10:59  ,  17 սեպտեմբերի, 2013

Բուլղարական կայքի խմբագիր. Հայաստանի հավաքականը Եվրոպայի ամենատարօրինակ թիմերից մեկն է

Ամենաբարդ հանդիպումը կլինի Հայաստանի հավաքականի հետ, քանի որ այդ խաղում մեզնից սպասելու են միայն հաղթանակ: Եվ դա ամենաբարդ պահն է ամբողջ որակավորման փուլում: Դա կլինի առաջին խաղը վերջին երկու տարվա ընթացքում, երբ մեզ պետք կլինի հաղթանակ ամեն գնով։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բուլղարական առաջատար մարզական կայքերից մեկի` gong.bg-ի գլխավոր խմբագիր, ռադիոհեռուստահաղորդավար Նիկոլայ Ալեքսանդրովը:

Հիշում եմ՝ անցած տարի Բուլղարիայում ոչ ոք չէր հավատում Բուլղարիայի հավաքականի հաջողությանը: Բոլորը դժգոհում էին Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայից: Ինչպիսի՞ տրամադրվածություն այժմ ունեն երկրպագուները:

Այո՛, Դուք ճիշտ եք: Բայց դա բնական երեւույթ է ֆուտբոլում: Ամեն բան կարող է փոխվել մեկ ամսում, էլ չեմ ասում մեկ տարվա մասին: Գուցե հենց դա օգնեց մեզ մնալ խաղի մեջ վերջին երկու տուրերից առաջ: Սկզբում ոչ ոք չէր հավատում բուլղարական թիմի ուժին: Անգամ առաջին հաղթանակները երկրպագուները ընդունեցին որպես բախտի բերում, սակայն հավաքականը շատ միավորներ հավաքեց եւ խմբից դուրս գալու ամենահավանական թեկնածուներից մեկն է: Այժմ բոլոր երկրպագուները սպասում են, որ Բուլղարիան պետք է դուրս գա խմբից: Այն ամենը, ինչ անցյալ տարի էր այստեղ կատարվում, չի փոխվել հաղթանակներից հետո: Երկրպագուները մինչեւ հիմա էլ դժգոհ են ֆեդերացիայից: 

Ի՞նչը փոխվեց, որ թիմը սկսեց այդքան լավ խաղալ:

Նրանք պարզապես սկսեցին հավատալ իրենց ուժերին: Հավաքականը շատ ուժեղ մարզիչ ունի, ով գիտի, թե ինչ է ցանկանում ամեն ֆուտբոլիստից: Նրա ֆուտբոլիստները ոչ ոքից չեն վախենում, անգամ ֆավորիտից՝ Իտալիայից:

Ո՞րն է Բուլղարիայի ամենադժվար խաղը այս մրցափուլում:

Առաջիկա խաղը Հայաստանի հետ, քանի որ այդ խաղում մեզանից սպասելու են միայն հաղթանակ: Եվ դա ամենաբարդ պահն է ամբողջ որակավորման փուլում: Դա կլինի առաջին խաղը վերջին երկու տարվա ընթացքում, երբ մեզ պետք կլինի հաղթանակ ամեն գնով: 

Ինչպե՞ս եք գնահատում խմբից դուրս գալու թիմերի հնարավորությունները:

Երբ դու վերջնակետից առաջ գտնվում ես երկրորդ տեղում, բնական է, որ խմբից դուրս գալու ամենամեծ հնարավորությունները դու ունես։

Ի՞նչ եք սպասում Հայաստանի հետ խաղից:

Սպասում եմ, որ շատ դժվար հանդիպում է լինելու՝ ամենադժվարը Բուլղարիայի համար, քանի որ սպասելիքները շատ մեծ են: 

Որո՞նք են ձեր թիմի ամենաուժեղ կողմերը եւ ինչի՞ շնոհիվ կարող եք հաղթել հայերին:

Մեր ուժը մեր թիմի կորիզն է: Մենք ունենք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ: Վստահ եմ, որ Բուլղարիան ունի ամենաերիտասարդ թիմերից մեկը խմբում: Եվ իհարկե, մարզիչը: Նա գիտի, թե ինչ է նշանակում լինել հաղթող: Մադրիդի «Աթլետիկոյի» հետ նա դարձել է Իսպանիայի առաջնության չեմպիոն: Նա թիմի առաջնորդ էր, նրա իսկական ավագը: Եվ մեր մարզիչի համար Հայաստանի հետ խաղը սովորական երեւույթ է:

Ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի խաղի մասին: Նրանք զարմացրի՞ն, թե՞ հիասթափեցրին:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի ամենատարօրինակ թիմերից մեկն է: Այն տնային խաղերում պարտվում է, բայց արտագնա խաղերում ի զարմանս բոլորի հաղթում: Դա դարձնում է ամեն խաղը նրանց դեմ շատ վտանգավոր: Հենց այդպիսի կարծիքի եմ ես առաջիկա խաղի մասին:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով