08:29  ,  26 ապրիլի, 2012

Արթուր Ալեքսանյան. Ադրբեջանի ըմբիշի հետ կիսաեզրափակիչն առանձնակի նշանակություն ուներ

Սոֆիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Լոնդոնի ուղեգիր նվաճեց Եվրոպայի չեմպիոն 96 կգ  քաշային Արթուր Ալեքսանյանը: Գյումրեցի ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ, ինչն արդեն ապահովում էր օլիմպիական ուղեգիր, սակայն նա հաղթեց նաեւ եզրափակիչում:

NEWS. am Sport-ի թղթակիցը զրուցել է Արթուր Ալեքսանյանի հետ:

Արթուր, Սոֆիայում անցկացված վարկանիշային մրցաշարի առաջին օրը մեր հավաքականի ըմբիշներից ոչ ոք չկարողացավ հաջողության հասնել: Դա ինչ-որ  ազդեցություն ունեցա՞վ քո ելույթների վրա:

Միանշանակ, այո: Ես եւ Յուրի Պատրիկեեւը հանդես էինք գալու հաջորդ օրը, եւ այս մրցաշարում փաստորեն մենք էինք վերջին հույսը: Ճիշտ է, բոլորս էլ Սոֆիա մեկնել էինք վարկանիշ վաստակելու համար, սակայն առաջին օրվանից հետո պատասխանատվությունը կրկնապատկվեց:

Դու հինգ գոտեմարտ անցկացրիր ու տոնեցիր հինգ հաղթանակ: Ո՞րն էր ամենակարեւոր եւ ամենադժվար գոտեմարտը:

Հիմա հեշտ գոտեմարտեր չկան, բայց առանձնակի նշանակություն ուներ կիսաեզրափակիչը: Այստեղ երկու գործոն կար: Նախ` հաղթանակի հասնելով, նվաճում էի օլիմպիական խաղերի ուղեգիր, գումարած դրան` իմ մրցակիցն էր Ադրբեջանի ներկայացուցիչը: Ճիշտ է, ազգությամբ վրացի էր, բայց միեւնույնն է, ես մրցում էի Ադրբեջանը ներկայացնող մարզիկի հետ ու ուժերս կենտրոնացրի, ինչքան հնարավոր էր: Երկու մրցափուլ պահանջվեց, ու օլիմպիական ուղեգրի հարցը կարողացա վճռել:

Իսկ եզրափակիչին ինչպե՞ս տրամադրվեցիր: Չէ՞ որ հաղթանակը այս մրշարում այլեւս ոչ մի նշանակություն չուներ:

Պարզ է, որ չուներ, բայց ես պարտվել չեմ սիրում (ժպտում է): Դուրս եկա գորգ հաղթանակի համար, ինչպես միշտ, ու դա հաջողվեց:

Լոնդոնի Օլիմպիական խաղերը քեզ համար լինելու են առաջինը:

Հիմա դեռեւս չեմ պատկերացնում, թե իրականում, ինչ է իրենից ներկայացնում Օլիմպիական խաղերը: Մրցաշարը լինելու է, ինչպես եւ մյուսները: Բոլոր մարզիկներն էլ ձգտելու են օլիմպիական մեդալ նվաճել ու առաջին հերթին` ոսկե մեդալ: Այդ առումով ես ոչ մեկից չեմ տարբերվում: Պատրաստվելու եմ ամենայն լրջությամբ ու անելու եմ հնարավորը Հայաստանին օլիմպիական մեդալ ապահովելու համար, ցանկալի է ոսկե:

P.S.

Արթուր Ալեքսանյանին Սոֆիայում ուղեկցում էր նաեւ հայրը` ՀՀ վաստակավոր մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը, ու մեր հարցին, թե ինչ զգացումներ ունի իր որդու ելույթներից, նա պատասխանեց.

«Ինձ համար բարձրագույն նվաճում է, որ Արթուրը ներկայացնելու է Հայաստանը Օլիմպիական խաղերում, իսկ թե ինչ կզգամ, եթե Աստված հաջողի, ու նա մեդալ նվաճի, չեմ կարող ասել: Կասեմ միայն դա վերապրելուց հետո»:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով