10:37  ,  25 նոյեմբերի, 2013

Միշել Տեր-Զաքարյան. Կցանկանամ մի օր գլխավորել Հայաստանի հավաքականը

Դժվար կլինի համատեղել աշխատանքը «Նանտում» եւ Հայաստանի հավաքականում: Հետագայում, երբ զբաղված չլինեմ, մեծ սիրով կցանկանամ մարզել Հայաստանի հավաքականը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 5-րդ տեղը զբաղեցնող «Նանտի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը, ով վերջերս մերժել էր Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկը:

Պարոն Տեր-Զաքարյան, Դուք մերժեցիք Հայաստանի հավաքականին, քանի որ գլխավորում եք «Նանտը»: Հետագայում հնարավո՞ր է ցանկանաք գլխավորել Հայաստանի հավաքականը:

Այո, այդպիսի առաջարկ եղել է, բայց ես չէի կարող համատեղել աշխատանքը «Նանտում» եւ Հայաստանի հավաքականում: Դա շատ դժվար կլիներ: Այս պահին ես «Նանտում» եմ, բայց հետագայում, երբ զբաղված չլինեմ, մեծ սիրով կցանկանամ մարզել Հայաստանի ազգային հավաքականը:

Ի՞նչ գիտեք Հայաստանի հավաքականի մասին: Դիտե՞լ եք թիմի նախորդ խաղերը:

Դիտել եմ Հայաստանի հավաքականի մի քանի հանդիպումներ, այդ թվում՝ Իտալիայի հետ նեապոլյան խաղը: Հայաստանի թիմում կան լավ ֆուտբոլիստներ: 1998-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի կազմում ես խաղում էի Ռոման Բերեզովսկու հետ: Հենրիխ Մխիթարյանն է շատ լավ ֆուտբոլիստ: Նա ապրել է այստեղ՝ Վալանսում: Ես ծանոթ էի նրա հոր հետ: Շատ ուրախ եմ՝ տեսնելու Մխիթարյանի վերջին հաջողությունները:

Ըստ Ձեզ՝ ո՞րն է Հայաստանի հավաքականի վերջին տարիների հաջող ելույթների գրավականը:

Հայաստանի հավաքականում կան տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ: Հայերը լավ են աշխատում գնդակի հետ. դա հայկական ֆուտբոլային մշակույթի մեջ է: Կարծում եմ, որ երիտասարդների հետ աշխատող մարզիչները նույնպես մեծ ծավալի աշխատանք են կատարում: Այդ աշխատանքի արդյունքը մենք տեսնում ենք վերջին տարիներին: Բացի այդ, կա հայկական մտածելակերպի գործոնը: Ինքս ծնվել եմ Երեւանում: Պայքարելը մտած է հայերի մեջ: Դա շատ լավ արժեք է:

Հայաստանի հավաքականում կա՞ ֆուտբոլիստ, ում կցանկանայիք տեսնել «Նանտում»:

Բնականաբար, կցանկանայի, որ իմ թիմում խաղար Մխիթարյանը, բայց նա հանդես է գալիս «Բորուսիայում»: Այլ անուններ չգիտեմ, որ ասեմ: Գիտեմ, որ կան լավ ֆուտբոլիստներ, բայց թե ով կարող է լավ հանդես գալ Եվրոպայում, դա Մխիթարյանն է:

Ի՞նչ կարգի մարզիչ է անհրաժեշտ Հայաստանի հավաքականին:

Ես չեմ կարող ասել: Լավ մարզիչի ընտրելը համապատասխան մարդկանց աշխատանք է:  Կարծում եմ՝ մարզիչի ազգությունը կարեւոր չէ ազգային հավաքականում աշխատելու համար: Կարեւոր է, որ մարզիչը լավ վարձատրվի: Պետք է նաեւ շեշտը դրվի Հայաստանի երիտասարդական հավաքականների հետ աշխատող հայ մարզիչների վրա:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով