը եւ Մովսիսյանը: Մխիթարյանը շատ էր տեղաշարժվում, սակայն նրա խաղը չստացվեց, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Cпорт-Экспресс-ի գլխավոր խմբագրի տեղակալ Արտուշ Մկրտչյանը, ով ներկա էր Ռուսաստանի – Հայաստան ընկերական խաղին եւ կիսվեց իր տպավորություններով։

«Առաջին անգամ չէ, որ տեսնում ենք՝ տարվա առաջին ընկերական խաղում Հայաստանի ազգային հավաքականը պատրաստ չէ. շատ ֆուտբոլիստներ, առհասարակ, լավ ֆիզիկական մարզավիճակում չէին:

Ռուսաստանի հավաքականն ավելի հավաքված մոտեցավ խաղին, քանի որ այն շուտով պետք է մասնակցի աշխարհի առաջնությանը: Իսկ Հայաստանի հավաքականում մարզիչի փոփոխություն էր: Ամենից անհաջողը ոչ թե հավաքականի մեղմ ասած թույլ խաղն էր, այլ այն, որ շատ ֆուտբոլիստներ հարմար խաղակոշիկներ չէին ընտրել եւ անընդհատ ընկնում էին: Անգամ չգիտեմ՝  ինչ ասեմ այդ թյուրիմացության վերաբերյալ:

Վատ խաղ չցուցադրեցին Ղազարյանն ու Մովսիսյանը: Մխիթարյանը շատ էր տեղաշարժվում, սակայն նրա խաղը չստացվեց: Լավագույնը, անկասկած, Ռոման Բերեզովսկին էր: Ավագն այս տարի դառնում է 40 տարեկան, բայց նա պրոֆեսիոնալիզմի օրինակ է: «Դինամոն» դեռ չի սկսել մրցաշրջանը, սակայն Ռոմանը հարյուր տոկոսով պատրաստ է:

Հեռու գնացող կարծիքներ անել պետք չէ: Բեռնար Շալանդն ամբողջ ժամանակ թիմի կողքին էր: Նա ծանոթացավ, տեսավ թիմի խնդիրները եւ հաջորդ խաղից կսկսի դրանք լուծել: Բոլորս քաջատեղյակ ենք այդ խնդիրների մասին: Պաշտպանության հետ պետք է ինչ-որ բան անել»,- ասել է Մկրտչյանը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով