15:04  ,  20 հունվարի, 2014

Հայաստանի ազգային հավաքականին մերժած ֆուտբոլիստների ճակատագիրը (ֆոտո)

Գաղտնիք չէ, որ ֆուտբոլի Հայաստանի առաջնության մակարդակը մեղմ ասած բարձր չէ, ու ազգային թիմի կազմը շատ հաճախ համալրվել է արտերկրում աչքի ընկած հայ ֆուտբոլիստներով, որոնց մեծամասնությունը առնչություն չի ունեցել ՀՀ ներքին առաջնության հետ: Նրանց մեծ մասը սիրով ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերը եւ հանդես եկել հավաքականում: Ոմանք լավ են հանդես եկել, դարձել են թիմի առաջատարները, ոմանք այդպես էլ չեն արդարացրել սպասելիքները: Ինչպե՞ս դասավորվեց այն ֆուտբոլիստների ճակատագիրը, ովքեր մերժեցին Հայաստանի հավաքականին:

Խոակին Բոգոսյան

2009-ին Հարավային Ամերիկայում նոր ֆուտբոլային աստղ հայտնվեց: Ուրուգվահայ Խոակին Բոգոսյանն արգենտինական Պրիմերայի 2009-10թթ. մրցաշրջանում «Նյուելս Օլդ Բոյսի» կազմում 34 խաղում դարձավ 17 գոլի հեղինակ: Խոակինը հանդես էր եկել Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում, սակայն ազգային թիմ չէր հրավիրվում, որտեղ արդեն մեծ մրցակցություն էր: ՀՖՖ-ն Պողոսյանին հավաքականին միանալու հրավեր ուղարկեց, իսկ Ռուբեն Հայրապետյանն իր ասուլիսում հայտարարեց, որ Խոակինը 90 տոկոսով Հայաստանի ազգային հավաքականի անդամ է:

Խոակին Բոգոսյան

Այնուամենայնիվ, Խոակինը չշտապեց ընդունել հրավերը: Նրա լռությունը սկսվեց տարբեր կերպ մեկնաբանվել: Սակայն բոլորին պարզ էր, որ երիտասարդ ֆուտբոլիստը հույս ուներ խաղալ Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում: Որպեսզի Խոակինը ընդունի Հայաստանի հրավերը աշխարհի տարբեր ծայրերից մի շարք հայ երկրպագուներ տեսահոլովակներ նկարահանեցին, որտեղ Խոակինին կոչ էին միանալ Հայաստանի հավաքականին:

Բայց անգամ դրանից հետո, այդքան սպասված, «այո»-ն չլսվեց: Արգենտինայում հաջող հանդես գալուց հետո, Խոակինը տեղափոխվեց Եվրոպա՝ ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգ»: 2010-2013թթ. Խոակինը ավստրիական թիմի կազմում դարձավ միայն մեկ գոլի հեղինակ եւ վերադարձավ Ուրուգվայի «Նասիոնալ» թիմ, որտեղ նույնպես չփայլեց: Նախորդ տարի ֆուտբոլիստը խաղում էր բելգիական «Սերքլ Բրյուգե» թիմում, որի կազմում խփեց միայն մեկ գոլ: Այժմ Խոակինը կրկին Արգենտինայում է՝ «Կիլմեսում»: Երեկ՝ հունվարի 19-ին Պողոսյանը բարձավ 27 տարեկան: ՀՖՖ նախագահը, իր հերթին արդեն հայտարարել է, որ հավաքականի դռները նրա համար հավերժ փակ են:

Կարեն Օհանյան

Կարենը Մոսկվայի «Տորպեդո» թիմի մարզադպրոցի սան էր: 2001-2002թթ. հանդես էր գալիս «Տորպեդոյում», 15 խաղում դարձել 2 գոլի հեղինակ: Մեկ տարի անց նա տեղափոխվեց «Տորպեդո Մետալուրգ»: 2003-ին Կարենը հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական, բայց չընդունեց հրավերը՝ հուսալով, որ կհրավիրվի Ռուսաստանի հավաքական: Դա տեղի չունեցավ:

Կարեն Օհանյան

Հայտնի Ֆուտբոլային գործակալ Արսեն Մինասովի խոսքով, Օհանյանի կարիերան կործանեց նրա հայրը, ով ցանկանում էր, որ տղան հանդես գա միայն մոսկովյան թիմերում եւ մեծ գումարներ վաստակի: 2004-ին ֆուտբոլիստը հայտնվեց «Ալանիայում», մեկ տարում խաղալով տասը խաղ եւ չխփելով ոչ մի գնդակ նա տեղափոխվեց Ուկրաինա՝ «Մետալիստ»: Որտեղ եւս ոչ մի հաջողություն չունեցավ: Վերջին տարիներին Կարենը մի քանի թիմ փոխեց եւ 2012-ին ավարտեց ֆուտբոլային կարիերան:

Արթուր Մալոյան

Արթուր Մալոյանը համարվում էր Մոսկվայի «Սպարտակի» ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը: Դեռ 19 տարեկանում նա «Սպարտակի» հիմնական կազմում մի քանի հանդիպման մասնակցեց: Երիտասարդ ֆուտբոլիստը գրավեց նաեւ ՀՖՖ-ի ուշադրությունը, սակայն մերժեց ազգային հավաքականին միանալու հրավերը՝ պատճառաբանելով, որ ցանկանում է խաղալ Ռուսաստանի ազգային հավաքականում: Մերժումից հետո Մալոյանը գործերը սկսեցին անկում ապրել:

Արթուր Մալոյան

«Սպարտակում» նա այդպես էլ չհաստատվեց՝ խաղալով ընդամենը հինգ խաղ եւ մեկ տարի անց վարձավճարով հանձնվեց «Սալյուտ» թիմին, սակայն վերջիններս հետ կանգնեցին ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկությունից, եւ նա տեղփոխվեց «Անժի», հետո «Ուրալ» եւ Բրյանսկի «Դինամո»: 2011-2013 ֆուտբոլիստը չխաղաց վնասվածքի պատճառով: Այժմ Մալոյանը հանդես է գալիս «Շիննիկի» կազմում: Վերջերս տված հարցազրույցում Մալոյանը նշել է, որ դեռ հույս ունի Ռուսաստանի հավաքականում հանդես գալ:

Ալեն Բոգոսյան

Եթե կա մի ֆուտբոլիստ, ով երբեք չի զղջացել Հայաստանի հավաքականին մերժելու որոշման համար, ապա դա ֆրանսահայ Ալեն Բոգոսյանն է: Մարսելի «Օլիմպիկում», «Նապոլիում», «Սամպդորիայում», «Պարմայում» հանդես եկած ֆուտբոլիստը հրավեր է ստանում միանալ Հայաստանի ազգային հավաքականին: Ալենը չի ընդունում այդ հրավերը: Նրան հրավիրում են Ֆրանսիայի հավաքական, որի կազմում նա դառնում է աշխարհի չեմպիոն(1998):

Ալեն Բոգոսյան

Բոգոսյանն իր կարիերան ավարտեց իսպանական «Էսպանյոլում»: Այժմ նա Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի օգնականն է:

Վահան Գեւորգյան

2003-ին Հայաստանի ազգային հավաքական հրավիրվեց այդ պահին Պլոցկի «Վիսլայում» հանդես եկող Վահան Գեւորգյանը: Այդ ժամանակ 22-ամյա եզրային կիսապաշտպանը դարձել էր իր թիմի առաջատարներից մեկը եւ դրանով գրավել Հայաստանի հավաքականի ռումինացի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի ուշադրությունը: Սակայն Վահանը, ով արդեն լեհական երիտասարդականում մի քանի հանդիպում էր անցկացրել, մերժեց մեր ընտրանու հրավերը՝ հուսալով, որ կհրավիրվի Լեհաստանի ազգային հավաքական:

Վահան Գեւորգյան

Այդպես էլ եղավ, Գեւորգյանը լեհական ընտրանու կազմում ընդամենը մեկ հանդիպում անցկացրեց: Երեւանում ծնված ֆուտբոլիստը, ով այժմ 32 տարեկան է, շարունակում է հանդես գալ լեհական «Էքստրակլաս» լիգայում եւ պաշտպանում է այդ առաջնության նորեկ «Զավիշայի» գույները:

Ռոման Գրիգորյան եւ Միխայիլ Մարկոսով

Ռոման Գրիգորյանն ու Միխայիլ Մարկոսովը այս ցուցակում ընդգրկված ֆուտբոլիստներից առանձնանում են նրանով, որ երկուսն էլ նախապես, հարցազրույցների ժամանակ, տվել են իրենց համաձայնությունը հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում, բայց երկուսի դեպքում էլ ինչ-ինչ պատճառներով այդ հրավերը կյանքի չի կոչվել:

Ռոման Գրիգորյան

2011-ին տված հարցազրույցում Գրիգորյանը, ով այդ պահին հանդես էր գալիս Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբում, հայտարարել էր, որ մեծ սիրով կընդունի Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը, սակայն մեկ տարի անց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ասուլիսի ժամանակ նշեց, որ Ռոմանը իրենց հրավերին արձագանքել է այսպես՝ «կմտածեմ», եւ նա այլեւս հավաքականից հրավեր չի ստանա: Գրիգորյանն այս պահին հանդես է գալիս ռուսական երկրորդ դիվիզիոնի Պոդոլսկի «Վիտյազ» ակումբում եւ 2013թ. մրցաշրջանում մասնակցել է ընդամենը երեք հանդիպման: 2013-ին Հայաստանի հավաքական հրավիրվեց նաեւ այդ պահին Ուֆայի համանուն թիմում հանդես եկող հարձակվող Միխայիլ Մարկոսովը:

Միխայիլ Մարկոսով

Ասել, որ Մարկոսովը մերժեց ՀՖՖ ուղարկած հրավերը, սխալ կլինի, բայց ինչ-ինչ պատճառներով ռուսական առաջին դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստի նորամուտը այդպես էլ չկայացավ: Կարող ենք միայն փաստել, որ Մարկոսովի հավաքական չգալը ավելի շատ տեխնիկական խնդիրների հետ էր կապված, ՀՖՖ-ն չկարողացավ համոզիչ կերպով հիմնավորել Մարկոսովի հավաքական չգալու իրական պատճառները, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը որոշեց կենտրոնանալ իր ակումբային կարիերայի վրա:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով