16:59  ,  5 մարտի, 2014

Վալերի Կարպինի հարցազրույցը՝ NEWS.am Sport-ին. Խաղն ընկերական է, կաջակցեմ «Սպարտակի» ֆուտբոլիստներին

Մովսիսյանի համար խաղն օգտակար կլինի, քանի որ նա շատ ժամանակ է բաց թողել վնասվածքի պատճառով եւ չի ստացել բավարար խաղային ժամանակ։ Եթե նա կարողանա խաղալ առանց փոխարինման, ապա դա միայն օգուտ կբերի։

Այդ մասին Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքականների միջեւ ընկերական հանդիպումից առաջ NEWS.am Sport-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը։

Վալերի Գեորգիեւիչ, այսօր Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի թիմի դեմ։ Ճի՞շտ է այն տեղեկությունը, որ «Սպարտակն» ամբողջ կազմով ներկա կլինի խաղին։

Այո, իսկապես մտադիր էինք ներկա լինել խաղին, սակայն ամեն ինչ կախված է եղանակից։ Ամենակարեւորն այն է, որ ոչ ոք չհիվանդանա։

Եթե խոսենք Հայաստանի հավաքականում «Սպարտակի» ներկայացուցիչներ Մովսիսյանի եւ Օզբիլիսի մասին, ապա նրանք լիովին պատրա՞ստ են առաջնության վերսկսմանը։ Մտադրություն չունեի՞ք նրանց պահել եւ բաց չթողնել ընկերական հանդիպմանը։

Ոչ մի պատճառ չկար։ Դա ինձնից չէ կախված։ Պարտավոր էինք ֆուտբոլիստներին բաց թողնել հավաքական։ Մովսիսյանի համար խաղն օգտակար կլինի, քանի որ նա շատ ժամանակ է բաց թողել վնասվածքի պատճառով եւ չի ստացել բավարար խաղային ժամանակ։ Եթե նա կարողանա խաղալ առանց փոխարինման, ապա դա միայն օգուտ կբերի։ Ինչ վերաբերում է Օզբիլիսին, ապա այստեղ ամեն ինչ այլ է. Արասը դեռ լիովին պատրաստ չէ, նրան հարկավոր չէ ավելորդ ծանրաբեռնվածություն։ Այսպիսով, նրա մասնակցությունը հարցականի տակ է։

Ուղարկե՞լ եք Հայաստանի հավաքականի բժշկական շտաբին «Սպարտակի» մասնագետների հանձնարարականները։

Հանձնարարականը ստացել է ֆուտբոլիստը։ Եւ մեր բժշկական շտաբը նույնպես կապվել է Հայաստանի հավաքականի բժիշկների հետ։

Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Վարդան Մինասյանը հայտարարել է, որ Օզբիլիսի մասնակցության վերաբերյալ որոշումը կկայացվի մարզումից հետո։ Խոսե՞լ եք Հայաստանի հավաքականում ձեր գործընկերների հետ։

Դեռ հայտնի չէ, թե արդյոք նա կկարողանա խաղալ։

Ինչպե՞ս է «Սպարտակի» մյուս ֆուտբոլիստների առողջական վիճակը։

Ամեն ինչ կարգին է։ Վատ նորություն չկա։

Առաջիկա խաղում երկրպագելո՞ւ եք ձեր յուրաքանչյուր խաղացողին, թե աջակցելու եք միայն Ֆաբիո Կապելոյի թիմին։

Երկու հավաքականներում էլ հանդես են գալիս «Սպարտակի» ֆուտբոլիստներ։ Քանի որ խաղն ընկերական է, պատրաստվում եմ աջակցել նրանցից յուրաքանչյուրին, որպեսզի թիմ վերադառնան առողջ եւ լավ մարզավիճակում։

Ձեր ֆուտբոլային կարիերայի ընթացքում երկու անգամ հանդիպել եք Հայաստանի հավաքականի հետ։ Ավելին, այդ խաղերի լավագույն ռմբարկուներից էիք։ Ինչո՞վ էին հիշարժան այդ հանդիպումները։

Լավ եմ հիշում այդ շրջանը։ 2000թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլը մեկնարկեցինք մի քանի պարտությամբ, իսկ Հայաստանը դարձավ առաջինը, ում հաղթեցինք։ Եթե չեմ սխալվում 3։0 հաշվով։

Զարմանալի՞ է Հայաստանի հավաքականի՝ վերջին տարիներին գրանցած առաջընթացը։

Առաջընթացը գնահատելու համար հարկավոր է ամեն տարի լինել թիմի ներսում։ Այո, հավաքականում են հայտնվել այնպիսի լավ խաղացողներ, ինչպիսիք են Մովսիսյանը, Օզբիլիսը եւ Մխիթարյանը։ Բնական է, որ նրանց հետ թիմն ավելացրել է։

Հայաստանի հավաքականի ներկայիս կազմում կա՞ն այնպիսի ֆուտբոլիստներ, որոնց կցանկանայիք տեսնել «Սպարտակում»։

Ճիշտ չի լինի այդ մասին խոսել։ «Սպարտակում» արդեն հանդես են գալիս Հայաստանի հավաքականի խաղացողներ։

Նախորդ մրցաշրջանում «Սպարտակի» երիտասարդական թիմում էր խաղում Աղվան Պապիկյանը, սակայն նրան չհաջողվեց ամրապնվել թիմի կազմում։ Կարո՞ղ եք ասել, թե ինչը նրան չէր բավականացնում։

Դա հասկանալու համար հարկավոր էր ամեն օր տեսնել եւ մարզել ֆուտբոլիստին։

Ճի՞շտ է, որ «Սպարտակի» երրորդ հավաքի տարբերակներից էր Հայաստանը։

Այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Գիտեմ, որ ակումբը դիտարկում էր 5-6 տարբերակներ։

Վերա Մարտիրոսյան՝ Կրասնոդարից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով