15:24  ,  29 ապրիլի, 2012

Եվրոպայի 16-ակի եւ աշխարհի քառակի ոսկե մեդալակիր Զինաիդա Սիմոնյանը արժանավայել չի մեծարվել

Զինաիդա Սիմոնյանը չի մեծարվել ըստ արժանվույն, երիտասարդներն ու պատանիները նրան չեն ճանաչում: Որքան էլ փորձենք նրան մեծարել, նրա հիշատակին նվիրված միջոցառումներ կազմակերպել, բավական չէ: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանն այսպես բնութագրեց ֆեդերացիայիկազմակերպած Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված հրաձգության առաջնության նպատակը:

Հրաձգության Խորհրդային Միության 18-ակի, Եվրոպայի 16-ակի եւ աշխարհի քառակի ոսկե մեդալակիր Զինաիդա Սիմոնյանը մահացավ անցած ամիս, 62 տարեկանում: 

Հայաստանի հրաձգության ֆեդերացիան այսօր, ապրիլի 29-ին անցկացնում է Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված գնդակային հրաձգության վետերանների առաջնություն ու Ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկություն:

Առաջնության բացմանը ներկա էին Սպորտի նախարարության, ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներ: Մինչեւ առաջնությանը մեկնարկը ցուցադրվեց Զինաիդա Սիմոնյանին նվիրված ֆիլմ, մրցավայրից հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Ա. Սարիբեկյանի փոխանցմամբ, այս առաջնության անցկացումը դեռեւս Զինաիդա Սիմոնյանի կյանքի օրոք էր նախատեսված.

«Ի սկզբանե պլանավորվել էր Զինաիդա Սիմոնյանին նվիրված առաջնություն անցկացնել: Սակայն նրա վաղաժամ մահը փոխեց առաջնությունը նրա հիշատակին: Առաջնությանը մասնակցում են Հայաստանի հրաձգության վետերանները: Սա ուղղակի առաջնություն է, որի նպատակն է հիշել, հարգել, մեծարել  Զինաիդա Սիմոնյանին: Այդ կինը լինելով սպորտի վարպետ, իր կյանքի օրոք ըստ մեզ, չի ստացել այն պատիվն ու համբավը, որին նա արժանի էր եւ մարդկային հատկանիշներով եւ սպորտային հաջողություններով: Խոսքը պետության ուշադրությունն ու վերաբերմունքը չէ բնավ: Այլ այն, որ այսօր մեր երիտասարդներից ու պատանիներից շատերը անտեղյակ են Զինաիդա Սիմոնյանի մասին: Այսօր մեր կյանքն այնպես է դասավորվել, որ համեստ մարդիկ շատ բանի չեն հասնում, որովհետեւ նրանք իրենց մասին չեն լսեցնում: Իրենց շրջապատը պետք է այդ ամենն անի եւ արժանվույն գնահատի նրանց: Տիկին Զինաիդան իրոք արժանի է այդ վերաբերմունքին եւ ինչ էլ որ կազմակերպենք եւ անենք ժամանակի ընթացքում, հավատացնում եմ, որ չենք կարող այն արժանին մատուցել, որին նա արժանի էր:

Հայաստանում առաջին անգամ է նման առաջնություն անցկացվում: Որոշեցինք հենց վետերաններից սկսել, այսպես ասած` սպորտի մեծերից, հանձինս Զինաիդա Սիմոնյանի: Եթե մեծերին չհարգենք, մեծերով չսկսենք, մեծերին չհիշենք` ցանկացած գործընթացի, մարզաձեւի զարգացման հիմքը սխալ կդրվի: Ուստի երիտասարդների ու պատանիների համար վետերանների այս առաջնությունը, նրանց մասնակցությամբ առաջնությանը ներկա լինելը  այս պարագայում շատ ավելի կարեւոր է եւ նպատակային է»:

Առաջնությունն անցկացվում է երեք մրցաձեւերում`օդամղիչ հրացան, օդամղիչ ատրճանակ եւ վազող թիրախ: Մասնակցում են Երեւանի եւ հանրապետության մարզերի վետերան հրաձիգներ:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում