18:09  ,  9 հուլիսի, 2013

Կիրիլ Դեմենտեւ. Դորտմունդում Մխիթարյանից աստղային խաղ են սպասելու

«Մխիթարյանին պետք է լինելու սովորել նոր առաջնության արագությանը: Նա պետք է դաշտում արագ որոշումներ կայացնի: Ավելի քիչ ժամանակ կունենա գնդակը խաղարկելու եւ որոշում կայացնելու համար: Դա պետք է իմանան Գերմանիա տեղափոխվող բոլոր ֆուտբոլիստները»։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «НТВ плюс» հեռուստաընկերության հայտնի մեկնաբան Կիրիլ Դեմենտեւը, ով մասնագիտացած է գերմանական Բունդեսլիգայի վրա:

Կիրիլ, ինչպե՞ս եք գնահատում Մխիթարյանի տեղափոխթյունը Դորտմունդի «Բորուսիա»: Ճի՞շտ ընտրություն կատարեց:

Այո, շատ ճիշտ: «Բորուսիան» ավելի հեռանկարային թիմ է, քան «Լիվերպուլը»։ Բացի այդ, այն երիտասարդ թիմ է, Մխիթարյանի համար «Բորուսիայում» ավելի հեշտ կլինի: Սա շատ լավ տեղափոխություն է՝ եւ՛ ֆուտբոլիստն է շատ հետաքրքիր, եւ՛ թիմն է շատ լավը: Մխիթարյանը կարող է շատ բան սովորել Կլոպի նման մարզիչից: Այս մարզիչի ղեկավարությամբ ֆուտբոլիստները աճում են եւ բացվում: Կարելի է սպասել նաեւ Մխիթարյանի խաղային աճին:

«Բորուսիան» գրեթե երբեք մեծ գումարներ չի ծախսել տրանսֆերների վրա, իսկ այստեղ ռեկորդ սահմանվեց: Ինչի՞ հետ է կապված հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու այսպիսի մեծ ցանկությունը:

«Բորուսիան», որպես Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից, մեծ գումարներ ստացավ։ Բացի այդ, Գյոտցեի տրանսֆերից նույնպես մեծ գումար աշխատեց: «Բորուսիային» պետք է պահել նախորդ տարվա մակարդակը, իսկ «Շախտյորը» քիչ գումարով չէր վաճառի Հենրիխին։ Մախիթարյանը շատ էր անհրաժեշտ «Բորուսիային», եւ նրանք գնացին այդպիսի զգալի ծախսի: Դա խոսում է այն մասին, որ Մխիթարյանը «Բորուսիայի» գլխավոր տրանսֆերային նպատակն էր:

Մխիթարյանը ստացավ 10 համարի մարզաշապիկը: Ի՞նչ եք կարծում, նա ձեռք բերվեց որպես Գյոտցեի լիիրավ փոխարինում:

Կարծում եմ՝ «Բորուսիայի» խաղը մի քիչ կփոխվի: Թիմ են եկել նաեւ այլ ֆուտբոլիստեր, օրինակ, Օբամեյանգը Ֆրանսիայի առաջնությունից։ Թիմը մեծ հույսեր է կապելու Հենրիխի հետ եւ նրանից սպասելու է աստղային խաղ, բայց դա չի նշանակում, որ նա Գյոտցեին լիիրավ փոխարինող է լինելու:

Որպես Բունդեսլիգայի մասնագետ, զուտ ինտուիտիվ, ի՞նչ է Ձեզ թվում, հեշտ կլինի՞ արդոք Մխիթարյանին հարմարվել նոր առաջնությանը: Բունդեսլիգայի մակարդակը տարբերվում է Ուկրաինայի Պրեմյեր լիգայից:

Դժվար է կանխագուշակել, բայց այն հանգամանքը, որ Մխիթարյանը երկար տարիներ ապրել է Եվրոպայում կօգնի նրան: Լեզուների իմացության շնորհիվ նա հեշտությամբ կադապտացվի նոր թիմին: Բացի այդ «Բորուսիայում» շատ լավ կոլեկտիվ է: Նոր թիմակիցները կօգնեն նրան: Մխիթարյանին պետք է լինելու սովորել նոր առաջնության արագությանը: Նա պետք է դաշտում արագ որոշումներ կայացնի: Ավելի քիչ ժամանակ կունենա գնդակը խաղարկելու եւ որոշում կայացնելու համար: Դա պետք է իմանան Գերմանիա տեղափոխվող բոլոր ֆուտբոլիստները: Բացի այդ, մրցակցությունը ուժեղ է լինելու: Ուկրաինայում «Շախտյորն» իրեն հավասարը չուներ: Շատ խաղերում արդյունքը նախապես պարզ էր, իսկ այստեղ լրիվ այլ մակարդակ է:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով