15:55  ,  15 հունվարի, 2014

Արթուր Սարկիսով. Ես ոչ մի լուրջ վնասվածք չունեմ, տրանսֆերիս մասին լուրն էլ անսպասելի էր

Ես ոչ մի լուրջ վնասվածք չունեմ, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիոսվը՝ ակնարկելով, որ այդ հանգամանքով հիմնավորել իր տրանսֆերը հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ Եկատերինբուրգի «Ուրալի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ալեքսանդր Տարխանովի նշանակումից հետո ակումբը որոշեց տրանսֆերի հանել Արթուր Սարկիսովին եւ Էդգար Մանուչարյանին: Սարկիսովը ցանկանում է կարիերան շարունակել Ռուսաստանի առաջնությունում:

Արթուր, քո տրանսֆերը վաճառելու մասին «Ուրալի» որոշումը անակնկա՞լ էր քեզ համար:

Ես չգիտեի այդ մասին, բայց, իհարկե, ինձ հայտնեցին այդ լուրը մինչեւ պաշտոնական կայքում տեղադրելը: Բայց անսպասելի էր:

Մարզչական շտաբում ասում են, որ վաճառքը կապված է վնասվածքիդ հետ: Ի՞նչ կասես այդ մասին:

Ես ընդհանրապես չգիտեմ, թե ինչ վնասվածքի մասին է խոսքը: Այո, ես ստացել էի վնասվածք եւ դրա պատճառով բաց թողել ընդամենը երկու խաղ: Ես ոչ մի լուրջ վնասվածք չունեմ:

Ունե՞ս առաջարկներ այլ թիմերից: Ո՞ր առաջնությունում ես քեզ տեսնում:

Միանշանակ, Ռուսաստանում: Ես ունեմ մի քանի առաջարկ, բայց անուններ հիմա չեմ կարող բացահայտել:

Ի՞նչ կարծիքի ես այն փաստի վերաբերյալ, որ Հայաստանի հավաքականի գրեթե կեսն արդեն հանդես է գալիս Ղազախստանում:

Ես չեմ հետեւում Ղազախստանի առաջնությանը: Կես տարի առաջ ինձ հրավիրել էին Ղազախստան, բայց ես մերժեցի, քանի որ ցանկանում եմ խաղալ Ռուսաստանում, որտեղ առաջնությունը շատ ուժեղ է: Այստեղ հետաքրքիր է խաղալ, կարելի է կատարելագործվել եւ ավելի բարձրացնել մակարդակը:

Խոսե՞լ ես Էդգար Մանուչարյանի հետ:

Իհարկե, խոսել եմ: Ցանկացած ֆուտբոլիստի համար սա տհաճ իրավիճակ է:

Ե՞րբ պարզ կդառնա քո նոր թիմի անունը:

Հույս ունեմ շուտով: Թիմերն արդեն մեկնել են հավաքների: Ինձ պետք է շուտ միանալ նրանց եւ շարունակել իմ գործը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով