Դեռ ոչ վաղ անցյալում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հարձակման գծում խնդիրներ ուներ: Այսօր Վարդան Մինասյանի թիմը ցուցադրում է հարձակողական, գեղեցիկ ֆուտբոլ: Հավաքականի հարձակման գիծն ուժեղացավ, երբ թիմին միացան մի շարք հարձակվողներ, որոնցից մեկը Արթուր Սարկիսովն է, ով առաջին իսկ խաղում ապացուցեց, որ բարձրակարգ եւ թիմին նվիրված ֆուտբոլիստ է:
Արթուր Սարկիսովը Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ է, սակայն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս Յարոսլավլի «Շիննիկում»: Հայաստանի ազգային հավաքականում Արթուրը նորամուտը նշել է 2011թ. օգոստոսի 10-ին:
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Արթուր Սարկիսովի հետ:
Արթուր, «Շիննիկը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հայտնվելու ի՞նչ հնարավորություններ ունի:
Մենք լավ հնարավորություն ունենք դուրս գալու Պրեմիեր լիգա, ուղղակի պետք է խաղադաշտ դուրս գալ եւ լավ աշխատել: Մենք նույնիսկ կարող ենք պայքարել առաջին տեղ զբաղեցնելու համար: Ամեն բան մեր ձեռքերում է:
Ե՞րբ է ավարտվում «Շիննիկի» հետ պայմանագիրդ:
Այս ամռանը:
Պայմանագրիդ ավարտից հետո, ի՞նչ ծրագրեր ունես:
Կվերադառնամ «Լոկոմոտիվ», իսկ հետո ավելի հստակ կիմանամ անելիքս:
Որտե՞ղ ես ցանկանում խաղալ:
Շատ կուզենայի խաղալ հենց «Լոկոմոտիվում»:
Իսկ տարբերակ կա՞, որ կմնաս «Շիննիկում»:
Դեռ դժվար է ասել:
Կարելի՞ է ասել, որ մանկուց երազել ես խաղալ Հայաստանի ազգային հավաքականում:
Չեմ կարող ասել, թե մանկուց, բայց վերջին հինգ տարիների ընթացքում ես շատ էի ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում, եւ երբ ինձ հրավիրեցին, ես առանց մեկ րոպե մտածելու` համաձայնեցի:
Ո՞րն է ամենահիշվող խաղը հավաքականի կազմում:
Ամենահիշվողն իռլանդացիների դեմ խաղն էր:
Բացասական իմաստո՞վ:
Չէ, ինչո՞ւ: Դա շատ լուրջ խաղ էր: Մենք խմբից դուրս գալու լավ հնարավորություններ ունեինք: Կային ե'ւ լավ, ե'ւ վատ պահեր: Այդ խաղը շատ լավ եմ հիշում:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակման գծում մրցակցություն կա՞:
Ասեմ, որ մեր ընտրանին շատ լավ կոլեկտիվ է: Մենք բոլորս մտահոգվում ենք միմյանց համար: Բոլորս լավ հարաբերությունների մեջ ենք միմյանց հետ: Եվ ոչ մի խնդիր չի լինում, երբ մեկը խաղում է, մյուսը` ոչ:
Ի՞նչ կասես Արաս Օզբիլիզի խաղի մասին: Նա մեկ խաղ է դեռ խաղացել, բայց տպավորիչ:
Նա ինձ շատ դուր եկավ: Արասը տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է: Հուսամ` նա ոչ միայն առաջին, այլ նաեւ շատ այլ հանդիպումներում գոլերի հեղինակ կդառնա:
Հավաքականի մյուս տղաների հետ ընկերություն անո՞ւմ ես:
Մեկ-մեկ զանգահարում եմ այն տղաներին, ովքեր խաղում են Ռուսաստանում: Հազվադեպ ենք հանդիպում: Երբ գալիս եմ հավաքականի խաղերին` բոլորի հետ շփվում եմ: Բոլորն էլ ընկերասեր տղաներ են:
Հայերեն ընդհանրապես չե՞ս խոսում:
Վերջերս սկսել եմ մի քիչ հասկանալ, բայց կարելի է ասել, որ չգիտեմ:
Իսկ ծնողնե՞րդ:
Մի քիչ հասկանում են:
Երկու ամսից Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի, մասնակցելու՞ ես այդ հանդիպումներին:
Ես շատ եմ սպասում եւ հուսով եմ, որ ինձ այդպիսի հնարավորություն կընձեռվի:
Հավաքականի խաղի վերելքից հետո, շատ մոլի երկրպագուներ հավատում են, որ աշխարհի առաջնության ընտրական խմբից մենք կարող ենք առաջին տեղը զբաղեցնել: Իսկ դու ի՞նչ ես կարծում:
Սա ֆուտբոլ է, եւ ամեն բան հնարավոր է: Ինձ թվում է, մենք ի զորու ենք հաղթահարել խմբային փուլը:
Եղբայրդ նույնպես ֆուտբոլիստ է: Ֆուտբոլում ի՞նչ հաջողությունների է հասել:
Ֆուտբոլային հաջողություններ չկան: Նա հանդես է գալիս «Պրիալիտ Ռեուտով» թիմում: Նա, ինչպես եւ ես, աթլետ է եղել: Եղբայրս 60 մետր վազքի Ռուսաստանի չեմպիոնն է:
Արթուր, կինդ ֆուտբոլ սիրու՞մ է:
Այո, իհարկե:
Քանի՞ երեխա ես ցանկանում ունենալ:
Մեկ որդի ունեմ: Ցանկանում եմ երեք երեխա ունենալ:
Բացի հավաքականի խաղերին մասնակցելուց, այցելել ե՞ս Հայաստան:
Փետրվարին` խաղերից առաջ կնոջս հետ եկանք: Զբոսնեցինք, շատ բաներ տեսանք եւ շատ գոհ մնացինք: Դա առաջին անգամ էր, որ ոչ որպես ֆուտբոլիստ եկա:
Ամռանը, եթե հնարավորություն լինի կրկին կգա՞ս հանգստանալու:
Կցանկանայի, բայց ազատ ժամանակ չեմ ունենա:
Սոցիալական ցանցերում գրանցվա՞ծ ես:
Ոչ, ես սոցիալական ցանցերի ժամանակ չունեմ:
Եվ վերջում փոքրիկ բլից:
Սիրա՞ծ հավաքականը:
Հայաստանի հավաքականը:
Ակո՞ւմբը:
Չկա այդպիսին:
Լավագույն ֆուտբոլի՞ստը:
Լիոնել Մեսսին:
Սիրելի ֆուտբոլի՞ստը:
Փոքր տարիքում սիրում էի Բատիստուտային, Տոտտիին, բայց կուռքեր չունեի:
Ֆի՞լմը:
«Առանց դեմքի» («Без лица»):
Դերասա՞նը:
Ջոննի Դեփ:
Մուլտֆի՞լմը:
«Ռիո»:
Գի՞րքը:
Շատ սիրած գրքեր ունեմ, դժվար է մեկն առաձնացնել:
Աստծուն հավատո՞ւմ ես:
Այո:
Շնորհակալություն Արթուր: Մաղթում եմ քեզ հաջողություն եւ հաղթանակներ:
Շնորհակալություն, նմանապես:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։