23:56  ,  24 մայիսի, 2013

Լոնդոնն այս գիշեր չի քնի. NEWS.am Sport-ի ռեպորտաժը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքից (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի նախօրեին Լոնդոնում ցուրտ եւ մռայլ եղանակ է: Ամբողջ օրվա ընթացքում անձրեւը գրեթե չի դադարում: Ջերմաստիճանը տասը աստիճան է: Լոնդոնցիների համար սա սովորական եղանակ է, իսկ խաղին ժամանած երկրպագուներն ու լրագրողները դժգոհում են:

Լոնդոնի համար սա երեք տարվա մեջ արդեն Չեմպիոնների լիգայի երկրորդ եզրափակիչն է: Անցյալ տարի քաղաքը տեսավ ամառային Օլիմպիական խաղեր: Այդ պատճառով էլ տարվա կարեւորագույն ֆուտբոլային իրադարձությունը ութ միլիոն բնակչություն ունեցող Լոնդոնի համար, կարծես թե այդքան էլ մեծ իրադարձություն չէ:

Սակայն հետաքրքրությունը մեծ է: Հենց այս պահին «Ուեմբլի» ստադիոնից վերադառնալուց հետո Լոնդոնի կենտրոնական սրճարաններից մեկում նստած լսում եմ, թե ինչպես են կողքի սեղանի մոտ նստած հարեւանները քննարկում առաջիկա խաղը: Ինչպես հաճախ սիրում էին կրկնել ֆուտբոլասերները, այն ինչ չհաջողվեց Հիտլերին, հաջողվեց «Բավարիային» ու «Բորուսիային»: Լոնդոնը ողողված է գերմանացիներով: Նրանք ամենուր են: Մետրոյի կայարաններում երգում են, կենտրոնական փողոցներում լսվում են նրանց վանկարկումները: Այնպիսի տպավորություն է, որ Լոնդոն ավելի շատ ժամանել են «Բորուսիայի» երկրպագուները: Ամենուր դեղին շարֆեր են: Գերմանացիները ուրախությունը կրկնապատտկվեց երեկ, երբ պարզ դարձավ, որ Չեմպիոնների լիգայի 2015-ի եզրափակիչը կանցկացվի Բեռլինում: Բայց կան երկրպագուներ, ովքեր ոչ այդքան ուրախ են ժամանել Լոնդոն: «Ուեմբլիի» մուտքի մոտ կանգնած են բազմաթիվ երկրպագուներ՝ «պահանջվում են տոմսեր» գրություններով: Նրանք եկել են Լոնդոն այն հույսով, որ վերավաճառողներից կկարողանան ձեռք բերել տոմսեր: Մինչդեռ կազմակերպիչները զգուշացնում են զգույշ մնալ կեղծ տոսմերից: «Ուեմբլի» ստադիոնը գտնվում է քաղաքի կենտրոնից բավական հեռու, եւ չնայած որ շրջապատված է բարձրակարգ հյուրանոցներով, համարվում է ոչ այդքան լավ եւ անվտանգ վայր:

«Ուեմբլին» ունի 85 700 տեղ: 25 000-ական տոմս են ստացել թիմերի երկրպագուները: 9200 տոմս վաճառվել է աճուրդի միջոցով: 10 000 տոմս բաշխել են մրցաշարի հովանավորներին: Իսկ մնացած տոմսերն էլ բաշխվել են ՈւԵՖԱ-ի եւ մի քանի այլ կազմակերպությունների միջեւ:

Լոնդոնի բնակիչները չեն դժգոհում խաղին ներկա գտնվել չկարողանալու հնարավորությունից: Նրանց մեծ մասը մեծ հաճույքով խաղը կդիտի փաբերում: Իսկ Ստրատֆորդում էլ նրանց համար կազմակերպված կլինի մեծ ֆան գոտի:
Չնայած մռայլ եղանակին՝ երկու թիմերն էլ այսօր երեկոյան անցկացրին իրենց մարզումներն «Ուեմբլիում»: Ֆուտբոլիստները, կարծես՝ անտեսելով եղանակը, եւս մեկ անգամ համոզեցին իրենց երկրպագուներին, որ հենց իրենց թիմն է լինելու այս տարվա հաղթողը:
Վաղը Լոնդոնում մեծ տոն է լինելու եւ կարծես՝ այսօր էլ Լոնդոնը չի քնելու:

Վերա Մարտիրոսյան՝ Լոնդոնից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով