22:14  ,  10 սեպտեմբերի, 2013

Վարդան Մինասյան. Խաղից հետո շնորհակալություն հայտնեցի տղաներին

Տղաներին շնորհակալություն հայտնեցի բնավորություն ցույց տալու համար: Այսօր միայն լավ խոսքեր կարելի է ասել նրանց հասցեին:

Այս մասին Դանիայի թիմից Երեւանում կրած պարտությունից հետո մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, «Հրազդան» ստադիոնից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Կառլեն Մկրտչյանն ու Արթուր Սարկիսովը փոխարինվեցին վնասվածքի պատճառով: Ես տղաներին շնորհակալություն հայտնեցի բնավորություն ցույց տալու համար: Այսօր միայն լավ խոսքեր կարելի է ասել նրանց հասցեին: Մենք չենք զիջել նախաձեռնությունը: Ամեն թիմ խաղում է այնքան, ինչքան թույլ է տալիս մրցակիցը:

Մարկոս Պիզելին մեկնարկային կազմում էր, քանի որ գիտեինք, որ դանիացիները լավ էին ուսումնասիրվել մեր խաղը առաջին մրցավեճում: Այս անգամ փորձեցինք խաղալ այլ խաղ, իսկ Մարկոսը շատ լավ է գնդակ պահում: Մենք փորձեցինք խաղը մեր վրա վերցնել: Հիմա չենք մտածելու Եվրոպայի առաջնության մասին: Այժմ գլխավորը Բուլղարիայի հավաքականի դեմ խաղն է: Մենք դեռ գործ ունենք անելու»,- ասաց Մինասյանը:

Հիշեցնենք, որ դանիացիները «Հրազդան» ստադիոնում նվազագույն հաշվով հաղթեցին անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Դանիել Ագերի անվրեպ իրացրած 11 մետրանոց հարվածի շնորհիվ:

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով