Ամեն ինչ նորմալ է Սոչիում: Պետք է ոչ ոքի տոնը չփչացնել: Կարծում եմ՝ նախագահները անհանգստանում են իրենց մարզիկների համար: Ես ինքս կարծում եմ, որ ամեն բան լավ է լինելու:
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սոչիի ձեռային Օլիմպիական խաղերի նախօրեին ասաց տափօղակով հոկեյի Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, մարզական մեկնաբան Սերգեյ Գիմաեւը:
Պարոն Գիմաեւ, վաղը տեղի կունենա Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի հանդիավոր բացումը: Ինչպիսի՞ տրամադրություն է քաղաքում: Սոչին պատրա՞ստ է:
Ամբողջ քաղաքի մասին դժվար է ասել: Մենք մի քանի օր առաջ ենք եկել Օլիմպիական ավան: Աշխատանքները վերջերս են ավարտել: Սենյակներից դեռ ներկի հոտ է գալիս: Ամեն բան արել են, որպեսզի խնդիրներ չառաջանան: Մարզական մասի համար կարող եմ ասել, որ մենք այս Օլիմպիադային շատ ենք սպասել: Երազում ենք, որ մեր հավաքականը լավ հանդես գա:
Այս խաղերի հանդեպ ուշադրությունը շատ մեծ է՝ հատկապես արեւմտյան ԶԼՄ-ների եւ երկների ղեկավարների կողմից: Հիմնականում քննադատություն է հնչում: Դուք ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
Մարդիկ սիրում են ամեն բան բարդացնել: Ամեն ինչ նորմալ է: Պետք է ոչ ոքի տոնը չփչացնել: Կարծում եմ՝ նախագահները անհանգստանում են իրենց մարզիկների մասին: Ես ինքս կարծում եմ, որ ամեն բան լավ է լինելու:
Ի՞նչ եղանակ է Սոչիում:
Այստեղ յոթ աստիճան տաք է եւ արեւ: Սոչիի կլիման տարբերվում է ամբողջ Կրասնոդարի մարզից, որտեղ այս օրերին բավականին ցուրտ էր:
Ո՞ր մարզաձեւերում եք ամենից շատ ոսկե մեդալներ սպասում:
Այնտեղ որտեղ մենք միշտ ուժեղ են հանդես գալիս՝ գեղասահք, բիատլոն, դահուկային սպորտ եւ տափօղակով հոկեյ:
Ի՞նչ եք կարծում Ռուսաստանի տափօղակով հոկեյի հավաքականին կհաջողվի ռեվանշի հասնել կանադացիներից Վանկուվերի պարտության համար:
Կարծում եմ՝ բացի Կանադայից շատ ուժեղ են նաեւ շվեդներն ու ամերիկացիները: Մեր ամենադժվար խաղը լինելու է փետրվարի 15-ին ԱՄՆ-ի դեմ: Դրանից հետո արդեն կկարողանաք խոսել մեր ուժերի մասին: Հույս ունենք՝ լավ հանդես կգանք: Չորս տարի է մարզվում էինք:
Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ Ռուսաստանի տափօղակով հոկեյի հավաքականի պաշտպանության գիծը շատ ավելի թույլ է հարձակման գծից:
Եթե մեզ մոտ հարձակման գծում հանդես են գալիս աստղեր, ապա պաշտպանությունում ուժեղ առաջատարներ չունենք: Բիլյալետդինովին հրավիրել էին, որպեսզի նա կարողանա կազմակերպել թիմի խաղը եւ որ ունենանք իսկական թիմ:
Կարելի՞ է ասել, որ Ռուսաստանի հավաքականը շատ մեծ կախում ունի իր առաջատարներից՝ Օվեչկինից, Դացյուկից եւ Մալկինից:
Կարծում եմ՝ դա վճռորոշ դեր չի խաղա: Իհարկե, Օվեչկինն ու Մալկինը ֆանտաստիկ հոկեյիստներ են: Ինչ վերաբերում է Դացյուկին, ապա մենք վստահ չենք, որ նա կարող է հանդես գալ Օլիմպիադայում: Դեռ հարցականի տակ է նրա ելույթը: Նա մեր հավաքականի առաջատարներից մեկն է:
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում