18:11  ,  17 հունվարի, 2014

Այնուամեայնիվ, ի՞նչ է ղազախական ֆուտբոլը

Եթե մեկ տարի առաջ հայ ֆուտբոլասերին ամենից շատ հետաքրքրում էր Ուկրաինայի առաջնությունը, ապա այսօր որքան էլ զարմանալի է, Ղազախստանի առաջնությունը դարձել է ամենաքննարկվողը հայկական ֆուտբոլում: Այսօրվա դրությամբ Հայաստանի ազգային հավաքականի առանցքային երեք ֆուտբոլիստներ հանդես են գալիս Ղազախստանի առաջնությունում, մի քանիսն էլ փորձաշրջան են անցնում: Հնարավոր է, որ մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը, այդ առաջնությունը համալրվի ազգային հավաքականի եւս մի քանի ֆուտբոլիստներով:

Շատերի կարծիքով ֆուտբոլիստների հոսքը Ղազախստան առաջին հերթին կապված է մեծ գումարների հետ: Ղազախստանում ֆուտբոլիստները ստանում են ավելի շատ աշխատավարձ, քան Ուկրաինայում (բացառությամբ «Շախտյորի» ու «Դինամոյի»)` միջինը ամսական 20-30 հազար դոլար: Բացի այդ Ղազախստանում հայ ֆուտբոլիստները մշտապես խաղային պրակտիկա ունեն:

Առաջինը Ղազախստան տեղափոխվեց Ռոբերտ Արզումանյանը: «Յագելոնիայում» այդպես էլ չհարմարվելով՝ Ռոբերտը տեղափոխվեց Ռուսաստանի առաջին լիգայում հանդես եկող «ԲՄԱ - Էներգիա» թիմը, սակայն թիմի գլխավոր մարզիչի փոփոխությունից հետո լքեց այն եւ տեղափոխվեց «Ակտոբե»: Նրանից հետո ուկրաիանական «Գովերլայում» հանդես եկող  Արթուր Եդիգարյանը պայմանգիր կքնեց «Կայրաթի» հետ: Հետո էլ Գեւորգ Ղազարյանը վարձավճարով տեղափոխվեց Կարագանդայի «Շախտյոր», իսկ նախորդ տարվա նոյմեբերին թիմը գնեց ֆուտբոլիստին: Սակայն այս պահին Ղազարյանը մոտ է «Կայրաթ» տեղափոխվելուն: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին «Մետալուրգից» հեռանալուց հետո այդպես էլ իր տեղը չգտավ ռուսական թիմերի կազմում, թե՛ «Կուբանում», թե՛ «Կրասնոդարում» նա մնում էր պահեստայինների նստրանաին: Մարկոսը արդեն 30 տարեկան է, եւ նրա խոսքերով այս պահին առաջնայինը խաղային պրակտիկա ունենալն է: «Ակտոբեում» փորձաշրջան է անցնում նաեւ Լեւոն Հայրապետյանը, ով վերջերս հեռացավ լեհական «Վիձեւից»:

Ղազախական ֆուտբոլային ակումբենրից մեկի անունը հավերժացված է Երեւանի գլխավոր ստադիոնի մուտքի մոտ: «Հրազդանում» առաջին խաղը եղել է «Արարատ» – «Կայրաթ» հանդիպումը: «Կայրաթը» խորհրդային ժամանակաշրջանի  ղազախական ուժեղագույն թիմն էր: ԽՍՀՄ փլուզումից հետո գրեթե բոլոր ակումբները ֆինանսական ճգնաժամ ապրեցին: Իրադրությունը փոխվեց 1990-ականների վերջին, երբ հատուկ կարգադրությամբ որոշվեց, որ ակումբների համար առաջին հերթին պատասխանատվություն են կրում ղազախական ակիմատները (պետության գործադիր իշխանության շրջանային մարմինները): Այդ որոշումից հետո ղազախական ֆուտբոլում սկսվեցին մեծ գումարներ պտտվել, ինչը  ոչ միայն առաջնությունը դուրս բերեց 90-ականների սկզբի ճգնաժամից, այլեւ բարենպաստ ազդեցություն ունեցավ թիմերի զարգացման հարցում:

2013թ. Ղազախստանի չեմպիոն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, «Ակտոբեի» հովանավորը Ակտյուբինսկի շրջանի ակիմատն է: Թիմի բյուջեի վերաբերյալ որեւէ պաշտոնական տեղեկություն չկա, բայց ըստ ղազախական ԶԼՄ-ների, այն կազմում է մոտավորապես 10-15մլն դոլար: 2013թ. փոխչեմպիոն «Աստանայի» հովանավորը Ղազախստանի երկաթուղային ընկերությունն է: Իսկ բրոնզե մեդալակիր «Կայրաթին» հովանավորում է Ալմաթիի ակիմատն ու «ԿազՌոսԳազ» ընկերությունը: Տեղական ԶԼՄ-ների պնդմամբ, այդ թիմը երկրի ամենահարուստ ակումբն է, որի բյուջեն տատանվում է 40-45մլն դոլարի շրջանակներում:

Ղազախստանում աշխատում են հայտնի մարզիչներ Վլադիմիր Վայսը, Օմարի Տետրաձեն: Կառուցվում են մարզաբազաներ, մարզադաշտեր: Առաջին արդյունքը եղավ արդեն  2013-ին, երբ Կարագանդային «Շախտյորը» հայտնվեց Եվրոպայի լիգայի խմբային փուլում:

Կօգնեն արդյոք մեծ գումարները ղազախական ֆուտբոլին, կերեւա առաջիկա տարիներին, իսկ մենք ակամայից պետք է հետեւենք Ղազախստանի առաջնությանը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով