Առաջիկա հավաքի ժամանակ Արաս Օզբիլիսը լիովին պատրաստ կլինի եւ կհասկանա, թե իրենից ինչ են ակնկալում «Սպարտակում»: Յուրա Մովսիսյանը մարտական ոգու տեր է:
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մոսկվայի «Սպարտակ» ակումբի գործադիր տնօրեն Ռոման Ասխաբաձեն, որը այցելել էր Երեւան:
Պարոն Ասխաբաձե, ինչպե՞ս կգնահատեք «Սպարտակի» հայ ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի ելույթները: Ռուսական մամուլը հոռետեսորեն էր տրամադրված, երբ Օզբիլիզը տեղափոխվեց «Սպարտակ»:
Ես Օզբիլիսի հասցեին հատուկ քննադատություն չեմ նկատել: «Սպարտակի» բոլոր ֆուտբոլիստները գրեթե միշտ քննադատության կրակի տակ են: Դա միշտ այդպես է լինելու: Յուրա Մովսիսյանի արդյունքները խոսում են ամեն ինչի մասին: Այս պահին նա Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուն է եւ ապացուցում է, որ զուր չի եկել «Սպարտակ»:
Ինչ վերաբերում է Արասին, ապա նրա հանդեպ վերաբերմունքը մի քիչ կողմնապահ էր, քանի որ նորեկներից միշտ ակնկալիքները մեծ են: Արասը պետք է ամրապնդվի թիմի հիմնական կազմում, որպեսզի ցույց տա այն մակարդակը, որը նրանից սպասում ենք: Նա դեռ թիմի կազմում անհրաժեշտ ժամանակ չի խաղացել: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար շատ կարեւոր է թիմի ուսումնամարզական հավաքներին մասնակցելու գործոնը: Իսկ Արասը մեզ մոտ եկավ այդ հավաքների ավարտին: Այդ պատճառով ձմեռային առաջիկա հավաքի ժամանակ ամեն բան իր տեղը կընկնի. նա լիովին պատրաստ կլինի եւ կհասկանա, թե իրենից ինչ են ակնկալում: Մարզչական կազմը նկատում է Յուրայի եւ Արասի աշխատասիրությունը մարզումների եւ խաղերի ժամանակ: Գաղտնիք չէ, որ Յուրան վերջին հանդիպումներում խաղում էր ծնկի ցավերով եւ դիմանում էր միայն ցավազրկող ներարկումների շնորհիվ: Դա խոսում է նրա մարտական ոգու մասին:
Չե՞ք կարծում, որ Արասն ավելի շուտ կընտելանար թիմին, եթե ավելի հաճախ խաղար Յուրայի հետ: Հավաքականում նրանց մոտ խաղացվածությունը բարձր մակարդակի է: ԲԿՄԱ-ի հետ խաղում Արասը դուրս եկավ խաղադաշտ, երբ Յուրան փոխարինվեց:
Այդ հարցը մարզիչին է պետք տալ: Ըստ իս, նա կախված է ոչ թե երկու, այլ 11 ֆուտբոլիստների խաղացվածությունից: Եվ հետո, Արասը վնասվածքով խաղադաշտ դուրս եկավ: Մինչ այդ, նա մի քանի օր մարզվում էր անհատական ծրագրով:
Ի՞նչ կասեք ԲԿՄԱ-ի երկրպագուների պաստառի մասին «Սպարտակի» հետ խաղում: Շատերը կարծեցին, թե դա հայ ֆուտբոլիստների դեմ էր ուղղված:
Մենք չենք տեսել ոչ անուններ, ոչ էլ ազգանուններ: Պետք չէ կողմնապահ վերաբերվել ինչ-որ մեկին: Մենք տեսանք այդ պաստառը, եւ ամեն մեկը հասկացավ այնպես, ինչպես ցանկացավ: Եթե այնտեղ լինեին կոնկրետ անուններ կամ ազգանուններ, մենք վստահորեն կարող էինք ասել, որ դա այդպես է: Կարգապահական կոմիտեն, կանոնադրության համաձայն, արդեն պատժել է ԲԿՄԱ-ին՝ այդ չլիազորված պաստառի համար:
Մոտ ապագայում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցության հեռանկարներ կա՞ն: Հնարավո՞ր է այստեղ անցկացնեք ձմեռային հավաքը:
Մենք համագործակցում ենք ֆեդերացիայի հետ: Մեր երկու ֆուտբոլիստները ներկայացնում են Հայաստանի հավաքականը: Իսկ մնացածի մասին հիմա չեմ կարող ասել: Ժամանակը ցույց կտա:
Կասե՞ք, թե որն է Ձեր՝ Հայաստան գալու հիմնական պատճառը:
Ներողություն, բայց չեմ ասի:
«Սպարտակը» պատրաստվու՞մ է ձմեռային տրանսֆերային պատուհանին: Կա՞ն թույլ օղակներ, որոնք պետք է ուժեղացնել:
Մենք միշտ ասել ենք, որ մեզ համար ամենակարեւորն այն է, որ վնասվածք ունեցող մեր ֆուտբոլիստները ապաքինվեն: Դա վերաբերում է Յուրային, Ռոմուլոյին եւ Բոկետիին: Ամենամեծ պատասխանատվությունը դրված է բժշկական շտաբի վրա:
Մամուլում շրջանառվում է, թե Յուրայով հետաքրքրվում են գերմանական մի շարք ակումբներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
Մենք խոսակցությունները չենք մեկնաբանում: «Սպարտակի» շատ ֆուտբոլիստների ծառայություններով են հետաքրքվում, բայց անուններ չեմ ասի:
Յուրա Մովսիսյանն անցյալ տարի այս ժամանակ տեղափոխվեց «Սպարտակ»: Դա ամենաքննարկվող տրանսֆերներց մեկն էր: Այնուամենայնիվ, ե՞րբ «Սպարտակը» սկսեց իսկապես մտածել Յուրային ձեռք բերելու մասին:
Մենք հետեւում ենք տարբեր առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների ելույթներին, բայց երբ ֆուտբոլիստը հանդես է գալիս քո առաջնությունում եւ հանդիսանում է լավագույն ռմբարկու, բնական է, որ նրա հանդեպ հետաքրքրությունը յուրահատուկ է: Մենք քննարկում էինք նրա թեկնածությունը, եւ մինչեւ տրանսֆերային պատուհանի բացվելը որոշեցինք Յուրայի հետ բանակցություններ սկսել: Նա այդ պահին «Սպարտակի» թիվ մեկ տրանսֆերային նպատակն էր:
Այդ ժամանակ «Սպարտակում» հարձակվողի դիրքում մեծ մրցակցություն էր:
Երբ առաջատար թիմը իր կազմում երեք հարձակվող ունի, դա շատ նորմալ է, հաշվի առնելով վնասվածքների եւ որակազրկման գործոնները:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայում «Սպարտակի» հաջող մեկնարկը կապվա՞ծ է նաեւ Եվրոպայի լիգայից դուրս մնալու հետ:
Հաջող մեկնարկի հիմքում ընկած է թիմը լավ ֆուտբոլիստներով համալրված լինելու փաստը: Ժամանակի ընթացքում մենք վնասվածքների պատճառով սկսեցինք կորցնել մեր առաջատար ֆուտբոլիստներին: Նույն Յուրան, եթե վնասվածք չունենար, վերջին տուրերում կարող էր էլի գոլեր խփել:
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում