21:48  ,  2 մայիսի, 2012

Սամուրղաշեւ եղբայրների մրցանակի խաղարկությունը՝ Ռոստովում

Ռոստովում կայացել է հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան միջազգային մրցաշար՝ Սամուրղաշեւ եղբարների մրցանակների խաղարկությունը: Մրցմանը մասնակցել են 18 երկրների ըմբիշներ, այդ թվում նաեւ Հայաստանի հավաքականը: Մրցաշարը հեղինակավոր է եւ հաստատված է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մրցումների օրացույցում: Այն միակ պատանեկան միջազգային մրցաշարն է Ռուսաստանում։ Մրցումներին որպես պատվավոր հյուր ներկա է եղել Հայաստանի  ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանը։

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Սամվել Գեւորգյանի հետ։


Պարոն Գեւորգյան, նախ` խոսենք արդյունքների մասին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամուրղաշեւ եղբայրների մրցումներին մանսակցում են այս տարիքային խմբում գրեթե բոլոր ուժեղագույն ըմբիշները՝ մեր հավաքականը շատ լավ հանդես եկավ: Զգացվեց հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանի եւ մարզիչ Ալեքսան Հովհաննիսյանի, ինչպես նաեւ ըմբիշների անհատական մարզիչների աշխատանքը: Մեր ըմբիշները չեմպիոն դարձան տասը քաշային կարգերից երեքում, նվաճեցին մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Առաջին մրցանակին արժանացան Կարեն Ասլանյանը, Արթուր Սիմոնյանը եւ Տարոն Թումոյանը: Միայն եզրափակիչում պարտվեց Գեղամ Թորգոմյանը, Տիգրան Աբրահամյանն էլ զբաղեցրեց երրորդ տեղը:

Պատանեկան հավաքականում դուք տեսնո՞ւմ եք լավ հերթափոխ ավելի բարձր տարիքային խմբերի հավաքականների համար:

Իհարկե: Պատանեկան հավաքականում կան տաղանդավոր շատ ըմբիշներ, ովքեր արդեն հիմա ցույց են տալիս իրենց տարիքին ոչ բնորոշ գոտեմարտեր: Պարզ է, որ տղաների հետ համապատասխան աշխատանք պետք է տարվի, որպեսզի կարողանան հետագայում էլ ուրախացնել գեղեցիկ հաղթանակներով:

Ես հասկացա, որ դուք կարեւորում եք այս մրցաշարը:

Ճիշտ է։ Այս մրցումներում հանդես գալով ու հասնելով հաջողությունների՝ արդեն նշանակում է, որ ըմբիշն իր տարիքում կարող է մեծ հաջողությունների հասնել: Ներկայացուցչական մրցաշար էր, եւ շատ ուրախ եմ, որ հավաքականը լավ հանդես եկավ: Բացի այս ամենից մեր պատանեկան հավաքականը կազմավորվելու է այս մրցումների արդյունքներով: Մենք մրցավայր էինք մեկնել Հայաստանի չեմպիոն մարզիկներով եւ նրանց ելույթները, բնականաբար, հաշվի կառնենք: Նշեմ, որ Կարեն Ասլանյանն արդեն երրորդ անգամ է հաղթում այս մրցումներում` հանդես գալով տարբեր քաշային կարգերում: Ի դեպ, երկու անգամ էլ ժամանակին այս մրցումներում հաղթանակ է տարել  Արսեն Ջուլֆալակյանը: Հիմա պատանեկան հավաքականը նախապատրաստվելու է Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին: Առաջինը տեղի կունենա հուլիսին` Լեհաստանում, իսկ աշխարհի առաջնությունն անցկացվելու է Բաքվում, եւ հիմա ես չեմ կարող ասել՝ կմեկնենք մրցավայր, թե ոչ:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում