18:55  ,  12 սեպտեմբերի, 2013

Արթուր Եդիգարյան. Հենրիխ Մխիթարյանը 5 խաղացողի աշխատանք էր կատարում

«Դանիացիների հետ խաղում մինչեւ կարմիր քարտ ստանալը Վարազդատ Հարոյանը շատ լավ խաղաց, իսկ Մխիթարյանն էլ հինգ հոգու աշխատանք էր կատարում»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Կայրաթի» հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով պատմեց դանիացիների դեմ երեւանյան խաղի եւ ազգային թիմի հնարավորությունների մասին:

Ինչպե՞ս կգնահատես քո խաղը դանիացիների դեմ:

Դե ինչպես պետք է գնահատեմ: Եթե հաղթեինք, կգնահատեի լավ: Իմ խաղում լարվածություն չկար: Խաղի յուրաքանչյուր պահը գնահատում ես յուրովի: Դեղին քարտի դրվագում պահը սխալ գնահատեցի եւ պատժվեցի:

Ո՞վ կարող է փոխարինել քեզ Բուլղարիայի հավաքականի դեմ խաղում:

Իմ դիրքում կարող է խաղալ Կարեն Մուրադյանը: Երիտասարդներին կարող են վստահել: Անփոարինելի մարդ չկա:

Դանիայի դեմ երեւանյան խաղում շատ քիչ պահեր ունեցաք: Ի՞նչը խանգարեց ցուցադրել այն խաղը, որը խաղում եք արտագնա հանդիպումներում:

Չեխիերի դեմ խաղից հետո լավ չէինք վերականգնվել: Դրա համար գնդակը արագ տեղաշարժել չէր լինում: Մենք վատ չխաղացինք, պարզապես գոլային պահեր քիչ ստեղծեցինք:

Վարդան Միանասյանն ասաց, որ խաղից հետո բոլորիցդ շնորհակալություն է հայտնել: Ընդհանուր առմամբ, ի՞նչ մթնոլորտ էր թիմի հանդերձարանում:

Այո, նա շնորհակալություն հայտնեց բոլորիս: Մենք շատ էինք ցանկանում տնային հաղթանակ տանել եւ ուրախացնել ժողովրդին, բայց չստացվեց:

Ո՞վ էր լավագույնն այդ խաղում:

Մինչեւ կարմիր քարտ ստանալը Վարազդատ Հարոյանը շատ լավ խաղաց: Մխիթարյանն էլ հինգ հոգու աշխատանք էր կատարում:

Առանց Յուրա Մովսիսյանի Հայաստանի հավաքականն այնքան էլ լավ հանդես չի գալիս: Ստացվում է, որ նա անփոխարինելի՞ է:

Յուրան շատ կարեւոր ֆուտբոլիստ է: Նրա արագությունն ու որակները շատ են օգնում թիմին: Անփոխարինելի ֆուտբոլիստներ չկան, բայց Յուրան շատ օգտակար խաղացող է հավաքականի համար:

Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի հավաքականի՝ խմբից դուրս գալու հնարավորությունները:

Ամեն ինչ էլ կարող է լինել: Մենք պետք է հաղթենք Բուլղարիային: Մրցակիցներն էլ կարող են միավորներ կորցնել: Կարծում եմ, որ մեր խմբից դուրս գալու հնարավորությունները 50-50 են:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով