20:59  ,  13 սեպտեմբերի, 2013

Կառլեն Մկրտչյան. Չեխիայում խաղում էի հեմատոմայով

Հայաստանի ազգային հավաքականի եւ «Անժիի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Դանիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական խաղում ստացած վնասվածքի, առողջական վիճակի եւ ընտրական խմբում Հայաստանի հնարավորությունների մասին:

Կառլեն, ինչպե՞ս է առողջական վիճակդ: Կկարողանա՞ս մանսնակցել «Անժիի» հաջորդ խաղին:

Կարող եմ ասել, որ նորմալ եմ ինձ զգում: Այսօր մարզվել եմ, բայց ոչ լիովին ծրագրով: «Անժին» երկու օրից խաղ ունի: Պատրաստվում եմ այդ խաղին: Խաղադաշտ դուրս գալու հնարավորություններս գնահատում եմ 50/50: Դանիայի հետ խաղում վնասվածք ստացա: Ավելի ճիշտ՝ ես այդ վնասվածքը ստացել էի «Անժիի» կազմում իմ առաջին խաղում: Կողոսկրիս վրա հեմատոմա էր առաջացել: Չեխիայում պահի տակ ցավեր զգացի, բայց դա ինձ չանհանգստացրեց: Իսկ այստեղ` Երեւանում, անհաջող ընկա՝ հենց ցավացող կողոսկրիս վրա, համ էլ ուսս վնասեցի: Ծակոցներ զգացի եւ հասկացա, որ այլեւս չեմ կարողանա շարունակել խաղը եւ խնդրեցի ինձ փոխարինել: Ես, եթե զգում եմ, որ պետք է գտնվեմ խաղադաշտում, բայց օգուտ չտամ թիմին, կգերադասեմ դուրս գալ խաղադաշտից: Այժմ փառք Աստծո ապաքինվում եմ:

Հավատո՞ւմ ես, որ Հայաստանի հավաքականի կարող է դուրս գալ խմբից:

Եթե իրատեսորեն նայենք, մեր հնարավորությունները շատ փոքր են: Բայց ամեն բան հնարավոր է: Մենք պետք է մտածենք, որ առաջիկա երկու խաղերում հաղթենք: Մենք պետք է հաղթենք անգամ այն դեպքում, եթե չենք մեկնի Բրազիլիա: Չնայած բոլորս էլ շատ ենք ցանկանում հայտնվել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:

Ինչպե՞ս ես գնահատում հավաքականի ելույթներն աշխարհի առաջնության այս խմբային փուլում:

Բոլորը տեսան, որ մեզ բաժին հասավ շատ դժվար խումբ: Անգամ Մալթան կարողացավ մեզնից միավորներ վերցնել: Այդ խմբում բոլորը իրարից միավոր էին վերցնում: Մեր հավաքականը ունեցավ շատ լավ խաղեր, բայց խումբն իսկապես ուժեղ էր:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով