17:14  ,  25 սեպտեմբերի, 2013

Ժոլտ Հոռնյակ. Կրթությունը Հենրիխ Մխիթարյանին օգնում է աշխատանքում

Ֆուտբոլը հիմարների խաղ չէ: Կրթություն չունեցող ֆուտբոլիստը չի կարող լավ խաղալ: Պետք է կարողանալ մտածել: Ինքս ավարտել եմ ինստիտուտը: Բոլորը տեսնում են, թե ինչպես կրթությունը Հենրիխ Մխիթարյանին օգնում աշխատանքի մեջ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Բանանցի» սլովակ գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը, ով նախորդ մրցաշրջանում աշխատում էր «Միկայում»:

Այս տարի մարզում եք նոր թիմ: Ինչ-որ բան փոխվե՞լ է Հայաստանի առաջնությունում:

Այս տարի բոլոր թիմերն առաջադիմել են: Նրանց միջեւ մեծ տարբերություն չկա: Ամեն բան կախված է կոնկրետ պատրաստվածությունից եւ խաղից: Շատ խաղեր ավարտվում են ոչ ոքի:

Մեկ տարի առաջ մարզում էիք «Միկան»: Համեմատեք Ձեր աշխատանքը «Միկայում» եւ «Բանանցում»:

Երբ աշխատանքս ավարտեցի «Միկայում», մի քանի հրավեր ունեի արտասահմանից եւ «Բանանցից»: Ընտրեցի հայկական ակումբը, քանի որ այստեղ լավ աշխատանքի համար ստեղծված են լավագույն պայմանները՝ խաղադաշտեր, ֆիթնես կենտրոններ: Մեր մասնագետներն այցելել են հոլանդական դպրոցներ եւ այժմ այդ ամենը ցանկանում են բերել «Բանանց»: Այստեղ կա առաջընթացի հնարավորություն:

Ի վերջո, ո՞րն էր «Միկայից» հեռանալու պատճառը: Ասում էիք, որ ֆուտբոլիստներին աշխատավարձ չէին վճարում:

Չեմ ցանկանում նայել հետ: Արդար չէր լինի քննադատել «Միկային»: Մենք մեր առջեւ ծրագրեր էինք դնում, իսկ թիմից հեռանում էին առաջատար ֆուտբոլիստները՝ Գեւորգ Կասպարովն ու Նարեկ Բեգլարյանը: Մենք մի քանի երիտասարդ ֆուտբոլիստների կարիք ունեինք: «Միկան» շատ լավ արդյունք էր ցուցադրում անցյալ մրցաշրջանում, բայց արդեն ձմռանը ես անհանգստություն զգացի: Արդեն ոչինչ դուր չէր գալիս ինձ, իսկ երբ դու այդ հանգստությունը չես զգում, չես կարող աշխատել: Ամռանը ես որոշեցի, որ չեմ կարող աշխատել այնտեղ: «Միկայում» կան ինձ համար շատ թանկ ֆուտբոլիստներ:

Հե՞շտ է խաղալ նախկին թիմի դեմ:

«Միկայում» կան շատ ֆուտբոլիստներ, ովքեր որդու պես են ինձ համար: Մենք միասին ենք սկսել մեր ուղին: Միասին աշխատել ենք: Այնտեղ շատ են արդար եւ բարի ֆուտբոլիստները: Վերջերս խաղում էինք «Միկայի» դեմ: Ո՛չ «Միկան», ո՛չ «Բանանցը» ցույց չտվեցին այն խաղը, որը ես ցանկանում էի: Անհետաքրքիր խաղ էր:

Այդ դեպքում, ինչո՞ւ «Բանանցն», ունենալով այդպիսի լավ պայմաններ, նախորդ տարի զբաղեցրեց վերջին տեղը:

Պայմաններն այնտեղ միշտ էլ լավն են եղել: Անցյալ տարի էլ ինձ համար հետաքրքիր էր, թե ինչու նրանք ձախողեցին առաջնությունը: Գուցե սխալ ֆուտբոլիստների էին ընտրել: Այսօր ես ցանկանում եմ, որ թիմը խաղա այնպիսի ֆուտբոլ, որը սիրում են երկրպագուները: Մենք նկատել ենք, որ «Բանանցի» երկրպագուները վերջին շրջանում ակտիվացել են:

Դուք առաջարկ ունեիք արտասահմանից, ինչո՞ւ չմեկնեցիք: Գաղտնիք չէ, որ Հայաստանի առաջնության մակարդակը բարձր չէ:

Մասնագետները, լրագրողները, երկրպագուներն են որոշում առաջնության մակարդակը: Պետք չէ բացասական մտածել, որ առաջնությունը թույլ է: Պետք է դրական մտածել: Այո, այստեղ կան շատ սխալներ, բայց նաեւ կա շատ տաղանդավոր երիտասարդություն: Պետք չէ կանգ առնել: Վաղն այս երիտասարդներից են ընտրելու Հայաստանի հավաքականի խաղացողներին: Հենրիխն ու Յուրան հավերժ չեն խաղա հավաքականում:

Այս պահին Հայաստանի առաջնությունում տեսնո՞ւմ եք ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խաղալ Հայաստանի հավաքականում:

Չեմ ցանկանա առանձնացնել ֆուտբոլիստների, բայց նույն «Միկայում» կան Սարգիս Շահինյան, Վարդգես Սաթումյան եւ Անդրանիկ Ոսկանյան, իսկ «Բանանցում»՝ Հովհաննես Համբարձումյան եւ Գագիկ Դաղբաշյան: Լավ պատրաստվածության շնորհիվ նրանք մի քանի տարուց կարող են խաղալ հավաքականում, բայց դրա համար պետք է շատ աշխատել:

Ինչո՞ւ է, որ բազմաթիվ ֆուտբոլիստներ են մեկնում արտասահման, բայց նրանցից քչերին է հաջողվում հաստատվել այնտեղ:

Ես միշտ ասել եմ, որ ֆուտբոլիստին պետք է պատրաստել այդ կյանքին: Դրա պատճառով ինձ վրա միշտ թարս են նայում: Մտածում են, թե ես շատ խիստ եմ: Բայց ֆուտբոլիստը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի: Ֆուտբոլը հիմարների խաղ չէ: Մեկ անգամ «Միկայում» ինձ մոտեցավ մի ծնող եւ ասաց, որ չի ցանկանում, որ իր տղան այլեւս դպրոց հաճախի, այլ միայն զբաղվի ֆուտբոլով: Կրթություն չունեցող ֆուտբոլիստը չի կարող լավ խաղալ: Պետք է կարողանալ մտածել: Ինքս ավարտել եմ ինստիտուտը: Բոլորը տեսնում են, թե ինչպես է կրթությունը Հենրիխ Մխիթարյանին օգնում աշխատանքի մեջ: Գերմանիայում կա պայման, որ եթե մեկ ամսում ֆուտբոլիստը չսովորի գերմաներենի ինչ-որ մակարդակ, ապա նրան չեն խաղացնի: Իսկ այնտեղ ամեն դիրքում հանդես գալու համար մեծ հերթեր կան:

Ո՞րն է Ձեր աշխատելու ոճը:

Ինձ համար շատ կարեւոր է կարգապահությունը: Ես շատ բաց մարդ եմ: Շատ եմ ցանկանում, որ բոլորս լինենք մեկ ընտանիք: Ցանկանում եմ, որ վստահություն լինի: Խաղադաշտում ֆուտբոլիստները պետք է ամեն բան անեն միմյանց համար: Յուրգեն Կլոպը, չունենալով աստղային թիմ, կարողացավ ստեղծել այդպիսի կոլեկտիվ:

Ո՞ր մարզիչն է Ձեր համար օրինակելի:

Միշտ հարգել եմ Մոուրինյոյին: Գուցե հիմա Ժոզեի մոտ այնքան էլ լավ արդյունքներ չեն, բայց նա ամեն բան անում է իր ֆուտբոլիստների համար: Նա միշտ պաշտպանում է նրանց մամուլից: Մոուրինյոյի մարզչական փիլիսոփայությունը շատ օրինակելի է:

Այդ դեպքում, ինչո՞ւ դա նրա մոտ չստավեց «Ռեալի» որոշ ֆուտբոլիստների հետ:

Կարծում եմ, որ Դիեգո Լոպեսն ավելի լավ դարպասապահ է, քան Իկեր Կասիլյասը: Նույն Սերխիո Ռամոսը վերջերս այնքան էլ լավ չի խաղում: Պարզապես նրանք Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ են եւ մեդիայի կողմից ճնշումը շատ էր Մոուրինյոյի վրա: Մոուրինյոն Մոուրինյո է: Միայն նա գիտի, թե ինչու է այդպես անում: Երեւի, նա հեռուն է տեսնում:

Եթե լավ առաջարկ ստանաք ավելի ուժեղ առաջնությունում հանդես եկող թիմից, «Բանանցին» կթողնե՞ք կես ճանապարհին:

«Միկան» մարզելու տարիներին շատ լավ առաջարկ ստացա Ղազախստանից, բայց մերժեցի: Ցանկանում էի «Միկայի» հետ հասնել արդյունքի: Այստեղ փորձ հավաքելու շատ լավ տեղ է: Ես երիտասարդ մարզիչ եմ: Այժմ ցանկանում եմ լավ աշխատել «Բանանցում»:

Վերա Մարտիրոսյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով