14:42  ,  20 օգոստոսի, 2013

Լեւոն Հայրապետյան. Անում եմ ամեն բան, որպեսզի շուտ վերականգնեմ նախկին մարզավիճակս

«Իմ խաղից հաստատ գոհ չեմ: 10 ամիս չէի խաղացել, սակայն դա արդարացում չէ»։
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի եւ լեհական «Վիձեւի» պաշտպան Լեւոն Հայրապետյանը: 

Լեւոն, Լեհաստանի Գավաթի «Վիդձև» - «Ուրսուս» վերջին խաղը բաց թողեցիր: Ո՞րն էր պատճառը:

Ալբանիայի խաղից հետո հոգնածություն կար, բացի այդ, խաղում էինք երրորդ լիգայում հանդես եկող թիմի դեմ, եւ մարզիչները որոշեցին ինձ հանգիստ տալ: Ալբանիայի հետ խաղում անհաջող ընկա աջ ոտքիս վրա, ցավեր ունեի, եւ չցանկացանք ռիսկի դիմել: Հաջորդ խաղին ամենայն հավանականությամբ կխաղամ:

Ի՞նչ կասես Ալբանիայի հետ խաղի մասին եւ ի՞նչ գնահատական կտաս քո խաղին:

Իմ խաղից ես հաստատ գոհ չեմ: 10 ամիս չէի խաղացել, բայց դա արդարացում չէ: Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, ոչ մեկին չի հուզում, թե ինչ պատճառներ ունես հաջող հանդես չգալու համար: Մեր թիմային խաղից նույնպես գոհ չենք:

Այդ դեպքում ո՞րն էր վատ խաղի պատճառը:

Եթե պատճառներ փնտրենք, գուցե գտնենք՝ առաջին անգամ էինք այս կազմով, դաշտը լավը չէր։ Սակայն սա արդարացում չէ: Չկարողացանք գտնել մեր խաղը: Հավաքականում կան ֆուտբոլիստներ, ովքեր կայուն խաղ չեն ցուցադրում իրենց թիմերում: Մենք պետք է ձգտենք բոլոր խաղերում կայուն խաղ ցուցադրել, այլ ոչ թե մի խաղում հաղթել, մյուսում պարտվել:

Քո խաղում պակասում էր նախկին արագությունը: Լրացուցիչ անհատական մարզումներ անցկացնո՞ւմ ես:

Այո՛, իհարկե: Ես ամեն օր անհատապես մարզվում եմ: Բայց երբ այդքան երկար բացակայում ես, դժվար է գալ հին մարզավիճակին: Ես ամեն բան անում եմ, որ որքան հնարավոր է շուտ գամ իմ նախկին մարզավիճակին:

Լեւոն, այսօր հայտնի դարձավ, որ մի շարք ֆուտբոլիստներ արդեն հավաքականին միանալու հրավեր են ստացել: Դու նույնպե՞ս ստացել ես:

Ես արդեն խոսել եմ ՀՖՖ-ի ներկայացուցիչների հետ եւ համաձայնեցրել ամեն ինչ: Սեպտեմբերի սկզբին կմիանամ հավաքականին:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով