20:35  ,  7 հոկտեմբերի, 2013

Էդգար Մալաքյան. Կոչ կանեմ վատ չտրամադրվել բուլղարացիների հանդեպ

Կոչ կանեմ ֆուբոլասերներին վատ չտրամադրվել բուլղարացիների հանդեպ, Հայաստանի ազգային հավաքականի մարզումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի եւ «Բանանցում» վարձավճարով հանդես եկող Պլզենի «Վիկտորիայի» կիսապաշտպան էդգար Մալաքյանը:

Հայաստանի հավաքականը Ավանի ֆուտբոլային ակադեմիայում պատրաստվում է Բուլղարիայի եւ Իտալիայի հավաքականների դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումներին:

«Մեր սպասելիքները դրական են: Այո, մենք տանը հաղթանակներ չենք տոնել, բայց պետք է ամեն բան անենք, որպեսզի վերջին խաղերում հաղթանակ տանենք: Տեսականորեն մենք դեռ խմբից դուրս գալու հնարավորություններ ունենք: Ճիշտ է, ամեն բան կախված է լինելու նաև մյուս խաղերի արդյունքներից, բայց մենք դեռ հույս ունենք: Թիմում շատ ջերմ մթնոլորտ է: Պատրաստվում ենք խաղին: Այսօր մարզման առաջին օրն էր:

Կոչ կանեմ ֆուբոլասերներին վատ չտրամադրվել բուլղարացիների հանդեպ: Ինչ եղել է, դա ֆուտբոլում պատահում է»,- ասել է Էդգար Մալաքյանը:

Հիշեցնենք, որ Սոֆիայում Հայաստանի հավաքականը պարտվել է 0:1 հաշվով:

Հայաստան - Բուլղարիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, Իտալիա - Հայաստան խաղը հոկտեմբերի 15-ին Նեապոլում է: B խմբում իտալացիներն ապահովել են առաջին տեղը, Բուլղարիան երկրորդն է, Հայաստանը՝ նախավերջինը:

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով