13:18  ,  16 նոյեմբերի, 2013

Վահագն Միլիտոսյան. Հայաստանում խաղալու համար պետք է զինծառայությանս հարցերը լուծվեն

Բանակի հարցերը չգիտեմ՝ ինչպես կլուծվի, բայց կամ Հայաստանը պետք է ինձ անձագիր տա, կամ էլ Ֆրանսիայում լուծվի թղթերիս հարցը:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆրանսիական Լիգա2-ում հանդես եկող «Լավալ» թիմի հարձակվող Վահագն Միլիտոսյանը,  ով Ֆրանսիայում չկարողացավ հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում, սակայն մարզվեց  թիմի հետ:

Վահագն, բանակի հետ կապված խնդիրների պատճառով դու այդպես էլ չես կարողանում միանալ երիտասարադական հավաքականին, սակայն մարզվեցիր թիմի հետ Ֆրանսիայում: Ի՞նչ տպավորություններ ստացար: Խոսեցի՞ր մարզչի հետ:

Շատ լավ տպավորություններ ստացա: Խաղից հետո չստացվեց խոսել մարզչի հետ: Նա շատ զբաղված էր:

Այդպես էլ չի՞ հաջողվում լուծել բանակի խնդիրներդ:

Բանակի հարցերը չգիտեմ՝ ինչպես կլուծվի, բայց կամ Հայաստանը պետք է ինձ անձագիր տա, կամ էլ Ֆրանսիայում լուծվի թղթերիս հարցը: Եթե այդպես ստացվեր ապա կկարողանայի խաղալ Իսլանդիայի հետ արտագնա խաղում: Իսկ Հայաստանում խաղալու համար պետք է, որ բանակիս հարցերը լուծվեն:

Ի՞նչ տպավորություն ստացար Ֆրանսիա (Մ-21) - Հայաստան (Մ-21) հանդիպումից:

Չէի ասի, որ վատ խաղ էր: Տղաները արեցին ինչ որ կարողացան, բայց Ֆրանսիայի այս հավաքականը շատ ուժեղ է: Նրանք անցյալ տարի դարձան մինչև 19 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն:Նրանք խաղում են այստեղ Ֆրանսիայի առաջնության բարձրագույն խմբում: Մերոնց շատ դժվար էր: Ափսոս, որ շուտ գնդակ բաց թողեցինք: Բայց առաջին խաղակեսում արդեն 3:0 էր:

Ո՞ւմ խաղը քեզ դուր եկավ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում:

Քանի որ ես ինքս հարձակվող եմ, հետևում էի Սարգիս Ադամյանի խաղին: Ինձ դուր եկավ նրա խաղը: Ինչպես նաև Վարազդատ Հարոյանն ու Գագիկ Պողոսյանը  լավ էին խաղում:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով