12:42  ,  25 ապրիլի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Մինո Ռայոլան իմ գործակալն է, եւ ես վստահում եմ նրան

Ես պայմանագիր եմ կնքել Մինո Ռայոլայի հետ: Հիմա իմ բոլոր գործերով զբաղվում է Ռայոլան, ում ես վստահում եմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջին օրերին եվրոպական մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Շախտյորի» ռմբարկուն համագործակցում է իտալացի հայտնի գործակալ Մինո Ռայոլայի հետ: 24-ամյա Մխիթարյանը մեկնաբանել է այդ լուրերը:

«Այո, Մինո Ռայոլան իմ գործակալն է: Մոտ 10 օր առաջ պայմանագիր եմ կնքել նրա հետ: Հիմա իմ բոլոր գործերով զբաղվում է Ռայոլան: Ես չեմ խորանում այն հարցերի մեջ, թե որ ակումբներն են հետաքրքրվում իմ ծառայություններով: Այդ ամենով զբաղվում է Մինոն, իսկ ես վստահում եմ նրան»,- զրույցում հայտնեց Մխիթարյանը:

Մինո Ռայոլան աշխատում է Եվրոպայի առաջատար ակումբների հետ: Նրա հետ համագործակցում են մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Զլատան Իբրահիմովիչն ու Մարիո Բալոտելին:

Հիշեցնենք, որ «Շախտյորը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով