16:54  ,  5 օգոստոսի, 2013

Միխայիլ Մարկոսով. Գրեթե անհնար է դառնում իմ միանալը Հայաստանի հավաքականին

«Իմ ակումբում կա լեգեոնականների թվի սահմանափակում։ Ես ներկայացված եմ որպես Ռուսաստանի քաղաքացի։ Այստեղ արդեն կան վեց լեգեոնականներ, իսկ ես նորեկ եմ եւ դեռ պետք է արդարացնեմ սպասելիքները։ Այդ պատճառով գրեթե անհնար է դառնում իմ միանալը Հայաստանի հավաքականին»։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմում ընդգրկված հարձակվող Միխայիլ Մարկոսովը։

«Ես շատ շնորհակալ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Միանասյանին եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ ինձ կրկին հնարավորություն տալու համար։ Հայաստանի ազգային հավաքականին միանալը իմ կյանքի մեծագույն երազանքներից է։ Երբ ձմռանն ինձ հրավիրեցին, ես մեծ սիրով եկա, սակայն վիզայի հետ խնդիրներ առաջացան։ Իսկ այժմ ես տեղափոխվել եմ նոր թիմ՝ «Սիբիր», որտեղ դեռ պետք է ինձ դրսեւորեմ։ Մեկ ամիս առաջ ես նոր թիմ տեղափոխվելու խնդրի առաջ էի կանգնել եւ հնարավոր էր, որ հանդես գայի Ռուսաստանի առաջնության երկրորդ լիգայում։ Այդ դեպքում ես չէի կարողանա միանալ հավաքականին։ Իսկ «Սիբիրում» կա լեգեոնականների թվի սահմանափակում։ Ես ներկայացված եմ որպես Ռուսաստանի քաղաքացի։ Այստեղ արդեն կան վեց լեգեոնականներ, իսկ ես նորեկ եմ եւ դեռ պետք է արդարացնեմ սպասելիքները։ Այդ պատճառով գրեթե անհնար է դառնում իմ միանալը Հայաստանի հավաքականին։ Ես դա ասում եմ մեծ ցավով։ Ոչ ոք չգիտի, թե ինչ ապրումներ ունեմ հիմա։ Շատ կցանկանայի գոնե այս անգամ միանալ հավաքին, բայց անկեղծ պետք է ասեմ, որ ես հիմա այդքան էլ լավ մարզավիճակում չեմ։ Չէի խաղում երկար ժամանակ։ Իսկ հավաքականում ես կցանկանայի հանդես գալ՝ օգուտ տալով, այլ ոչ պարզապես ձեւի համար միայն գայի ներկայությունս ապահովել։ Ցավալի է, բայց սա կյանք է։ Ինչ կարող եմ անել։ Ես Հայաստանի հավաքականին հաջողություն եմ մաղթում եւ կրկին շնորհակալ եմ հրավերի համար»,- ասաց Միխայիլ Մարկոսովը։

Միխայիլ Մարկոսովը հրավիրվել է օգոստոսի 14-ին Տիրանայում կայանալիք Ալբանիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման մարզումային հավաքին։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով