«Ուրախ եմ, որ ոսկե մեդալը նվաճեցի, միայն ուրախ չեմ որ մեդալի հանձնման արարողության ժամանակ Հայաստանի հիմնը չհնչեց. Միայն դրոշը բարձրացվեց: Նաեւ ուրախ եմ, որ Հայաստանի առաջին ոսկե մեդալակիրն եմ, միայն կուզեմ միակը չլինել»:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Հայաստանի առաջին ոսկե մեդալակիր, 52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Կիրակոսյանը Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի սամբոյի մրցաշարի եզրափակչում պարտության է մատնել Ղազախստանը ներկայացնող Բեյմետ Կանժանովին:
Տիգրան, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ 27-րդ Ունիվերսիադայի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Դու 27-րդ Ունիվերսիադայի Հայաստանի առաջին ոսկե մեդալակիրն ես: Ի՞նչ զգացողություն ունես, ինչպե՞ս է տրամադրությունդ:
Շնորհակալ եմ: Շատ ուրախ եմ, որ կարողացա ոսկե մեդալը նվաճել: Տրամադրությունս շատ բարձր է: Չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում, լինելով այս խաղերում Հայաստանի առաջին ոսկե մեդալակիրը: Եվ շատ ուրախ եմ, եւ այդքան էլ ոչ որ դեռեւս առաջին չեմպիոնն եմ Հայաստանի պատվիրակությունից:
Դժվա՞ր էր տիտղոսին հասնելը:
Միանշանակ շատ բարդ տրվեց ինձ չեմպիոնական տիտղոսը: 4 գոտեմարտ անցկացրեցի, 4-ն էլ բարդ ու պայքարով: Մրցակիցներս բավական լավ մարզավիճակում էին եւ ուժեղ: Հնարքներ անելը հեշտությամբ չէր լինում: Սկզբում իմ մրցակիցը Ղրղըզստանի ներկայացուցիչն էր, ապա մրցագորգում հանդիպեցի ռուս եւ վրացի սմաբիստներին եւ վերջում, արդեն ոսկու համար պայքարում մրցագորգ դուրս եկա Ղազախստանը ներկայացնող Բեյմետ Կանժանովինի հետ: Չորս մենամարտս էլ դժվարությամբ հաղթահարեցի, քանի որ մրցակիցներիցս ոչ ոքն էլ թույլ չէր:
Իսկ Կազան մեկնելիս հավատո՞ւմ էիր, որ ոսկե մեդալով կվերադառնաս:
Վստահ էի ուժերիս վրա, քանի որ երկար էի պատրաստվել, մարզումներ անցկացրել: Սրանից առաջ Եվրոպայի առաջնությունում նվաճեցի արծաթե մեդալ: Այժմ շատ ուրախ եմ, որ նվաճածս մեդալի գույնը փոխվեց: Եթե վստահ չլինեի ուժերիս վրա, չէի մասնակցի Ունիվերսիադային:
Նշեցիր, որ մրցակիցներդ ուժեղ էին: Ի՞նչը քեզ ուժ տվեց մրցագորգում մինչեւ վերջ հաղթանակին հասնելու համար:
Ինձ մրցագորգի վրա ուժ էր տալիս երկրպագուների գոտեպնդումը: Դահլիճում շատ հայեր կային թե մեր պատվիրակությունից, թե երկրպագուների շարքերում: Նրանք ամեն մենամարտի ընթացքում այնպես էին երկրպագում, որ ուղղակի պատվաբեր չէր լինի հաղթանակով չավարտել այդ մենամարտը: Դա ինձ շատ ուժ տվեց եւ օգնեց:
Աննկարագրելի զգացողություն է, երբ այսպիսի խոշոր մրցաշարերում կարողանում ես չեմպիոնական տիտղոսը նվաճել: Բայց լավ չավարտվեց պարգեւատրության արարողությունը, քանի որ չհնչեց Հայաստանի հիմնը, այլ սխալմամբ հնչեց ինչ-որ ուրիշ հիմն: Յուրաքանչյուր մարզիկի համար հաղթանակից բացի, կարեւոր է նաեւ մեդալի հանձնման հանդիսավոր արարողության այդ պահը` դրոշը բարձրանալու եւ հիմնը հնչելու: Միայն դրա համար տխրեցի, որ հիմնը չհնչեց:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում