23:18  ,  21 հոկտեմբերի, 2013

Արտուշ Մկրտչյան. Սերխիո Մարկարյանի եւ Միշել Տեր-Զաքարյանի համար Հայաստանը դատարկ հնչյուն չէ

Ռուսական «Սպորտ Էքսպրեսի» խմբագիր Արտուշ Մկրտչյանի համար Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Վարդան Մինասյանի փոխարինողների թեկնածուների մեջ օպտիմալ են Սերխիո Մարկարյանը եւ Միշել Տեր-Զաքարյանը: Այդ մասին նա ասել է NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

«Շատերը սպասում էին, որ ՀՖՖ-ն կհրաժարվի երկարաձգել Վարդան Մինասյանի պայմանագիրը եւ կհրավիրի օտարերկրացի մասնագետի: Սակայն տեղի ունեցավ հակառակը: Պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվեց Մինասյանը եւ շահեց հեղինակության տեսանկյունից: Հաշվի առնելով Հայաստանի հավաքականի վերջին երկու հանդիպումները, նա հեռանում է պատվով: Մինասյանն ընդամենը 39 տարեկան է, եւ նրա համար ամեն ինչ առջեւում է:

Ինչ վերաբերում է հավաքականի հաջորդ մարզիչին, ապա իմ կարծիքով, կա երկու օպտիմալ թեկնածու: Առաջինը՝ Սերխիո Մարկարյանն է, որը հեռանում է Պերուի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Նա հրաշալի տարբերակ է: Միակ մինուսը տարիքն է: Մաեստորն շուտով կդառնա 69 տարեկան: Երկրորդ տարբերակը Միշել Տեր-Զաքարյանն է: Բայց կցանկանա՞ նա հեռանալ «Նանտից»: Այս երկու մարզիչները Հայաստան կգնան ոչ միայն փողի համար: Հայաստանը նրանց համար դատարկ հնչյուն չէ»,- նշեց Արտուշ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը որոշել է չերկարաձգել պայմանագիրը Հայաստանի հավաքականի հետ: Նա պատրաստվում է քննարկել աշխատանքի առաջարկներ արտասահմանից:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով