01:51  ,  15 ապրիլի, 2012

«Բարսելոնան» չորս միավոր է զիջում «Ռեալին» «կլասիկոյից» առաջ

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում երկրի գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում ուժերը չափեց վալենսիական «Լեւանտեի» հետ: Վալենսիացիներն արժանի դիմադրություն ցույց տվեցին Խոսեպ Գվարդիոլայի թիմին, սակայն «Բարսելոնան» դժվարին հաղթանակ տարավ:

Դաշտի տերերը բավական ակտիվ սկսեցին հանդիպումը: 23-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Խոսե Բարկերոն 11 մետրանոց հարվածով բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «Լեւանտեին»: «Բարսելոնան» հաշիվը հավասարեցրեց 64-րդ րեպեին: Աչքի ընկավ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին: 8 րոպե անց արգենտինացին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը՝ առաջ մղելով կատալոնացիներին: Խաղի մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին: «Բարսելոնան» հաղթեց 2:1 հաշվով:

Մեսին իր գոլերի քանակը հասցրեց 41-ի՝ հավասավելով Պրիմերայի ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը գլխավորող Կրիշտիանու Ռոնալդուին:

Խոսեպ Գվարդիոլայի թիմը 81 միավորով երկրորդ տեղում է եւ մրցաշարային աղյուսակը գլխավորող Մադրիդի «Ռեալին» զիջում է չորս միավոր:
Հաջորդ տուրում՝ ապրիլի 21-ին, «Բարսելոնան» սեփական խաղադաշտում ուժերը կչափի «Ռեալի» հետ:

Իսպանիայի առաջնություն. 33-րդ տուր

«Լեւանտե» - «Բարսելոնա»՝ 1:2

Բարկերո, 23 (11մ.) – Մեսի, 64, 72 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում