11:44  ,  6 սեպտեմբերի, 2013

Պրահա. Հերթական հրաշքի սպասումով

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ամենակարեւոր հանդիպումը կարելի է համարել Չեխիայի ընտրանու դեմ արտագնա խաղը: Չնայած խմբից դուրս գալու հնարավորությունները փոքր են, բայց կան: Դանիային հաղթելուց հետո, թե՛ ֆուտբոլիստները, թե՛ երկրպագուները սկսեցին հավատալ, որ կարելի է նաեւ հաղթել այն Չեխիային, որը Երեւանում հաղթեց հայերին, բայց մինչ այդ ջախջախվեց հայերին պարտված Դանիային:

Ահա այս է պատճառը, որ սեպտեմբերի 5-ից 6-ը Պրահան ողողվել է բազմաթիվ հայերով: Չեխիայի մայրաքաղաքում բնակվում են երկու հազար հայեր, ամբողջ Չեխիայում՝ մոտ տասը հազար: Չեխիա - Հայաստան խաղին ներկա գտնվելու համար Պրահա են ժամանել հայեր Ռուսաստանից, Էստոնիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից: Ինչպես նաեւ առաջին անգամ Հայաստանից ժամանել է երկրպագուների մեծ խումբ: Որոնք այսօր խաղից առաջ մեծ երթ են կազմակերպելու Պրահայում:

«Խաղից շաբաթներ առաջ բազմաթիվ հեռախոսազանգեր սկսեցի ստանալ հայերից, ովքեր հարցնում էին, թե ինչպես կարելի է խաղի տոմս ձեռք բերել: Զանգում էին անգամ Ռուսաստանի հայերը: Ինչը իսկապես շատ զարմանալի եւ ուրախալի էր»,- NEWS.am Sport-ի թղթակցին պատմեց Չեխիայում լույս տեսնող հայկական «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:

Պրահայում, ի տարբերություն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից, խաղից առաջ ոստիկանությունը լրացուցիչ ուժերը գործի չի դրել: Այստեղ երկրպագուները խաղաղասեր են: Կռիվներ չեն լինում: Սիրում են խմել, բայց անգամ այդ դեպքում կարողանում են պահել իրենց հանգստությունը:

Հայաստանի հավաքականի հետ խաղում սպասվում է լեփ-լեցուն մարզադաշտ: Իրականում, անգամ Չեխիայի հավաքականն ի զորու չէ տանը լցնել մարզադաշտը: Տոմսերի մի մասը անվճար բաժանվելու են հաշմանդամներին, պատանի ֆուտբոլիստներին, ինչպես նաեւ «Սլավիա» ակումբի երկրպագուներին. «Էդեն Արենան» «Սլավիայի» հարազատ մարզադաշտն է:

Միայն մեկ անգամ, երբ չեխերը լցրել են «Էդեն Արենան»՝ վաճառելով բոլոր տոմսերը, եղել է հունիսի 8-ին, երբ հյուրընկալել էին իտալացիներին:

Խաղից մի քանի օր առաջ չեխական հեռուստաընկերություններից մեկը հաղորդում էր պատրաստել սեպտեմբերի 6-ի խաղին նվիրված: Հայաստանի հավաքականը ուժեղ հարձակման գծով, բայց թույլ պաշտպանությամբ եւ դարպասապահով թիմ է: Այսպիսի եզրակացության էին եկել հաղորդման մասնակիցները:

Չեխիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը նախախաղային ասուլիսին ասաց, որ Հայաստանը անկայուն խաղ ցուցադրող թիմ է: Կարող է հաղթել դժվար խաղ, բայց հաջորդ խաղում պարտվել: Չնայած դրա, թե նա, թե չեխ լրագրողների մեծամասնությունը վստահություն հայտնեցին առաջիկա խաղում սլավոնների հաղթանակի մեջ:

Չեխ երկրպագուները շատ քիչ բան գիտեն Հայաստանի ազգային հավաքականի մասին: Նրանցից միայն մեկը համարձակվեց իր գիտելիքներով կիսվել: Նա գիտեր Հենրիխ Մխիթարյանին, քանի որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ժամանակին Դոնեցկում խաղում էր չեխ ֆուտբոլիստ Տոմաշ Հյուբշմանի հետ: Չնայած դրա, նրանք ժամանել էին օդանավակայան, որպեսզի ինքանգրեր վերցնեին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից:

Շարքային չեխերը նույնպես այդքան էլ լավ չգիտեն, թե ինչ երկիր է Հայաստանը: «Գիտենք, որ կա այդպիսի երկիր: Գիտենք ձեր մայրաքաղաքը (սակայն չանվանեց այն), բայց ուրիշ տվյալներ չգիտենք»,- ասաց չեխ լրագրողներից մեկը:

Հունիսին, երբ Հայաստանի ազգային հավաքականը մեկնել էր Կոպենհագեն, դանիացիները հայ երկրպագուներին հարցնում էին «Արմենիան դա Ռումինիա՞ն է»: Խաղից հետո, անգամ օդանավակայանի մաքսային ծառայության աշխատողները մեր լրագրողներին ասում էին բարեւներ ուղարկել Հայաստան երկրին: Մեկ ամբողջ օր Կոպենհագենը խոսում էր Հայաստանի մասին: Այժմ Հայաստանի ազգային հավաքականը լավ հնարավորություն ունի իր մասին խոսել տալ Եվրոպայի սրտում գտնվող Չեխիային:

Կոպենհագենի մասին խոսելիս ասում էինք, որ այն հեքիաթային քաղաք է, քանի որ այնտեղ զգացվում է Հանս Քրիստիան Անդերսենի շունչը: Այսօր կարող ենք հստակ ասել, որ եթե աշխարհում կա հեքիաթ, ուրեմն դա Պրահան է: Քաղաք, որտեղ ամեն մի շենքը արդեն մի հեքիաթային պատմություն է: Իրականություն կդառնա արդյոք հերթական հեքիաթը, պարզ կդառնա արդեն այսօր...

Վերա Մարտիրոսյան՝ Պրահայից

NEWS.am Sport-ը Չեխիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Պրահայից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով