13:00  ,  27 հունվարի, 2014

Հայկական ֆուտբոլի ամենաանհաջող տրանսֆերները

Հայկական ֆուտբոլում անհաջող տրանսֆերները ավելի հաճախ են հանդիպում: Շատ ֆուտբոլիստներ ցանկացել են իրենց կարիերան շարունակել արտերկում, բայց միայն մի քանիսին է հաջողվել ամրապնդվել նոր թիմում: NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական ֆուտբոլի ամենաանհաջող տրանսֆերները: Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել ոչ թե պայմանագրի ֆինանսական կողմը կամ տեղափոխված թիմի կարգավիճակը, այլ՝ ֆուտբոլիստների հետագա աճը:

Էդգար Մանուչարյան («Փյունիկ» - «Այաքս»)

Էդգարի տեղափոխությունը «Այաքս» իսկական տոն էր հայ ֆուտբոլասերների համար: Այդպիսի հաջողություն դեռ հայկական ֆուտբոլում չէր եղել` Հայաստանի առաջնությունից տեղափոխվել միանգամից Եվրոպայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը: Բացի այդ նորություն չէ, որ «Այաքսի» լավագույն ֆուտբոլիստները միշտ հայտնվում են եվրոպական գրանդերում: Չնայած, Էդգարին հաջողվեց չորս տարի մնալ «Այաքսում», թիմի հետ դառնալ Հոլանդիայի գավաթակիր, ինչպես նաեւ «Արսենալի» նորաբաց ստադիոնի առաջին գոլի համահեղինակը, նրա տրանսֆերը «Այաքս» կարելի է անհաջող համարել: Հենց առաջին ընկերական խաղում «Բարսելոնայի» դեմ, Էդգարը լուրջ վնասվածք ստացավ: Վնասվածքները դարձան երիտասարդ ֆուտբոլիստի կարիերայի առաջընթացի հիմնական խոչընդոտը: Նա հայտնվեց «Այաքսի» երկրորդ կազմում: 2009-ին Էդգարը վարձավճարով տեղափոխվեց հոլանդական «Հարլեմ»: 2011-ին նա խզեց պայմանագիրը «Այաքսի» հետ եւ վերադարձավ «Փյունիկ», մի տարի հետո էլ հայտնվեց «Ուրալում»: Այժմ Մանուչարյանը նոր թիմ է փնտրում: Էդգարն ընդամենը 17 տարեկանում դարձավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Նրա հետ մեծ հույսեր էին կապում: Հնարավոր է այդ հույսներն իրականանային, եթե ժամանակին ֆուտբոլիստը այդքան մեծ ծանրաբեռնվածության տակ չընկներ՝ միանգամից խաղալով մինչեւ 17, 19, 21 եւ ազգային հավաքականներում:

Արման եւ Արտավազդ Քարամյաններ (Տիմիշոարա «Պոլիտեխնիկա» - «Ստյաուա»)

Հայաստանի հավաքականի առաջատարներ համարվող Քարամյան եղբայրները, մի քանի արտասահմանյան թիմեր փոխելուց հետո, 2004-ին տեղափոխվեցին Ռումինիա, որտեղ հանդես եկան Բուխարեստի «Ռապիդ» եւ Տիմիշոարայի «Պոլիտեխնիկա» ակումբներում: Երկու թիմերում էլ Քարամյանները թիմի առաջատարներից էին: Տիմիշոարայում եղբայրներին, կարելի է ասել, պաշտում էին: Սակայն 2010-ին Քարամյանները տեղափոխվեցին Ռումինիայի բազմակի չեմպիոն «Ստյաուա»: Այդ տեղափոխությունը ռումինական ԶԼՄ-ները շատ մանրամասն լուսաբանեցին, կարող ենք ասել, որ 2010-ին ոչ մի ֆուտբոլիստի տեղափոխություն Ռումինիայում այդքան մեծ արձագանք չէր գտել: Սակայն «Ստյաուայի» երկրպագուների սպասելիքները չարդարացան: Քարամյանները այդպես էլ չկարողացան արդարացնել սպասելիքները: Արտավազդը մասնակցեց ընդամենը 8, իսկ նրա երկվորյակ եղբայր Արմանը՝ 11 հանդիպման (3 գոլ): «Ստյաուա» տեղափոխությունից երկու տարի անց եղբայրները հանդես են գալիս ռումինական երկրորդ դիվիզիոնի «Կլինչենի» ակումբում:

Արթուր Պետրոսյան ( «Շիրակ» - «Մաքաբի» Պետահ Տիկվա, «Լոկոմոտիվ» Նիժնի Նովգորոդ)

Անկախ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի լավագույն ռմբարկուներից մեկի՝ Արթուր Պետրոսյանի կարիերան նույնպես հարթ չի ընթացել: Ժամանակին նրա ծառայություններով հետաքրքրվել է նաեւ Լոնդոնի «Արսենալը», սակայն «Շիրակի» ղեկավարության ագահության պատճառով այդ տեղափոխությունը չի կայացել: Արթուրը, ով «Շիրակի» կազմում մասնակցել էլ երկու հարյուրից ավելի հանդիպման եւ խփել հարյուրից ավելի գոլ, 1998-ին տեղափոխվեց իսրայելական «Մաքաբի», որը ներկայացնում է Պետահ Տիկվա քաղաքը: Արթուրը այդ թիմի կազմում մասնակցեց 14 հանդիպման ու ոչնչով աչքի չընկավ, նույն թվականին Պետրոսյանը տեղափոխվեց Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ», որտեղ մասնակցեց ընդամենը 6 հանդիպման եւ վերադարձավ Գյումրի:

Պետրոսյանի անհաջող տրանսֆերային պատմությունները բարեբախտաբար ավարտվեցին, եւ նա 1999-ին տեղափոխվեց Շվեյցարիա, որտեղ հանդես եկավ մինչեւ 2006-ը՝ դառնալով «Յանգ Բոյզի» եւ «Ցյուրիխի» հարձակման գծի առաջատարը:

Ռոբերտ Արզումանյան («Փյունիկ» - «Ռանդերս», «Յագելոնիա»)

2005-ին Հյաստանի առաջնության լավագույն նորեկ ճանաչված Ռոբերտ Արզումանյանը շատ շուտ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի եւ «Փյունիկի» անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էին մի քանի ակումբներ: 2008-ին երիտասարդ պաշտպանը տեղափոխվեց դանիական «Ռանդերս», որի հետ չորս տարվա պայմանագիր կնքեց: Մեկ տարի անց նա սկսեց ավելի քիչ հանդես գալ թիմի հիմնական կազմում: Երկու տարուց նրան տեղափոխեցին երկրորդ թիմ: Ռոբերտը տեղափոխվեց լեհական «Յագելոնիա», բայց վնասվածքների ու որոշ հանգամանքների առկայությունը խոչընդոտեցին նրա հետագա զարգացմանը: Փոխվեց թիմի մարզիչը, ով Ռոբերտին չէր տեսնում իր թիմի կազմում: Չորս տարի արտերկում հանդես գալով` Ռոբերտն այդպես էլ չգտավ իր թիմը: 2012-ին նա սկսեց վարձավճարով հանդես գալ «ԲՄԱ Էներգիայում», սակայն մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հեռանալուց հետո երկար չմնաց թիմում: Այժմ Ռոբերտը հանդես է գալիս Ղազախստանի չեմպիոն «Ակտոբեում»:

Արտակ Եդիգարյան («Փյունիկ» - «Մետալուրգ»)

2012-ի հուլիսին  Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Արտակ Եդիգարյանը, ով այդ պահին հանդիսանում էր նաեւ երիտասարդական հավաքականի եւ «Փյունիկի» ավագը, տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», որտեղ արդեն հանդես էին գալիս հավաքականի երեք ֆուտբոլիստներ: Պայմանագիրը ուկրաինական թիմի հետ նախատեսված էր երեք տարով: Արտակի տեղափոխվելուց մեկ ամիս անց «Մետալուրգի» գլխավոր մարզչ Վլադիմիր Պյատենկոյին փոխարինեց Յուրի Մաքսիմովը, ում օրոք հայ ֆուտբոլիստները սկսեցին ավելի քիչ խաղային ժամանակ ստանալ եւ հերթով լքել թիմը: Արտակը, այդպես էլ իր մշտական տեղը չգտնելով թիմի կազմում եւ խաղալով ընդամենը ութ խաղ, վերադարձավ Հայաստան: Մեկ տարի երիտասարդ  ֆուտբոլիստի գործերն այդքան էլ հաջող չընթացան: Նա այլեւս չէր հրավիրվում ազգային հավաքական: Հանդես էր գալիս «Բանանցում»: Լուրեր էին պտտվում, թե Արտակը պետք է տեղափոխվի Ղազախստան: Սակայն մի քանի օր առաջ ֆուտբոլիստը պայմանագիր կնքեց Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսի» հետ: Ֆուտբոլիստին նկատել են հենց լիտվական ակումբում՝ առանց գործակալների միջնորդության, եւ միանգամից դիմել «Բանանցին»:

Էդգար Մալաքյան («Փյունիկ» - «Վիկտորիա» Պլզեն)

2008-2009թթ. մրցաշրջանի «Փյունիկի» լավագույն ֆուբոլիստներից մեկը Էդգար Մալաքյանն էր: Անհնար էր չնկատել ֆուտբոլիստի գեղեցիկ եւ ստեղծագործ խաղը: Նույն թվականին տեղի ունեցավ Մալաքյանի նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում: Նրա արտասահման տեղափոխվելը հաջողվեց միայն 2012-ին: Էդգարին նկատեց Չեմպիոնների լիգայում «Փյունիկի» մրցակիցը՝ չեխական «Վիկտորիան» Պլզեն քաղաքից: Էդգարը թիմում խաղաց ընդամենը վեց խաղ եւ մեկ տարի անց տեղափոխվեց չեխական այլ թիմ՝ «Դինամո Չեսկո Բուդեվիցե», որտեղ նույնպես չկարողացավ դառնալ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Այժմ Էդգարը հանդես է գալիս Երեւանի «Բանանցում»:

Մարկոս Պիզելի («Կուբան» - «Կրասնոդար»)

Մարկոսի լավագույն տրանսֆերը երեւի թե կարելի է համարել 2006-ին Երեւանի «Արարատին» միանալը: Որտեղ նրա կյանքում նոր էջ սկսվեց: Իսկ ահա անհաջող տեղափոխությունները  նրա կարիերայում ավելի հաճախակի են հանդիպում: 2008-ին նա տեղափախվեց Ֆրանսիայի Իսի Լե Մուլինո քաղաքի «Արարատ» թիմ, որը հանդես էր գալիս երկրի հինգերորդ դիվիզիոնում: Մեկ տարի անց նա վերադարձավ  Հայաստան եւ պայմանագիր կնքեց «Փյունիկի» հետ եւ շատ հաջող երկու մրցաշրջան անցկացրեց: Դրանից հետո նրան գնեց Դոնեցկի «Մետալուրգը», իսկ հետո՝ Կրասնոդարի «Կուբանը»: Ռուսաստանի առաջնությունում նա հայտնվեց հիմնականում թիմի գլխավոր մարզիչի ցանկությամբ: Դան Պետրեսկուն Մարկոսին նկատել էր դեռ Եվրո-2012 ընտրական փուլի Ռուսաստան - Հայաստան հանդիպման ժամանակ: Մարկոսը շատ հաջող մեկնարկ ունեցավ նոր թիմում եւ դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող, սակայն Պետրեսկուի հեռանալուց հետո, նոր մարզիչ Յուրի Կրասնոժանը Մարկոսին նստեցրեց պահեստայինների նստարանին: Երկար ժամանակ խաղային պրակտիկայի բացակայությունը արեց իր գործը: Մարկոսը կորցրեց իր տեղը նաեւ հավաքականի մեկնարկային կազմում: Մեկ տարի անց նա տեղափոխվեց Կրասնոդարի մյուս ակումբ՝ «Կրասնոդար»: Սակայն այնտեղ նույնպես չկարողացավ իր տեղը գտնել եւ միայն վեց անգամ դուրս եկավ խաղադաշտ: Օրեր առաջ Մարկոսը վարձավճարով տեղափոխվեց ղազախական «Ակտոբե»:

Հրայր Մկոյան («Միկա» - «Սպարտակ Նալչիկ»)

Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը, ով 2009-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխության ժամանակ զբաղեցրեց երկրորդ տեղը, երբեք չէր թաքցնում, որ շատ է ցանկանում հանդես գալ արտերկրում: 2011-ի դեկտեմբերին նրա ծառայություններով սկսեց հետաքրքրվել «ԲՄԱ Էներգիան», որի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը շատ էր ցանկանում Հրայրին իր թիմում տեսնել: Սակայն Մկոյանը ընտրեց Նալչիկի «Սպարտակը»: Ըստ պայմանագրի, եթե թիմին ռուսական Պրեմիեր լիգայում հաջողվեր պահպանել տեղը,  նրա պայմանագիրը կերկարաձգվեր: Կես տարում Հրայրը միայն մեկ անգամ դուրս եկավ խաղադաշտ: «Սպարտակից» հետո Հրայրը ուժերը փորձեց Չեխիայում եւ Ուկրաինայում, սակայն վերադարձավ Հայաստան: Օրեր առաջ նա վերադարձավ «Շիրակ»:

Սամվել Մելքոնյան  («Բանանց» - «Մետալուրգ»)

2008-ին Հայաստանի ազգային հավաքականի եւ  «Բանանցի» ֆուտբոլիստ Սամվել Մելքոնյանը տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»: «Բանանցի» կազմում ֆուտբոլիստը հասցրել էր դառնալ 53 գոլի հեղինակ: Այդ պատճառով նոր տրանսֆերից սպասելիքները մեծ էին, հատկապես, որ այդ տարիներին ցանկացած արտասահմանյան թիմ տեղափոխվելն արդեն իսկ մեծ առաջխաղացում էր համարվում: Բայց Սամվելի մոտ չստացվեց ամրապնդվել ուկրաինական թիմում: Մեկ տարում հարձակվողը մասնակցեց 16 խաղի, այդպես էլ չդառնալով գոլի հեղինակ: Նա վերադարձավ Երեւան: 2011-12թթ. մրցաշրջանը Մելքոնյանն անցկացրեց Բուրգաս քաղաքի «Չեռնոմորեց» թիմում: Այժմ Մելքոնյանը Կապանի «Գանձասարի» ֆուտբոլիստ է:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով