14:15  ,  5 մարտի, 2014

Կրասնոդարից կհիշվի միայն Ռուսաստան - Հայաստան խաղը (ֆոտոռեպորտաժ)

Այնպես է ստացվում, որ ինձ մոտ հավաքականի արտագնա ամեն հանդիպում ասոցացվում է այն քաղաքի հետ, որտեղ անցկացվելու է խաղը: Կոպենհագենի եւ Պրահայի հանդիպումները լիովին համապատասխանում էին այդ հրաշալի քաղաքներին, Նեապոլի խենթությունն էլ` Իտալիայի հետ խաղին: Իսկ ի՞նչ քաղաք է Կրասնոդարը: 

Այդ առումով պատկերացումներ չկային: Սկսենք նրանից, որ առանց այդ էլ մեծ հայ համայնք ունեցող քաղաքում այս օրերին չափից շատ էին կարմիր մարզաշապիկներով երկրպագուները: Վարորդը, ով մեզ դիմավորեց օդանավակայանում, առաջին հերթին հարցրեց թե խաղալու են արդյոք Մխիթարյանն ու Պիզելին: 

Մարտի 3-ին Ռուսաստանի հավաքականին, «Պաշկովսկի» օդանավակայանում ոչ ոք չէր դիմավորել: «Արժանի չեն», ասում էին մեզ հանդիպած կրասնոդարցիները: Պետք է սերնդափոխություն լինի, նոր թիմը ինչ-որ բանի կհասնի: Ամեն բան այլ էր Հայաստանի հավաքականի ժամանելու ժամանակ:

Օդանավակայանում, որն անգամ չունի դիմավորման սրահ` այսինքն դրսում հավաքվել էին հիսունից ավելի երկրպագուներ` դիմավորելու ազգային հավաքականին: Ինչպես միշտ հավաքականը ժամանեց ուրախ տրամադրությամբ:

Յուրա Մովսիսյանը մոտ հինգ րոպե լուսանկարվեց երկրպագուների հետ: Այնուհետեւ թիմը նստեց «Կուբան» ֆուտբոլային թիմի ավտոբուսը եւ հեռացավ: Ռուսաստանի հավաքականը տեղափոխվում է «Կրասնոդար» թիմի ավտոբուսով: 

Երեկոյան մամուլի ասուլիսին Վարդան Մինասյանն, ինչպես միշտ խոսում էր հակիրճ` նա չի ափսոսում, որ լքել է հավաքականը, այս պահին բանակցում է ռուսական ակումբի հետ:

Մարզմանը, որին ներկա էին բազմաթիվ հայ երկրպագուներ, հետեւում էր նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Երբ հայտնեցին, որ մարզիչը ասել է, որ երկրպագուները պետք է 15 րոպե անց լքեն ստադիոնը, Հայրապետյանը նրանց ասաց, որ մարզիչը չէ գլխավորը, այլ` ինքը: Երկրպագուները գոհ մնացին, իսկ ռուս լրագրողները` զարմացած: 

Մարզումը չկարողացավ ավարտել միայն Արաս Օզբիլիզը: Ամենայն հավանականությամբ, այսօր խաղադաշտ դուրս կգա Մարկոս Պիզելին: Ֆուտբոլիստներից մի քանիսի խոսակցությունից լսելի դարձան, որ նրանք շատ են ցանկանում հաղթել:

Հավաքականի մարզմանը ներկա էր նաեւ «Սպարտակի» ղեկավարությունը` Ջիվան Չելոյանցը, Ռոման Ասխաբաձեն, Վալերի Կարպինը, Միխայիլ Վարդապետովը:

Մարտի 4-ի տվյալներով, «Կուբան» մարզադաշտի 30 000 տոմսերը արդեն սպառվել են: 
Մարզման ժամանակ ռուսական «Ռադիո սպորտ»-ից զանգեցին «Սպորտ-էքսպրես» կայքի գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանին, որպեսզի ուղիղ եթերում հարցնեն, թե ինչ իրավիճակ է տիրում Կրանսոդարում: Նա ասաց, որ «Մերոնք` հայերը, մարզվում են»:

Ռադիոյի աշխատակիցները մի քանի րոպե ծիծաղում էին, որ ռուսական կայքերի խմբագիրները «մերոնք» ասելով, նկատի ունեն հայերին:

Մարզումից հետո Ռուսաստան – Հայաստան խաղի մեկնաբան Վլադիմիր Ստոգնիենկոն հայ լրագրողների հետ սրճարանում փորձում էր հայերեն նոր  բառեր սովորել:

Ինչ վերաբերում է Կրասնոդար քաղաքին, հուսանք` այս խաղը չի ասոցացվի քաղաքի հետ: Երեւանից քիչ բնակչություն ունեցող քաղաքում, ես երեկ երեք ժամ մնացի խցանման մեջ եւ միայն այսօր հասկացա, որ փրկությունը տրամվայն է:

Այսօր էլ այստեղ Սոչիի Պարալիմպիկ ձմեռային խաղերի կրակի փոխանցումավազքն է: Ամբողջ քաղաքը փակ է: Քաղաքում ոչ մի գեղեցիկ շինություն չկա, միայն փոքրիկ տնակներ եւ լավագույն դեպքում բազմահարկ բնակելի շենքեր:

Այստեղ բոլորը գիտեն, որ «Կուբան» եւ «Կրասնոդար» ակումբների սեփականատերերը հայեր են, բայց տաքսիի հայ վարորդը, ով արդեն 25 տարի ապրում է այստեղ մեզ «Կրասնոդարի» մարզաբազա հասնելու համար զանգահարեց հինգ հոգու եւ մոտ երեսուն րոպե պարզեց ստադիոնի վայրը:

Առավոտվանից անդադար անձրեւ է տեղում, ամբողջ քաղաքը պարալիզացած է: Մնում է ֆուտբոլային եղանակը այսօր գեղեցիկ լինի:

Վերա Մարտիրոսյան, Շուշանիկ Հակոբյան՝ Կրասնոդարից

(ֆոտո՝ NEWS.am Sport)




Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով