19:52  ,  20 նոյեմբերի, 2013

Արթուր Եդիգարյան. Վլադիմիր Վայսն ամեն ինչ անում է Գեւորգ Ղազարյանին ձեռք բերելու համար

Այս պահին Վլադիմիր Վայսը շատ է ցանկանում «Կայրաթում» տեսնել Գեւորգ Ղազարյանին: Նա անում է ամեն բան, որպեսզի Գեւորգը տեղափոխվի «Կայրաթ»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Կայրաթի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը:

Ղազախստանի առաջնությունն ավարտվեց, հավաքականն էլ հանդիպումներ չունի այս տարի: Այս տարին ինչպե՞ս կգնահատես քեզ համար:

Մեր հավաքականը շատ է հասունացել: Վստահ եմ, որ մենք կմասնակցենք առաջիկա Եվրոպայի առաջնությանը: Մեզ մի փոքր չբավականացրեց խմբից դուրս գալու համար, բայց սա շատ մեծ փորձ էր:

Ո՞րն էր քո լավագույն եւ վատագույն խաղը հավաքականի կազմում:

Կարծում եմ՝ լավագույնը Դանիայում էր, իսկ վատագույնը՝ Իտալիայում, հատկապես՝ առաջին խաղակեսը:

Եվրո-2016-ի ընտրական փուլում ո՞ր հավաքականներին կցանկանաս տեսնել Հայաստանի հավաքականի մրցակից:

Ես շատ կցանկանայի խաղալ Անգլիայի թիմի դեմ: Մենք նրանց հետ չենք խաղացել: Կարծում եմ, որ հավաքականների հետ էլ ընկնենք, ուրեմն այդպես է պետք:

Ի՞նչ կասես Ղազախստանի առաջնության մասին: Քեզ գոհացնո՞ւմ է այնտեղի մակարդակը:

Ղազախստանի առաջնության մակարդակը շատ է բարձրացել: Այստեղ մեծ գումարներ են ներդնում, ստեղծում են բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի ֆուտբոլիստները ցանկանան տեղափոխվել Ղազախստան:

Դու Ուկրաինայից տեղափոխվեցիր Ղազախստան: Ըստ քեզ՝ այդ տեղափոխությունը մեկ քայլ հե՞տ էր քեզ համար:

Ուկրաինայում խաղում են շատ ավելի ուժեղ թիմեր: Իհարկե, ոչ բոլորը, բայց մի քանի ակումբներ կարգով շատ բարձր են: Սակայն, եթե այսպես շարունակվի, մի քանի տարուց Ղազախստանի առաջնությունը կհավասարվի Ուկրաինային: Այս տարի «Կայրաթը» գրավեց երրորդ տեղը՝ նվաճելով Եվրոպայի լիգայի ուղեգիր, իսկ Ուկրաինայում իմ թիմ «Գովերլան» պայքարում էր տեղն ուժեղագույնների խմբում պահպանելու համար: Կարծում եմ, որ սա ինձ համար մեկ քայլ առաջ էր:

Քեզ իր թիմում ցանկացել է տեսնել «Կայրաթի» մարզիչ Վլադիմիր Վայսը, ով հայ ֆուտբոլիստներին ծանոթ է Սլովակիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ խաղերից: Նա պատրաստվո՞ւմ է այլ հայ ֆուտբոլիստների հրավիրել «Կայրաթ»:

Վայսը շատ է հարգում Վարդան Մինասյանին եւ մեր ազգային հավաքականին: Նա վստահ է, որ մեր հավաքականը մի օր հասնելու է լավ արդյունքի: Մեր հաղթանակին վերաբերվում է հումորով: Հարցազրույցներում ասում է, որ Հայաստանի հավաքականը «սպանեց» իրեն: Այս պահին Վայսը շատ է ցանկանում «Կայրաթում» տեսնել Գեւորգ Ղազարյանին: Նա անում է ամեն բան, որպեսզի Գեւորգը տեղափոխվի «Կայրաթ», բայց տեսնենք, թե ինչպես կստացի:

Կցանկանայի՞ր կարիերադ ավարտել Ղազախստանում:

Ցանկացած ֆուտբոլիստ ցանկանում է կարիերան ավարտել հարազատ թիմում: Երբ գա այդ պահը, կցանկանամ խաղալ «Փյունիկում»:

Որքանո՞վ է հավաստի, որ եղբայրդ՝ Արտակ Եդիգարյանը, ձմռանը նույնպես կտեղափոխվի Ղազախստան:

Այո, առաջիկայում տեղի կունենա հավաք, որին նրան հնարավոր է փորձարկեն: Կան Ղազախստանի բարձրագույն խմբում հանդես եկող երեք թիմեր, որոնք ցանկանում է Արտակին տեսնել իրենց կազմում:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով