18:42  ,  9 օգոստոսի, 2013

Գեւորգ Ղազարյան. «Սելթիկը» շատ դժվար մրցակից է

Բայց պատահականություն չէ, որ մենք հասել ենք փլեյ-օֆֆ փուլ եւ չենք պատրաստվում թուլանալ ավելի մեծ անուն ունեցող թիմի հետ խաղում, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունից հետո ասաց Հայաստանի ազգային հավաքականի եւ Կարգանդայի «Շախտյորի» ֆուտբոլիստ Գեւորգ Ղազարյանը, որի թիմը կխաղա շոտլանդական «Սելթիկի» հետ։

Գեւորգ, այսօր հայտնի դարձավ, որ Կարգանդայի «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլում կմրցի շոտլանդական «Սելթիկի» հետ: Ինչպե՞ս ես գնահատում ձեր թիմի հնարավորությունները:

Մեզ բաժին հասավ շատ դժվար մրցակից: Բոլորը գիտեն «Սելթիկին»: Բայց պատահականություն չէ, որ մենք հասել ենք փլեյ-օֆֆ եւ չենք պատրաստվում թուլանալ ավելի մեծ անուն ունեցող թիմի հետ խաղում: Ես երկու թիմերի հնարավորությունները հավասար եմ գնահատում: Փորձելու ենք անցնել նրանց:

Ի՞նչ նպատակներ էին դրվել «Շախտյորի» առջեւ որակավորման փուլի մեկնարկից առաջ: Գուցե չորրորդ փուլ դուրս գալն արդե՞ն մեծ հաղթանակ էր:

Մեր առջեւ նպատակ էր դրվել անցնել երրորդ փուլը, բայց ինչպես գիտեք՝ ախորժակը ուտելիս է գալիս: Հիմա արդեն մեծ նպատակ ենք դրել մեր առջեւ:

Իսկ ինչի՞ հետ է կապված թիմի այսքան հաջող ելույթն այս տարի:

Գլխավոր հաջողությունը միասնականության եւ նվիրվածության մեջ է՝ թե՛ ֆուտբոլիստների, թե՛ ղեակավարության:

Լիովին հարմարվե՞լ ես «Շախտյորին»:

Այո: Ինձ այստեղ բոլորը շատ ջերմ ընդունեցին: Հենց սկզբից բոլորը պատրաստակամ էին օգնել ինձ: Նրանց այդքան լավ վերաբերմունքի շնորհիվ շատ հեշտ հարմարվեցի:

Երբ «Մետալուրգից» տեղափոխվեցիր «Շախտյոր», հայ երկրպագուները հոռետեսերոն էին տրամադրված այդ տրանսֆերին: «Մետալուրգի» եւ «Շախտյորի» այս վերջին ելույթներից հետո կմտափոխվե՞ն նրանք:

Ես հասկանում էի երկրպագուների այդ վերաբերմունքը: Ուկրաինայի առաջնությունը իհարկե ավելի ուժեղ է, բայց ես այլ նպատակներ էի հետապդնում: Ես ցանկանում էի մշտապես խաղալ, եւ ժամանակն էլ ցույց տվեց, որ այսպես ավելի լավ եղավ:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով