15:20  ,  16 սեպտեմբերի, 2013

Արտուշ Մկրտչյանը՝ Հայաստանի հավաքականի խնդիրների մասին

Չեխիան այսօր առաջվանը չէ: Նրանց մոտ չկան Նեդվեդի, Կոլերի կարգի ֆուտբոլիստներ: Դանիայում նույնպես սերնդափոխություն է, դրա համար թիմը խամրած տեսք ունի: Երեւի երկրորդ տեղին ամենից շատ արժանի է Բուլղարիայի հավաքականը։ 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Спорт экспресс» կայքի գլխավոր խմբագրի տեղակալ Արտուշ Մկրտչյանը։

Ի՞նչ կասես Հայաստանի հավաքականի վերջին երկու խաղերի մասին:

Էմոցիաների վրա չհիմնվելու համար նորից դիտել եմ երկու հանդիպումների տեսագրությունները: Սթափ նայելիս, զգացվում է, որ Հայաստանի հավաքականի խաղի որակն այդքան էլ բարձր չէր: Չեխիայում թիմը խաղում էր մեծ նվիրումով, իսկ Դանիայի հետ մեծ դեր խաղաց առանցքային ֆուտբոլիստների՝ Մովսիսյանի, Բերեզովսկու, Արզումանյանի բացակայությունը: Ինչպես նաեւ խաղի ընթացքում վնասվածք ստացան Մկրտչյանն ու Սարկիսովը: Մեր թիմը մեկ ակնհայտ թերություն ունի, որի մասին քիչ է խոսվում: Հաշվի առնելով հարձակման եւ պաշտպանության գծերում հանդես եկող ֆուտբոլիստների կարգերի տարբերությունը՝ թիմի խաղային օղակներում լուրջ անհամաձայնություններ են առաջանում: Երբ թիմը մեծ ուժերով պաշտպանվում է, կորում է հարձակողական ներուժը, հակառակ դեպքում մեծ խնդիր է առաջանում պաշտպանությունում: Այստեղ պետք են շատ նուրբ տակտիկական լուծումներ: Առայժմ մենք դրանք չենք տեսնում:

Ինչպե՞ս ես գնահատում Վարդան Միանասյանին որպես մարզիչ:

Անկասկած, Մինասյանը Հայաստանի լավագույն մարզիչն է: Վերջին տարիներին նա շատ է ավելացրել: Եվրո 2012-ի որակավորման փուլից առաջ շեշտը դրվել էր երիտասարդ մարզիչի աճի վրա: Չեմ կիսում այն տարածված կարծիքը, թե Չեխիայում նա տակտիկապես հաղթեց մրցակցին, իսկ դանիացիներին՝ պարտվեց: Ոչ մի անհաջողություն կամ շատ օրիգինալ լուծումներ չկային: Նա արեց այն, ինչ պետք է աներ: Կոպիտ սխալներ թույլ չտվեց: Մինասյանն ընդամենը 39 տարեկան է: Տիրապետում է երեք լեզուների: Նա ունի ամեն բան աճելու համար:

Եթե հանկարծ մարզիչ փոխելու հարց առաջանա, ո՞վ կարող է փոխարինել նրան:

Եթե մարզիչ փոխելու հարց առաջանա, ապա դա պետք է լինի տակտիկապես շատ ուժեղ արտասահմանցի մարզիչ: Հրավիրել վինսմաններին, կազոնիներին, պոուլսեններին չարժե: Բայց արդյո՞ք ՖՖԱ-ն պատրաստ է տարեկան 2-3 միլիոն եվրո վճարել մարզիչին:

Կա՞ն հավաքականում ֆուտբոլիստներ, ովքեր չպետք է այնտեղ լինեն:

Հավաքականը այդքան էլ մեծ  ընտրություն չունի ֆուտբոլիստների հարցում: Այո՛, հաճախ մեկնարկային կազմում հայտնվում են ֆուտբոլիստներ, ովքեր չունեն հավաքականի մակարդակը, բայց անուններ եկեք չտանք, բոլորն էլ գիտեն, թե ովքեր են նրանք:

Ինչի՞ հետ է կապված հավաքականի վերջին տարիների վերելքը:

Տարբեր գործոններ կան՝ ենթակառուցվածքի զարգացումից սկսած, մինչեւ ֆուտբոլիստների աճը, որոնցից շատերը տեղափոխվեցին շատ լավ թիմեր: Մինասյանի ավանդն էլ պետք չէ անտեսել: Տղաներից շատերի հետ նա աշխատել է դեռ պատանի տարիքից եւ այս հավաքականի խաղաոճը նրա շնորհքն է:

Ո՞ր հավաքականն է բոլորից շատ արժանի խմբում երկրորդ տեղը գրավելուն:

Չեխիան այսօր առաջվանը չէ: Նրանց մոտ չկան Նեդվեդի, Կոլերի կարգի ֆուտբոլիստներ: Դանիայում նույնպես սերնդափոխություն է, դրա համար թիմը խամրած տեսք ունի: Երեւի երկրորդ տեղին ամենից շատ արժանի է Բուլղարիայի հավաքականը: Նրանք լավ հանդես եկան այս մրցափուլում: Բայց ես ոչ մի համակրանկ չունեմ այդ թիմի հանդեպ. նրանք երբեմն շատ կեղտոտ են խաղում:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով