16:48  ,  12 մայիսի, 2013

«Շիրակ» - «Գանձասար»՝ 2:2

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին՝ 41-րդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոնի տիտղոսն ապահոված Գյումրիի «Շիրակն» ընդունել էր Եվրոպայի լիգայի ուղեգրի համար պայքարող Կապանի «Գանձասարին»: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով:

10-րդ րոպեին «Շիրակի» սենեգալցի հարձակողական ոճի կիսապաշտպան Դամե Դիոպը չկարողացավ 11 մետրանոցից գրավել Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը, բայց առաջին խաղակեսի վերջնամասում նույն Դիոպը բացեց հաշիվը: Ընդմիջումից հետո կապանցիները շատ արագ առաջ անցան հաշվի մեջ: 52-րդ րոպեին Սամվել Մելքոնյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ 11 րոպե անց Նարեկ Բեգլարյանը խփեց «Գանձասարի» երկրորդ գնդակը: Այնուամենայնիվ հյուրերը չկարողացան պահպանել հաղթական հաշիվը: «Շիրակը» պարտությունից խուսափեց Լամին Յորոյի իրացրած 11 մետրանոց հարվածի շնորհիվ:

Խաղից հետո գյումրեցիներին հանձնեցին չեմպիոնության ոսկե մեդալները:

«Գանձասարը» 64 միավորով երրորդն է եւ 4 միավոր գերազացնում է մեկական խաղ պակաս անցկացրած «Փյունիկին» ու «Իմպուլսին»:

Հայաստանի առաջնություն. 41-րդ տուր

«Շիրակ» - «Գանձասար»՝ 2:2

Դամե Դիոպ, 45, Կամին Յորո, 81 (11մ.) – Սամվել Մելքոնյան, 52, Նարեկ Բեգլարյան, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով