17:49  ,  27 հունիսի, 2013

Bild․ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» գլխավոր տրանսֆերային նպատակն է

Հենրիխ Մխիթարյանը դարձել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տրանսֆերային նպատակը, գրում է գերմանական Bild-ը, որն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի հետ կապված լուրերին:

«Դորտմունդցիների՝ Լոնդոնի «Չելսիի» խաղացող Կեւին դե Բրույնեի եւ Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի տրանսֆերների վերաբերյալ բանակցություններն անհաջող անցան, իսկ «Աթլետիկո Մինեյրոյի» ենթահարձակվող Բերնարդի տրանսֆերային արժեքը շատ բարձր է։ Նման պայմաններում Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դառնում է «Բորուսիայի» գլխավոր տրանսֆերային նպատակը»,- գրում է Bild-ը։

Հարցին, թե «Բորուսիան» պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել Մխիթարյանի համար, ակումբի մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը պատասխանել է․ «Առանց մեկնաբանության»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտարարել էր, որ Դորտմունդի «Բորուսիան» 30 միլիոն դոլար է առաջարկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի համար։ Դոնեցկի թիմը 10 օրում պատրաստ է 30 միլիոն եվրոյով վաճառել Մխիթարյանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում