17:17  ,  1 մայիսի, 2013

Լեւոն Արոնյան. Ես շատ շնորհակալ եմ բոլոր հայ երկրպագուներին

Ես շատ շնորհակալ եմ բոլոր հայ երկրպագուներին, որոնք Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում գալիս էին մրցաշարին աջակցելու ինձ, ասել է աշխարհի երկրորդ համար Լեւոն Արոնյանը, որը Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի վերջին տուրում սպիտակներով պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ իսրայելցի Բորիս Գելֆանդը, որը սպիտակներով ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Լրացուցիչ ցուցանիշով Լեւոն Արոնյանը գերազանցում է Բորիս Գելֆանդին:

Արոնյանին կարող է երկրորդ տեղում թողենլ անգլիացի Մայքլ Ադամսը, եթե պարտության մատնի Վլադիմիր Կրամնիկին:

«Լավ նյարդային համակարգը չի խանգարի հաջող վերջնագծին: Լոնդոնում ես հանգիստ չէի, երբեմն ինձ խանգարում է դա: Պետք է մարզել նյարդային համակարգը, պարտությունից հետո լավատեսորեն տրամադրվել, դա միակ միջոցն է ծանր դրությունից դուրս գալու համար: Դեղատոմս չկա վճռական պարտիայում հաղթանակ տանելու համար: Տարիների աշխատանք է պետք վճռական պահին հաղթելու համար:

Ամեն օր մեզ չեն հրավիրում խաղալ այսպիսի հրաշալի մրցաշարերում: Հասկանում էի, որ Լոնդոնից հետո հոգնած եմ լինելու, բայց այսպիսի մրցաշարից հրաժարվելը դժվար է: Ես շատ եմ սիրում խաղալ Փարիզի եւ Սանկտ Պետերբուրգի նման գեղեցիկ քաղաքներում:

Շախմատը մարդուն տրամադրում է հարգել արվեստը, ստեղծագործական մոտեցում ունենալ ամեն ինչում: Ես շատ թանգարաններում եմ եղել, բայց տպավորված եմ Միխայլովյան պալատի հավաքածուներով, հատկապես, Այվազովսկու գլուխգործոցներով: Այստեղ կայացած պարտիաներն ունեն որոշակի արտիստական երանգ:

Ես շատ շնորհակալ եմ բոլոր հայ երկրպագուներին, որոնք Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում գալիս էին մրցաշարին՝ աջակցելու ինձ: Մեզ համար շատ կարեւոր է զգալ կապը հայրենիքի հետ: Շատ հաճելի է, որ հայերը գալիս են, աջակցում են, փորձում են օգնել: Դա ինձ համար մեծ աջակցություն է: Ես հույս ունեմ, որ իմ հաջողությունները, մեր հավաքականի հաջողությունները կօգնեն հայրենիքից հեռու գտնվող մեր հայրենակիցներին մերձենալ հայրենիքին եւ իրար եւ հաջողություններ ունենալ իրենց ասպարեզում»,- ասել է Լեւոն Արոնյանը եզրափակիչ մամուլի ասուլիսում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում