13:39  ,  11 հունիսի, 2013

Յան Պոուլսեն. Հայաստանն ունի ցանկություն եւ Հենրիխ Մխիթարյան

«Տանը Մալթայից կրած պարտությունից հետո Հայաստանի հավաքականը կձգտի վերականգնել հեղինակությունը: Հայաստանի հավաքականն ունի հաղթելու ցանկություն եւ Հենրիխ Մխիթարյան, որը շատ խնդիրներ կառաջացնի դանիական պաշտպանության համար»,- ասել է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ դանիացի Յան Պոուլսենը, Կոպենհագենից հաղորդում են NEWS.am Sport-ի թղթակիցները:

«Հենրիխը ֆանտաստիկ խաղացող է: Նա կարողանում է կարդալ խաղը: Նա նման է Միքայել Լաուդրուպին: Հենրիխը միշտ ընտրում է ճիշտ դիրք, նա ունի կտրուկ մեկնարկ եւ հրաշալի է գնդակ վերահսկում: Կարծում եմ՝ Քրիստիան Էրիքսենն ունի Հենրիխից սովորելու բան:

Դեռեւս մի քանի տարի առաջ, երբ Հենրիխը 19 տարեկան էր, ես ասել եմ նրան, որ ունի տաղանդ եւ կարող է ամեն ինչ, սակայն ծուլանում է: Ես ասում էի, որ պետք է ավելի շատ աշխատել, գնդակը կորցնելուց հետո վազել, պայքարել գնդակի համար: Միայն աշխատանքով հնարավոր կլինի իրացնել տաղանդը: Ես ուրախ եմ, որ նրա մոտ ամեն ինչ ստացվեց»,- ասել է Յան Պոուլսենը:

Դանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին, Երեւանի ժամանակով 22:15-ին: NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է Կոպենհագենից «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:

Վերա Մարտիրոսյան, Պարույր Սինյավսկի՝ Կոպենհագենից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով