19:46  ,  24 հունիսի, 2013

Վարդան Բիչախչյան. Մեր մտավախությունն այն է, որ մրցակցին չթերագնահատենք

«Մեր մտավախությունն այն է, որ մրցակցին չթերագնահատենք: Սպորտը դա չի սիրում: Անկախ հակառակորդի անունից, կարգավիճակից, մենք պետք է մարզադաշտում խաղանք մեր ողջ նվիրվածությամբ»:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը՝ մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

«Շիրակը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում ուժերը կչափի Սան Մարինոյի չեմպիոն «Տրե Պենեի» հետ:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթահարենք առաջին փուլի արգելքը: Կենտրոնացած ենք միայն դրա վրա: Ժամանակից առաջ չենք ուզում անցնել: Այս պահից սկսած զբաղված ենք մրցակցի մասին ինֆորմացիա հավաքելով: Ինձ արդեն տրամադրել են «Տրե Պենեի» վերջին խաղերի երկու տեսաերիզներ: Կպատրաստվենք հուլիսի երկու խաղին:
Հունիսի 3-ից սկսել ենք նախապատրաստական շրջանը: Արդեն երկու հավաք ենք անցկացրել: Առաջինը ՝Հանքավանում, երկորրդը՝ ֆուտբոլի ակադեմիայում: Այս պահի դրությամբ թիմը ծանրաբենված մարզվում է: Վաղը կանցկացնենք երկրորդ ստուգողական հանդիպումը Մարտունու «Ալաշկերտի» հետ: Եվ մեզ կմնա մեկ շաբաթ պատրաստվելու համար:
Սենեգալցի կենտրոնական պաշտպան Շեյխ Վեյդն այս պահին թիմում է, մարզվում է մեր հետ: Բայց խնդիրներ են առաջացել նրա տեղափոխման հետ՝ կապված իր նախորդ ակումբի հետ: Եվ մենք չհասցրինք նրան հայտավորել: Ամենայն հավանականությամբ չենք հասցնի նրան ընդգրկել առաջիկա խաղերին:
«Շիրակի» ֆուտբոլիստ Լեւոն Փաչաջյանի՝ «Ալաշկերտ» տեղափոխվելու մասին այս պահին տեղեկատություն չեմ կարող հայտնել: Մոտ օրերս ամեն ինչ պարզ կլինի», - ասաց Վարդան Բիչախչյանը:

Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 2-ին Սան Մարինոյում: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին Գյումրիում:

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով