18:31  ,  24 հունիսի, 2013

Եվրոպայի լիգայի վիճակահանություն. «Միկայի» գլխավոր մարզիչի մեկնաբանությունը

«Ինձ ավելի շատ հուզում է մեր խաղը, որպեսզի այն դառնա ավելի որակյալ: Եթե մենք վատ խաղանք, բնականաբար, նրանք կլինեն ուժեղ»:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միկաի» նորանշանակ մարզիչ Արամ Ոսկանյանը՝ մեկնաբանելով Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքները:

«Միկան» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում ուժերը կչափի Չեռնոգորիայի «Ռուդարի» հետ:

Պարոն Ոսկանյան, մի քանի օր է ինչ ստանձնել եք «Միկայի» գլխավոր մարզչի պաշտոնը: Պատրա՞ստ եք նախապատրաստել թիմը Եվրոպայի լիգայի որոկավորման փուլի առաջիկա հանդիպումներին:

 «Միկան» ինձ համար նոր թիմ չէ: Ես գլխավոր մարզիչի օգնականն էի: Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, բնականաբար, ես լավ հասկանում եմ հարցի կարեւորությունը: Եթե ես համաձայնել եմ ստաձնել, ուրեմն համաձայն եմ նաեւ, որ պատասխանատվությունս պետք է մեծանա: Ժամանակը ցույց կտա, թե ինչքանով եմ ես պատրաստ:

 

Ի՞նչ նպատակներ է դրվել «Միկայի» առջեւ այս տարի: Գաղտնիք չէ, որ հայկական ակումբները այդքան էլ հաջող հանդես չեն գալիս Եվրագավաթներում:

 Մի քիչ դժվար է համեմատել այժմ: Տարիներ առաջ մեր շատ ֆուտբոլիստները առաջին անգամ էին հանդես գալիս Բարձրագույն խմբում: Իմ աչքին փոփոխություններ քիչ են երեւում, քանի որ մեր ֆուտբոլիստներն անընդհատ իմ աչքի առաջ են, կողքից ավելի լավ կերեւա նրանց աճը: Այս պահին մտածելու ենք հենց առաջիկա խաղի մասին:

Ի՞նչ գնահատական կտաք մրցակցին:

Ինձ ավելի շատ հուզում է մեր խաղը, որպեսզի այն դառնա ավելի որակյալ: Եթե մենք վատ խաղանք, բնականաբար, նրանք կլինեն ուժեղ: Մենք պետք է դնենք խնդիր եւ լուծենք այն:

Որքանո՞վ է կախված լինելու Ձեր հետագա աշխատանքը «Միկայում» Եվրոպայի լիգայում ցուցադրած արդյունքներից:

Իմ պայմանագիրը մինչեւ դեկտեմբեր է: Բայց մարզիչի կյանքը, իհարկե, կախված է արդյուքներից: Պետք է լավ արդյուքներ ունենալ, որպեսզի թիմում երկարակեցություն ունենալ:

Որքանո՞վ են լուծված թիմի ֆինանասական խնդիրները:

Խնդիրը լուծման փուլում է: Ես կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ թիմը բավականին մեծ ծրագրեր ունի: Ես անձամբ խոսել եմ այդ մասին թիմի սեփականատիրոջ՝ Միխայիլ Բաղդասարովի հետ: Պարզապես մեզ ժամանակ է հարկավոր այս դժվարությունը հաղթահարելու համար:

Իսկ կա՞ն թիմում ֆուտբոլիստներ, ովքեր մի քանի ամիս աշխատավարձ չստանալու պատճառով ցանկանում են լքել թիմը:

Նման ֆուտբոլիստներ չկան: Ես շատ եմ հարգում մեր ֆուտբոլիստներին: Նրանք շատ ըմբռնումով մոտեցան այս խնդրին եւ այն խաղադաշտ չբերեցին:

«Միկայի» նախկին մարզիչ Ժոլ Հորնյակը, ի՞նչ հարաբերություն ների մեջ է այժմ «Միկայի» հետ:

Շատ լավ: Ես գրեթե ամեն օր զանգահարում եմ նրան: Եթե հարցեր լինեն, անպայման կդիմեմ: Նա շատ խաղաղ հեռացավ թիմից:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով