11:21  AMT,  6 ապրիլի, 2012

Արթուր Սարկիսով. Ես շատ էի երազում խաղալ Հայաստանի հավաքականում

Դեռ ոչ վաղ անցյալում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հարձակման գծում խնդիրներ ուներ: Այսօր Վարդան Մինասյանի թիմը ցուցադրում է հարձակողական, գեղեցիկ ֆուտբոլ: Հավաքականի հարձակման գիծն ուժեղացավ, երբ թիմին միացան մի շարք հարձակվողներ, որոնցից մեկը Արթուր Սարկիսովն է, ով առաջին իսկ խաղում ապացուցեց, որ  բարձրակարգ եւ թիմին նվիրված ֆուտբոլիստ է:

Արթուր Սարկիսովը Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ է, սակայն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս Յարոսլավլի «Շիննիկում»: Հայաստանի ազգային հավաքականում Արթուրը նորամուտը նշել է 2011թ. օգոստոսի 10-ին:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Արթուր Սարկիսովի հետ:

Արթուր, «Շիննիկը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հայտնվելու ի՞նչ հնարավորություններ ունի:

Մենք լավ հնարավորություն ունենք դուրս գալու Պրեմիեր լիգա, ուղղակի պետք է խաղադաշտ դուրս գալ եւ լավ աշխատել: Մենք նույնիսկ կարող ենք պայքարել առաջին տեղ զբաղեցնելու համար: Ամեն բան մեր ձեռքերում է:

Ե՞րբ է ավարտվում «Շիննիկի»  հետ պայմանագիրդ:

Այս ամռանը:

Պայմանագրիդ ավարտից հետո, ի՞նչ ծրագրեր ունես:

Կվերադառնամ «Լոկոմոտիվ», իսկ հետո ավելի հստակ կիմանամ անելիքս:

Որտե՞ղ ես ցանկանում խաղալ:

Շատ կուզենայի խաղալ հենց «Լոկոմոտիվում»:

Իսկ տարբերակ կա՞, որ կմնաս «Շիննիկում»:

Դեռ դժվար է ասել:

Կարելի՞ է ասել, որ մանկուց երազել ես խաղալ Հայաստանի ազգային հավաքականում:

Չեմ կարող ասել, թե մանկուց, բայց վերջին հինգ տարիների ընթացքում  ես շատ էի ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում, եւ երբ ինձ հրավիրեցին, ես առանց մեկ րոպե մտածելու` համաձայնեցի:

Ո՞րն է ամենահիշվող խաղը հավաքականի կազմում:

Ամենահիշվողն իռլանդացիների դեմ խաղն էր:

Բացասական իմաստո՞վ:

Չէ, ինչո՞ւ: Դա շատ լուրջ խաղ էր: Մենք խմբից դուրս գալու լավ հնարավորություններ ունեինք: Կային ե'ւ լավ, ե'ւ վատ պահեր: Այդ խաղը շատ լավ եմ հիշում:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակման գծում մրցակցություն կա՞:

Ասեմ, որ մեր ընտրանին շատ լավ կոլեկտիվ է: Մենք բոլորս մտահոգվում ենք միմյանց համար: Բոլորս լավ հարաբերությունների մեջ ենք միմյանց հետ:  Եվ ոչ մի խնդիր չի լինում, երբ մեկը խաղում է, մյուսը` ոչ:

Ի՞նչ կասես Արաս Օզբիլիզի խաղի մասին: Նա մեկ խաղ է դեռ խաղացել, բայց տպավորիչ:

Նա ինձ շատ դուր եկավ: Արասը  տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է: Հուսամ` նա ոչ միայն առաջին, այլ նաեւ շատ այլ հանդիպումներում գոլերի հեղինակ կդառնա:

Հավաքականի մյուս տղաների հետ ընկերություն անո՞ւմ ես:

Մեկ-մեկ զանգահարում եմ այն տղաներին, ովքեր խաղում են Ռուսաստանում: Հազվադեպ ենք հանդիպում: Երբ գալիս եմ հավաքականի խաղերին` բոլորի հետ շփվում եմ: Բոլորն էլ ընկերասեր տղաներ են:

Հայերեն ընդհանրապես չե՞ս խոսում:

Վերջերս սկսել եմ մի քիչ հասկանալ, բայց կարելի է ասել, որ չգիտեմ:

Իսկ ծնողնե՞րդ:

Մի քիչ հասկանում են:

Երկու ամսից Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի, մասնակցելու՞ ես այդ հանդիպումներին:

Ես շատ եմ սպասում եւ հուսով եմ, որ ինձ այդպիսի հնարավորություն կընձեռվի:

Հավաքականի խաղի վերելքից հետո, շատ մոլի երկրպագուներ հավատում են, որ աշխարհի առաջնության ընտրական խմբից մենք կարող ենք առաջին տեղը զբաղեցնել: Իսկ դու ի՞նչ ես կարծում:

Սա ֆուտբոլ է, եւ ամեն բան հնարավոր է: Ինձ թվում է, մենք ի զորու ենք հաղթահարել խմբային փուլը:

Եղբայրդ նույնպես ֆուտբոլիստ է: Ֆուտբոլում ի՞նչ հաջողությունների է հասել:

Ֆուտբոլային հաջողություններ չկան: Նա հանդես է գալիս «Պրիալիտ Ռեուտով» թիմում: Նա, ինչպես եւ ես, աթլետ է եղել: Եղբայրս 60 մետր վազքի Ռուսաստանի չեմպիոնն է:

Արթուր, կինդ ֆուտբոլ սիրու՞մ է:

Այո, իհարկե:

Քանի՞ երեխա ես ցանկանում ունենալ:

Մեկ որդի ունեմ: Ցանկանում եմ երեք երեխա ունենալ:

Բացի հավաքականի խաղերին մասնակցելուց, այցելել ե՞ս Հայաստան:

Փետրվարին` խաղերից առաջ կնոջս հետ եկանք: Զբոսնեցինք, շատ բաներ տեսանք եւ շատ գոհ մնացինք: Դա առաջին անգամ էր, որ ոչ որպես ֆուտբոլիստ եկա:

Ամռանը, եթե հնարավորություն լինի կրկին կգա՞ս  հանգստանալու:

Կցանկանայի, բայց ազատ ժամանակ չեմ ունենա:

Սոցիալական ցանցերում գրանցվա՞ծ ես:

Ոչ, ես սոցիալական ցանցերի ժամանակ չունեմ:

Եվ վերջում փոքրիկ բլից:

Սիրա՞ծ հավաքականը:

Հայաստանի հավաքականը:

Ակո՞ւմբը:

Չկա այդպիսին:

Լավագույն ֆուտբոլի՞ստը:

Լիոնել Մեսսին:

Սիրելի ֆուտբոլի՞ստը:

Փոքր տարիքում սիրում էի Բատիստուտային, Տոտտիին, բայց կուռքեր չունեի:

Ֆի՞լմը:

«Առանց դեմքի» («Без лица»):

Դերասա՞նը:

Ջոննի Դեփ:

Մուլտֆի՞լմը:

«Ռիո»:

Գի՞րքը:

Շատ սիրած գրքեր ունեմ, դժվար է մեկն առաձնացնել:

Աստծուն հավատո՞ւմ ես:

Այո:

Շնորհակալություն Արթուր: Մաղթում եմ քեզ հաջողություն եւ հաղթանակներ:

Շնորհակալություն, նմանապես:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս

  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ