20:05  ,  1 մարտի, 2014

Սեյդու Դումբիան՝ Հայաստանի հավաքականի նոր մարզիչ Բեռնար Շալանդի մասին

Շալանդը շատ խիստ եւ կարգապահ մարզիչ է, եւ այդ կարգապահությունը պահանջում է նաեւ իր ֆուտբոլիստներից։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի ԲԿՄԱ-ի կոտդիվուրացի հարձակվող Սեյդու Դումբիան՝ խոսելով Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մասին: Դումբիան 2008-2010-ը հանդես է եկել շվեյցարական «Յանգ Բոյզում», որի հետ աշխատել է նաեւ Շալանդը։  

«Երբ ես եկա «Յանգ Բոյզ», Շալանդն արդեն այդ թիմի մարզիչը չէր: Նա մարզում էր «Ցյուրիխը», որի հետ 2009-ին դարձավ Շվեցարիայի չեմպիոն: Շալանդը շատ խիստ եւ կարգապահ մարզիչ է, եւ այդ կարգապահությունը պահանջում է նաեւ իր ֆուտբոլիստներից: Նա այն մարզիչն է, ով սիրում է, որ թիմերը կարողանան երկար գնդակ պահել եւ խաղարկել: Հիշում եմ նրա գլխավորած «Ցյուրիխը» լինում էր, որ 80 տոկոս վերահսկում էր գնդակը: Նրա մարզած թիմը խաղում էր տեխնիկապես գրագետ ֆուտբոլ»,- ասաց Դումբիան:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել 62-ամյա շվեյցարացի Բեռնար Շալանդը: 

Շալանդը մարզչական գործունեությունը սկսել է 1977 թվականին: Աշխատել է շվեյցարական ակումբներում: 2001-2007 թվականներին Շալանդն աշխատել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականում: 2007-ին «Ցյուրիխի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է Լյուսեն Ֆավրեին: Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում նրա գլխավորությամբ «Ցյուրիխը» 1:0 հաշվով հաղթել է «Միլանին»: 2009-ին «Ցյուրիխը» նրա ղեկավարությամբ դարձավ երկրի չեմպիոն, իսկ 2011-ին արդեն «Սյոնը» Շալանդի հետ նվաճեց Շվեյցարիայի գավաթը: Շալանդի վերջին ակումբը եղել է շվեյցարական «Յանգ Բոյզը»:

Շալանդի առջեւ խնդիր է դրված Հայաստանի հավաքականին դուրս բերել Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ: Ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներն են Պորտուգալիան, Սերբիան, Դանիան եւ Ալբանիան: Հաշվարկից դուրս, թիմերը նաեւ երկուական հանդիպում կանցկացնեն եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչ Ֆրանսիայի հետ: 

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով